Սեղմիր
ՕՏԱՐԱԳԻՐ

28.11.2022   4:36

Պերճ Զեյթունցյանի «Տիգրան Մեծը» դարձավ Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնի հեռավորարևելյան երկամսյա հյուրախաղերի «այցեքարտը»։ «Биробиджанская звезда» թերթն այդ առիթով գրում է. «Դերասան Օ. Կուխարևը ներկայացնում է բարդ, շատ կողմերով հակասական կերպար։ Իր հերոսի մեջ կողք-կողքի գոյակցում են իրոք՝ անհամատեղելի քնքշություն ու դաժանություն, մարդկային հավատարմություն ու քողարկված խարդավանք, դյուրահավատություն ու ճկուն խորամանկություն։ Ուժը երկրպագող արքա, որ հաճախ երեխայի պես անպաշտպան ու խոցելի է դառնում, իմաստուն պետական այր, որ սատարել է տարբեր ժողովուրդների բարգավաճմանը, սակայն այժմ տառապում է անվստահության ու կասկածանքների մեջ։ Միայն մեծ դերասանը, օժտված հոգեբանական ոչ միանշանակ դերեր ընկալելու կարողությամբ, կարող է իրագործել նման խնդիրը։ Օ.Կուխարևը այդպիսի դերասան է։ Սրա հետ միասին նա ունի նաև հզոր տեմպերամենտ, հոյակապ պլաստիկա, ակնթարթորեն վերամարմնավորվելու ունակություն»։

Տպագրում ենք Օլեգ Կուխարևի հեռակա զրույցը հայ հանդիսատեսի հետ, որ ինքը վերնագրեց այսպես.

Ես դարձել եմ գրքային մարդ և ամենից շատ սիրում եմ իմ Օբլոմովյան դիվանը։ Վաղուց արդեն ոչինչ չեմ ուզում և ոչնչի մասին չեմ երազում։ Ավելի ճիշտ՝ իմը երազել պրծել եմ։ Մի՞թե այրված հույսերի ծուխն ավելի թանկ չէ կարիերա անելու «տառականային» իրարանցումից

Իսկ ի՞նչ կբերեն թատերական նոր ռեֆորմը, նոր վճարակարգը կամ թատերախմբեր կազմավորելու նոր ուղիները՝ տնտեսավարման իրենց մանրամասներով։ Այդ ամենի մեջ սպառնալի՞քն է շատ, թե՞ խոստումը։ Ես էլ Տուրգենևի նման կարող եմ ասել՝ ամեն ինչ թող գնա այնպես, ինչպես գնալու է... Հանկարծ չմտածեք, թե հրաժարվում եմ երիտասարդական իմ իդեալներից, ուղղակի սովորել եմ սրբագրել դրանք։ Հո չե՞նք հավատալու մշակույթի ղեկավարների ներբողներին, ուր զարդի պես փակցվում են իրենը հոգացողությունն ու հոգատարությունը դերասանների հանդեպ։

Սովորաբար ես չեմ հանդգնում այսպես բաց և շիտակ խոսել կյանքի մասին, թատրոնի մասին, պարզապես ուժս չի պատի։ Երբ գայլաձուկը չկա, ձկները կամաց-կամաց կամազրկվում են, թառամում և սուս - փուս մեռնում։ Բայց հենց հայտնվում է սա, աշխուժանում է կյանքը, և ձկները կարողանում են գտնել իրենց սեփական գոյությունն ապահովելու ամենատարբեր եղանակներ։ Ես կուզենայի պայքարի ելնել գիշատիչի դեմ, բայց նա ավելի զորեղ է, ուրեմն անօգուտ է իմ պայքարը։ Եվ դիվանի վրա իմ կյանքը դառնում է կենսաձև՝ առանց որևէ երազանքի։

Այս անգամ մեր հյուրախաղերը Հեռավոր Արևելք երթուղին բռնեցին։ Եվ տևեցին երկու լրիվ ամիս։ Առաջին ամիսը Խաբարովսկում էինք, ապա 15-ական օր՝ Բիրոբիջան և Կոմսոմոլսկ–Ամուրի վրա քաղաքներում։ Եվ պիտի խոստովանել, որ «Տիգրան Մեծը» մեզ պարզերես արեց։ Անհարմար է ասել, բայց հենց այստեղ երևաց մեր ներկայացման առաջին թատերախոսականը։ Այս երկրամասում ևս թատերական դահլիճները բազմամարդ չէին, այստեղ ևս մարդիկ մտահոգված էին իրենց ապրուստով. անորոշ ապագայով։ Այստեղ ինձ ներշնչում էր քար կտրած դահլիճը, լռություն հայտնագործումից առաջ։ Ժողովուրդը կարծես կլանում էր ամեն բառ։ Եվ նրանց համար բացվում էր Հայաստանը։ Երեք քաղաքներում էլ մարդիկ մոտենում էին ու խոստովանում, որ ուրիշ աչքերով են նայել հայերին, զարմանում, թե ինչու հեռուստատեսությունը հակահայկական քաղաքականություն է վարում։ Կոմսոմոլսկ -Ամուրի վրա քաղաքի հանդիսատեսները խոստովանեցին, որ բերված խաղացանկում իրենց հետաքրքրեց հայկական պիեսը։ Փաստորեն հյուրախաղերից մենք վերադարձանք վնասով, քանի որ ներկայացում նայելու տրամադրություն իսկապես չկար։ Խաբարովսկից մնաց անմոռաց մի դրվագ. քաղաքային ստադիոնում թենիս էի խաղում և անակնկալ ծաղիկներ՝ երախտագիտության ծաղիկներ։

Երեսունութ տարեկան եմ։ Երբ Երևան եկա՝ երեսունհինգ էի։ Շտապեմ ասել, որ այստեղ ինձ լավ եմ զգում։ Ավելին՝ այս երեք տարիներիս ավելի շատ ուշադրություն, սեր և հարգանք տեսա, քան իմ անցած ամբողջ կյանքում։ Չէի ասի, թե անհաջողակ եմ եղել, բայց պիտի խոստովանեմ, որ ժամանակին չլսեցի մեկնաթռիչքի ազդանշանը և այդպես էլ չկարողացա հասնել իմ ճակատագրի ետևից։ Եվ ինչքան էլ Տիգրան Մեծը ձեռքբերում համարվի, ես այն ընկալում եմ շատ հանգիստ։

Դերասանական հաջողություն ասվածն էլ կարծես խանգարում է ինձ, որովհետև սկսում ես հավատալ ինքդ քեզ, ինչ-որ ակտիվություն ես դրսևորում և դեմ առ դեմ կանգնում գայլաձկան առաջ։ Սրա կյանքն ու ստեղծագործությունը չեն կարող ձուլվել, որովհետև այդ կյանքր հունցված է անմաքուր ձեռքերով ու խղճով։ Մարդը, որ հաճախ անբարոյական է, ստախոս ու խաբեբա, մեկ էլ տեսնես բեմում ջատագովում է ազնիվն ու բարոյականը։ Սա ինձ համար անընդունելի բան է։ Ես չեմ կարող աշխատել այն մարդու հետ, որի դիրքորոշումը չեմ հարգում։ Եվ ծնվում են բախումներ, այդպես հեռացա Կեմերովոյից։

Այո, թատրոնն սկսվում է հանդերձարանից։ Հանդիսատեսը գալիս է թատրոն, հանդերձարանում թողնում իր վերարկուն, իր ապրած կյանքը և անսքող ու անհանդերձ մտնում ուրիշ աշխարհ՝ հանդիսասրահ: Դրան հակառակ՝ դերասանն իր դերի հետ թատրոն է բերում իր ապրած ողջ կյանքը։ Այսինքն՝ մեր կյանքն ու ստեղծագործությունը իրար են միահյուսված։ Եվ բեմի վրա հառնում է յուրատեսակ մի կենսա - ստեղծագործություն։

Ալեքսանդր Գրիգորյանն ինձ համար հեղինակություն է՝ գրական նյութի իր ըմբռնումով տեխնիկական իր վարպետությամբ։ Սակայն երբեմն նրա աշխատաոճը թվում է գաղութատիրական, քանի որ փորձերին պարզապես ճնշում է։ Իր մեծ պատրաստականությամբ նա իրոք կարող է հեղեղել քեզ, իսկ դու՝ նեղ վզիկով սրվակի պես ի վիճակի չես տեղավորել այդ բոլորը։ «Տիգրանի» փորձերին նա այնքա՜ն բարձր ու վեհ էր ինձանից և այնպե՜ս բազմակողմանիորեն էր ուսումնասիրել բեմադրվող նյութը: Հիշում եմ, որ մոտենում էին հայեր և ցույց տալիս, թե ինչպես պետք է քայլի ու խոսի իրենց արքան։ Փառք աստծո, նման վարժանքի կարիքը չեղավ, մեր «Տիգրանը» ոճավորման անհրաժեշտություն չուներ։ Ի դեպ, հյուրախաղերին ինձ շարունակ հարցնում էին, թե իբրև ռուս մարդ ի՞նչ խոչընդոտներ հաղթահարեցի հայոց թագավորին կերպավորելիս։ Ես էլ բոլորին նույն պատասխանն էի տալիս. ոչ թե արյամբ, ոչ թե ազգային հատկանիշներով է որոշարկվում մարդու պատկանելությունը իր ազգին, այլ այդ ժողովրդի արժեքները դավանելով ու երկրպագելով։

Այս դերը ինձ վստահելու երաշխիքներից մեկն էլ այն օրերի իրադարձություններին, եթե կարելի է ասել, իմ ապրումակից լինելն էր։ Փետրվարյան զարթոնքի օրեր, հետո Սումգայիթ, հետո Բաքու... Անտեսելով դուբինկաների «փաղաքշանքը»՝ լուսանկարում էի տանկեր, վահանակավոր զինվորներին և ուղարկում Ռուսաստան։ Մատենադարանում ջանում էի թափանցել հայոց պատմության խորքերը։ Գրիգորյանը գիտեր, որ սովորում եմ հայերեն, համերգների մեկնում սահմանամերձ շրջանները, որպեսզի իմ աչքով տեսնեմ ու զգամ Հայաստանը։ Այսինքն՝ ես ակամա նախապատրաստում էի գալիք իմ դերը։ Ահա թե ինչու բուն աշխատանքն ընթացավ հեշտ ու բնական, մանավանդ որ թատերական հրապարակը կտրել - անցնելով էի փորձերի գալիս։ Բազմահազարանոց մարդկային զանգվածներին նայելն էլ բավական էր ուզածիդ պես լիցքավորվելու համար։ Եվ խտացան ուժ ու տեմպերամենտ, հույզ ու էներգիա։ Երբեմն փորձերին անզուսպ հորդում էր այդ կուտակվածը, և դժվար էր լինում շրջանակվել հայոց արքայի զուսպ իմաստնությամբ։

Տիգրան Մեծը իր պետության օրենսդրությունը հիմնել էր բարոյականության սկզբունքների վրա։ Ահա դրանցից մեկը՝ ոչ մի պարագայում չմատնել դաշնակցին։ Եվ չդավաճանելով ինքն իրեն՝ մահվան դատապարտեց իր դավադիր որդիներին։

Պատմությունը նրան շնորհել է մեծ մականունը։ Կարծում եմ, որ հայ ժողովրդի ապագան այսօր պիտի տեսնել իր անցյալի մեջ։ Սա մեծ ժողովրդին վայել ապագա է, միայն թե դրան հասնելու համար հաճախ պիտի ետ նայել։ Գուցե ասածիս մեջ խրատական տո՞ն կա։ Բայց եթե այսօր Տիգրան Մեծի անունը կրող կոոպերատորներն իմանային նրա դավանած սկզբունքները, երևի կվերանայեին իրենց վարքագիծը։ Դժվար է տրվում նման բարոյականությունը։

Ինձ շատ դուր է գալիս երիտասարդ բեմանկարիչ Կարեն Գևորգյանի, զարմանալի նուրբ ու զգայուն մարդ, ձևավորման «քչախոսությունը»։ Կենտրոնում դրված հոծ զանգվածը անընդհատ շարժման մեջ է, իր իջնող կամ բարձրացող լծակները աննկատ շնչավորում են բեմատարածքը։ Եվ լավ է, որ բեմական քայլքդ սահուն չէ, ինչպես սալահատակ մայթերի վրա և բեմավիճակներն էլ անընդհատ ծռմռված են, կեռումեռ։ Քանի՜ անգամ եմ գլխիվայր շրջվում, թռնում - վեր կենում։ Բեմի ետնավարագույրը յուրովի վերստեղծում է Արարատի վեհության պատրանքը։ Ւ դեպ, ինձ բախտ վիճակվեց Արարատը տեսնել շատ մոտիկից, բայց ավա՜ղ սահմանապահ փշալարերի միջով։

«Տիգրան Մեծը» չի երաշխավորում հանգստավետ հոգեվիճակ, նյարդային թեթևակի թրթռումներ և երջանիկ ավարտ։ Կրքերի լարումն այստեղ շեքսպիրյան է, և գործողության միավորն էլ ոչ թե ճամարտակությունն է, այլ բառը։ Շնորհակալ եմ ճակատագրից նման նյութ հրամցնելու համար և կարծում եմ մեր ներկայացումը չի աղավաղում այն։ Դերասանի կենտրոնացումը մեծանում է, որովհետև ամեն բառ ասես նյութեղեն կերպարանք ունի, չի ցրվում այս ու այն կողմ։ Սա է պիեսի մեծ առավելությունը, որ ընդգծվում է նաև բեմադրությամբ։ Բեմադրողին գովաբանելու համար չեմ ասում, բայց այստեղ իրոք ամեն լավ բան պետք է գրանցել նրա հաշվին։ Ւսկ ես պոկվելով իմ հոգնած դիվանից, այնպիսի անձկությամբ եմ մխրճվում ներկայացման մեջ, որ ամեն փորձից հետո, առանց չափազանցության՝ քաշիցս երկու կիլոգրամ կորցնում եմ։ Ահռելի լարվածությունս գալիս է հեղինակային ամեն բառը կարևորելուց։ Էլ չասած, որ ամեն փորձից հետո Ալեքսանդր Գրիգորյանը ինչպիսի հանգիստ ու խաղաղ տոնով է հիշեցնում կուլ տված կամ մոռացված բառերը։ Այստեղ իրոք գործողության միավորը բառն է։ Եվ չզարմացա, երբ փորձին Պերճ Զեյթունցյանը ռեժիսորի հետ բառ առ բառ վերականգնում էր հայոց արքայի երդումի տեսարանը։ Թող ընթերցողն էլ լսի.

«Ես երդվում եմ իմ երեք արու զավակներով, որ ծնվելու են դեռ ու կոչվելու են Զարեհ, Տիգրան ու Արտավազդ։ Երդվում եմ մեկ առ մեկ քո բոլոր զավակների անուններով, իմ ժողովուրդ։ Այս դաշտը, որը հայրենի մյուս դաշտերի նման խաբված ձգվում է, ձգվում, սակայն չի հսանում մինչև հորիզոն՝ բախվում է սարերին ու կոտրվում, այսուհետև կլինի անծայրածիր, և քեզ հետ հաշվի կնստեն։ Ու ես քեզ հզորների ընտանիքի անդամը կդարձնեմ։ Որովհետև ուժ եմ ընծա բերել քեզ...»։

Նոր թատերաշրջանը բացեցինք «Տիգրան Մեծով», բայց դահլիճում հազիվ մի քանի տասնյակ մարդ կար։ Այսօր թատերասրահներում գնալով պակասում է հանդիսատեսը։ Եվ ամեն տեղ։ Մոսկվայում հանգիստ կարող ես գնել աղմուկ հանած ներկայացումների տոմսակներ։ Սա ուրախալի փաստ կարելի է համարել, եթե հանդիսատեսը ուզենա տարբերակել, ծանրութեթև անել տեսանելիքը։ Թատրոնն իրոք ընտրյալների համար է։ Միայն թե նրանք շատ են քաղաքավարի։ Այ եթե իրավունք լիներ հոտած ձու կամ լոլիկ նետել և կամ սուլոցով խանգարել վատ խաղացողին, երևի թե թատերական հանդիսանքն այսօր ուրիշ մակարդակ կունենար։ Օր-օրի պակասում է դերասանների պատասխանատվությունը, հիմա ո՞ր ռեժիսորն է կարողանում դերասանի առաջ իր «Չեմ հավատում»-ը մտրակի պես շրխկացնել։ Ոնց էլ խաղաս՝ պատասխանատվության չեն կանչի, ոչ էլ դրա պատճառով նյութական վնասի առաջ կկանգնես։

Վաղուց գիտեմ, որ իմ տանը ոչ սա պիտի ունենամ, ոչ էլ մյուսը։ Եվ ոչինչ, որ չկարողացա որդուս հարսանիքին մեկնել՝ հազիվ կնոջս ուղարկեցի։ Սակայն նման բաները թերարժեքության հոգեվիճակ են ստեղծում, որը կամա թե ակամա պիտի մտնի բեմ և փոխանցվի իմ ազնվաբարո արքային։ Ուրեմն պիտի ձգտեմ ինքս ինձ ազատել նման հոգսերից, և պարանների օգնությամբ ամրացնելով հնամաշ, բայց հավատարիմ դիվանս՝ գնում եմ Տիգրան Մեծ ներկայացնելու։

Ես սովորել եմ աշխատել անընդհատ ու տքնաջան։ Ուր էլ գնացել եմ առավոտը փորձերի եմ եղել, երեկոյան՝ ներկայացման։ Էլ չասեմ ստեղծագործական հանդիպումների, ասմունքի երեկոների մասին։ Երևանում դերացանկս դեռևս մի հնգյակի էլ չի հասնում։ Ինքս ինձ կոչում եմ պրոֆեսիոնալ անբան և կարծում եմ, որ ամիսը երեք - չորս անգամ բեմ բարձրանալով իրավունք չունեմ նույնիսկ այս չնչին աշխատավարձը ստանալ։ Ահա զուտ առողջարանային իմ ռեժիմը. հեծանիվով իջնում եմ Հրազդանի կիրճը, քարեր շուռ ու մուռ տալիս, մարզում մարմինս, խաղում մեծ թենիս։ Հետո օբլոմովյան դիվանիս վրա շարունակում խորասուզվել սեփական հոգուս խորքերը, ավելի ու ավելի լավ ճանաչելով ինքս ինձ և կամ գրքերի աշխարհը:

Վերջերս Ալմա Աթայից կոոպերատիվ մի թատրոն հրավեր ուղարկեց՝ 400 ռուբլի աշխատավարձ և աշնանը գայթակղիչ հյուրախաղեր Ամերիկայում։ Իմ աշխատավարձը հիմա 180 է դարձել, 10 ռուբլին հավելվեց վերջերս, բայց դրա փոխարեն ես ունեմ իսկական մի գայթակղություն. Ալեքսանդր Գրիգորյանը մտադիր է Շեքսպիր բեմադրել, թող տանիքս կաթի, թող անկողինս հատակին փռվի, միայն թե լինի շեքսպիրյան դերի վրա աշխատելու երջանկությունը։ Գրիգորյանից դեռ այնքա՜ն բան ունեմ վերցնելու։ Ւսկ դերասան Իվան Գրիկուրովը պարզապես հոգևոր նեցուկ է դարձել։ Փորձերի ընդմիջումներին թեյը միշտ կա, որ փափկացնի պապակված ձայնալարերս։ Հետո մեկ-երկու ժամ զրուցում ենք, ամեն ինչ ծանրութեթև անում, հանգստանում։ Ասում են Ռիխտերը իր աշակերտներին երբևէ դիտողություն չի անում, նստում է նրանց կողքին և իր ներկայությունը էներգետիկ դաշտի պես ներգործում է նրանց վրա։ Գրիկուրովն էլ նման ներգործություն ունի ինձ վրա։ Իր տրամադրությունից ես կարող եմ հասկանալ լավ թե վատ անցավ փորձը կամ ներկայացումը։ Նա ամեն ինչ կնկատի՝ հավանություն կտա կամ կառաջարկի հրաժարվել։ Նրա վերլուծումներն օգնում են ինձ կողմնորոշվել։

Ես Իժևսկից եմ։ Արդյունաբերական մեր քաղաքը ազգային կոլորիտ չունի, իր տեսարժան վայրերը փոքրիկ բանջարանոցներն են ու ամառանոցային տները։ Ինչպես ասում են՝ արժե՞ր արդյոք պալատների դեմ այդպիսի վայրագ կռիվ մղել, եթե հետո պիտի կառուցվեին նման հյուղակներ։ Եվ այդպես էլ չկապվեցի ծննդավայրիս հետ, ինձ ձգում է միայն մորս գերեզմանը։ Ասեմ նաև, որ ընտանեկան դաստիարակությունս հիմնված չէր սիրո վրա։ Վեց երեխա և կերակրել-հագցնելու անհագուրդ հոգս։ Ես հինգերորդն էի և մեծացա ինձանից ավագների մաշած հագուստները մինչև վերջ մաշելով։ Դեռ տասնութս չբոլորած փախա ծննդավայրիցս, որպեսզի ոչ ոք չարգելեր ինձ դառնալ դերասան։ Եվ «իմ համալսարանները»՝ քիչ ուսում առած, նրբագեղ ոճեր չսերտած, անհայտ ծագումով դերասանիս բերեցին Հայաստան։ Եվ Ալեքսանդր Գրիգորյանը դարձավ իմ ուսուցիչը:

Այստեղ իմ «առաջնեկը» Մեֆիստոֆելն էր՝ «Կուրչատով» ներկայացման մեջ։ Կուլիսներում եմ։ Գրիգորյանը երևի զգաց, որ լարված եմ՝ նոր քաղաք, նոր խաղընկերներ, նոր ինտերյեր և այլն։ Եվ որպեսզի օգնի, մոտեցավ ինձ, բռնեց ձեռքերս ու սկսեց համբուրել։ Ռեժիսորը համբուրում է դերասանի ձեռքերը, կարծես անբառ հորդորում՝ հանգստացիր, սիրելիս, ես քեզ հետ եմ։ Հենց բեմ մտնելու պահն է գալիս, ինքը վազում է դահլիճ, որ դիտի խաղս, հետո նորից ետ է գալիս կուլիսներ, ապա դարձյալ մտնում դահլիճ և այդպես մինչև ներկայացման ավարտը իմ կողքին էր, ինձ հետ... Ի՞նչ ասեմ։ Նման բան ոչ տեսել եմ, ոչ լսել։ Եթե դերասաններն իմանան, որ այսօր հնարավոր է ռեժիսորի ու դերասանի նման փոխհարաբերություն, նման մարդկային վերաբերմունք՝ ուղղակի ուխտագնացություն կսկսվի դեպի մեր թատրոն...

Շատ կուզենայի Մոսսովետի թատրոնում տեսնել «Կալիգուլան», հատկապես Օլեգ Մենշիկովի խաղը։ Մոսկվա գնալն անհրաժշտ է, թե չէ կճահճանաս։ Դերասանը պիտի սնվի կենդանի զգացողություններով և ոչ թե թատերական ամսագրերում տպագրված ուրիշի մտքերով ու տեսակետներով։ Իհարկե, կարելի է իրականացնել Մոսկվա գնալու երազանքը, բայց ինչքա՞ն ժամանակում կկարողանամ վճարել պարտքերս։ Այստեղ էլ ահա փակվում է ամեն ինչ։ Մնում է միայն հաշտվել ճակատագրի հետ։

ՕԼԵԳ Կուխարև

Նյութի աղբյուրը՝ «Արվեստ», N4, 1991 թ.

201 հոգի