Սեղմիր
ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԱՆԿՅՈւՆ

27.11.2022  4:38

Կոմիտաս և Շեքսպիր, հայ մեծ երաժշտագետի օրավուր լրացվող ստեղծագործական ժառանգության մեջ և ընդհանրապես նրա կենսագրության մեջ անունների այսպիսի համակցություն դեռևս չի հանդիպել։ Մինչդեռ, ո՜րքան հետաքրքրական պետք է լիներ իմանալ ի՞նչպես է Կոմիտասը վերաբերել բոլոր ժամանակների ամենամեծ դրամատուրգին, ստեղծագործական ի՞նչ առնչություն է ունեցել նրա հետ։

Այսպիսի հարցերի կարևորությունը ինչքան էլ հասկանալի է ինքնին, դրանց պատասխանելը, սակայն, դժվար է եղել, որովհետև Կոմիտասի թղթերի ցրվածության պայմաններում համապատասխան տվյալներ չկային։

Ենթադրության ճանապարհով գնալով կարելի էր վկայակոչել Կոմիտասի հոգեհարազատությունը իր երկու նշանավոր արվեստակիցների՝ Սիրանույշի և Հովհաննես Աբելյանի հետ[1], որոնք միաժամանակ հայ բեմի նշանավոր շեքսպիրականներ են, և ասել, որ Կոմիտասը չէր կարող տեսած կամ լսած ու գնահատած չլիներ նրանց շեքսպիրյան դերակատարումները, նրանց հետ զրուցած և բաժանած չլիներ Շեքսպիրի նկատմամբ ոգևորությունը։

Կարելի է նաև մեջ բերել հայ բեմի նշանավոր շեքսպիրականներից մեկ ուրիշի՝ Միքայել Մանվելյանի թեև հրապարակված, բայց սակավ հայտնի մի փոքրիկ հուշը դեռևս պատանի Կոմիտասի մասին.

«Լսարաններում չորս-հինգ սարկավագ էին ուսանում, բոլորն էլ մռայլ, դժգոհ, կարծես ամաչում էին իրենց երիտասարդ լինելուց և աշխատում էին երիտասարդի չնմանվել, չծիծաղել, չմասնակցել խաղերին, էն ինչ-որ «լրջություն էին խաղում» ու դժվար էր իմանալ՝ իրենցի՞ց էին դժգոհ, որ սարկավագ էին, թե ուրիշներից։ Բայց դրանցից մեկը՝ փոքրիկ, ցանցառ մորուքով, նիհար, ժպտում, բոլորովին նման չէր իր ընկեր սարկավագներին։ Դա Սողոմոն սարկավագն էր՝ Կոմիտասը, ապագայի նշանավոր երաժշտագետը։ Ես զարմանում էի, թե ինչու է նա սարկավագ դարձել և ինչպես է այդպիսի ցանցառ մորուքով վարդապետ դառնալու։

Ես նրան ճանաչեցի մեր Վաղարշապատ գալու երկրորդ տարին (խոսքը1888—1889 թվականների մասին է-Ռ. Ա.)։ Թեև մյուս սարկավագներին չգիտեմ ինչու չէի սիրում, երևի նրանց այնպես մռայլ և անժպիտ լինելու համար, բայց այդ սարկավագին սիրում էի, նա ա՜յնքան համակրելի ժպտում էր և այնքա՜ն բարձրաձայն վիճում գրականությամբ տարվածների հետ, որ ինձ դուր էր գալիս։ Նրանց հետ էի գրեթե բոլոր ազատ ժամերս։ Խոսում էինք, վիճում։ Գրականությունը մեր խոսակցության ամենասիրելի թեման էր։ Իրար պատմում էինք նոր կարդացած գրքերի մասին։ Ես նրանցից ետ չմնալու համար աշխատում էի ամեն օր մի նոր գրողի անուն տանել հետս։ Շեքսպիրը, Բայրոնը, Պուշկինը, Լերմոնտովը մեր պաշտամունքի առարկաներն էին»[2]։

Ուրեմն՝ պատանեկան իսկ տարիներից։ Իսկ հետագայում այդ պաշտամունքը, պետք է կարծել, որ կարող էր միայն աճել, բայց ոչ նվազել։ Այսպիսի պայմաններում մենք առանձին կարևորություն ենք տալիս ստորև հրապարակվող նոր գտնված շեքսպիրյան էջին, թեկուզև մի փոքր էջ միայն։ Հրապարակվող էջը գտանք երաժշտագետ Հակոբ Հովհաննիսյանի ձեռագրային ֆոնդում, որ պահվում է ՀՍՍՀ Կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանում[3]։ Գրված է թույլ մատիտով, Կոմիտասի ձեռքով, հայկական ձայնագրությամբ, դժգունած թերթի երկու երեսներին։ Երկրորդ երեսին Հ. Հովհաննիսյանը մակագրել է՝ «Կոմիտասի սեփական ձեռագիրն է այս գիրը»։ Գրվածը երգ է, անվերնագիր, խոսքերը՝ լրիվ, հեղինակի անուն չի նշված, տեմպի ցուցիչները և մետրի նշումը փոքր-ինչ թերի են։ Թանգարանի նույն ֆոնդում կա նաև այդ երգի Հ. Հովհաննիսյանի ձեռքով արված փոխադրությունը եվրոպական նոտագրության[4], տոնայնությունը փոխված (հարմարեցված սոպրանո կամ տենոր երգչի ձայնադիրքի, մինչդեռ բնագիրը հարմարում է կոնտրալտո կամ բարիտոն ձայնի), դարձյալ իր ձեռքով մակագրված՝ «Շիլլերի «Ավազակներ» պիեսի համար հորինել է Կոմիտասը»։

Վերը բերված է կոմիտասյան բնագիրը և մեր փոխադրությունը եվրոպական նոտագրության, բնագրի տոնայնության մեջ, տեմպի հայերեն ցուցիչները լրացված և նրանց զուգահեռ իտալական նշումներ դրված, մետրի նշումը ևս լրացված։

Որ ձայնագրված հատվածը ոչ մի կապ չունի Շիլլերի «Ավազակների» հետ, պարզ է։ Որ հատվածն իսկապես Կոմիտասի հորինած երաժշտությունն է՝ դա ևս անվիճելիորեն ապացուցվում է, և ոչ միայն ինքնագրի հանգամանքով, այլև երաժշտության մեջ կոմիտասյան (ոչ ժողովրդական) մեղեդիական ոճի առատ տարրերի առկայությամբ[5]։

Հատվածը Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսի 3-րդ արարվածի Բ տեսարանից է, այն տեսարանից, ուր Բասանիոն երեք տուփերից մեկն ընտրելու և սիրո մեջ իր բախտը փորձելու նպատակով զննում է տուփերը։ Այս տեսարանում պիեսի հեղինակը նախատեսել է երաժշտություն և երգ։ Կոմիտասի բնագրում հայերեն խոսքերը վերցված են Հ. Մասեհյանի թարգմանությունից[6]։

Ւնչպես հայտնի է, «Վենետիկի վաճառականի» մեծահարուստ բովանդակության մեջ բազմաթիվ թեմաների կողքին տեղ է հատկացված նաև սիրո թեմային։ Խոսելով «Վենետիկի վաճառականի» մասին, սովետական նշանավոր շեքսպիրագետ Ա. Սմիրնովը նրանում տեղ գտած սիրո պատկերումը կապում է Վերածնության դարաշրջանին այնքան բնորոշ եղած բարեկամության, ընկերության պաշտամունքի հետ և այդ սերը բնութագրում է որպես ոչ այնքան կիրք, որքան հակում, որի նպատակը հաճույքն է և բախտավոր, համերաշխ կյանքը[7]։ Այսպիսի բնութագրության իրավացիությունը հաստատող հիմքերից մեկն էլ երեք տուփերի վերը հիշված արարողությունն է, ավելի ճիշտ՝ այդ արարողության յուրատեսակ միամտությունը, նրա ոչ այնքան լուրջ բնույթը. մինչդեռ հենց այդ արարողության միջոցով պիեսում լուծվում է գլխավոր զույգի Պորցիայի և Բասանիոյի սիրային խնդիրը։

Բնորոշ է, որ պիեսի հեղինակն ինքը, Պորիցայի խոսքերում, կարծես կանխանշել է հանձնարարվող երաժշտության բնույթը՝

Թող հնչե անուշ նվագածություն՝

Երբ նա ընտրում է. որ, եթե վրիպի՝

Կարապի նման վախճան ունենա

Եվ հոգին փչե երաժշտությամբ

…………..Իսկ եթե շահե՝

Երաժշտությունն հայնժամ այն փողն է

Որ հնչում է բարձր՝ երբ հավատարիմ

Հպատակները զլուխ են թեքում

Մի նորապսակ արքայի առաջ։

Դա բոլորովին նման կլինի

Այն քաղցրահնչուն նվագածության,

Որ սողոսկում է արևածագին

Դեպի երազուն փեսայի ունկերն,

Կանչելով նրան դեպի սուրբ պսակ։

Հասկանալի է, որ այսպիսի երաժշտությունը ավելի սազական կլիներ արտահայտելու հակումն ու հաճույքը, քան թե սերն ու, ասենք, սիրո տանջանքը։ Այդպիսի երաժշտությունը պարզապես ուրախ այն տեսարանին մի առանձին գունեղություն կհաղորդի[8]։

Սակայն, նվագածությունից բացի, ինչպես ասացինք, հեղինակն այստեղ զետեղել է նաև երգ։ Այդ երգի խոսքերը կարծես նպատակ ունեն (լոկ կատակով միայն) փորձելու Բասանիոյի զգացմունքի իսկությունը, նրա մտադրության լրջությունը։ Դրանք կարծես ասում են՝ «քանի որ սերը ո՛չ ուղեղից, ո՛չ էլ սրտից է, այլ աչքի մեջ է միայն ծնվում, հայացքներով սնվում ու տեղնուտեղը մահանում է, և ահավասիկ, սիրո թաղման զանգն էլ հնչում է արդեն, արժե՞ ուրեմն տանջվե՜լ, մտահոգվե՜լ, ընտրե՜լ..., ի՞նչ կպատասխանես սրան քո արարքով, Բասա՛նիո»[9]։

Կոմիտասի ստեղծագործությունը հենց այս երգն է ներկայացնում։ Ձեռագրում այն շարադրված է միաձայն, առանց նվագակցության, երաժշտական մենախոսության ձևով։ Այդ փոքրածավալ երգ-մենախոսության մեջ, խոսքերին համապատասխան կարելի է նկատել երեք տարբեր տրամադրությունների հաջորդում՝ սկզբի «լայն» դանդաղահոս հատվածն առաջ է բերում մտահոգող լրջություն, միջին «շտապ» մասում մեղեդին անհանգիստ սկսվելով կարծես փութկոտությամբ հաստատում է սիրո «ոչնչությունը», ընդգծում նրա անվերապահորեն շուտափույթ մեռնելը (այս բառն արտահայտող հնչյունները Կոմիտասը հատկապես շեշտել է) և վերջին՝ «հորդոր» մասը փոքր-ինչ ծաղրական տրամադրություն է դրսևորում, որն իր հերթին ընդգծվում է զանգերի ղողանջի միալար (назойливо) նմանակումով։ Ընդհանուր առմամբ երգը կուռ կառուցվածք ունի, ամբողջական է և, չնայած իր փոքր ծավալին՝ արտահայտիչ է։ Այն ներկայացնում է ստեղծագործական տվյալ խնդրի (թեկուզև փոքր խնդրի) մի ինքնատիպ լուծում՝ պիեսի բովանդակության հետ սերտորեն կապված (այլ դեպքերում այդ երգը գրելիս կոմպոզիտորները, ծեծված ճանապարհով գնալով, նախընտրել են սովորական սիրային սերենադի բնույթը)։

Դժբախտաբար, դեռևս չի հաջողվել պարզել՝ այդ պիեսի համար Կոմիտասի գրածը այս երգն է միայն, թե՞ այլ հատվածներ էլ են գրվել, երգի համար նախատեսված եղե՞լ է նվագակցություն, թե ոչ (Կոմիտասի մեղեդին հարուստ, գունագեղ ու արտահայտիչ ներդաշնակման հնարավորություններ է պարունակում)։ Ավելին, չի հաջողվել պարզել՝ ի՞նչ բեմադրության համար է ստեղծվել երգը, կամ, ընդհանրապես, կատարվա՞ծ է այն թե ոչ։ Կողմնակի տվյալներից դատելով, երգը գրված է Էջմիածնում (ո՛չ Պոլսում), ժամանակահատվածը՝ 1901-1908, ավելի հավանականությամբ՝ սկզբնական տարիները. Գևորգյան ճեմարանի դասատուների և ուսանողների ուժերո՞վ է ներկայացվել «Վենետիկի վաճառականը», ինչպես ներկայացվել են, օրինակ, Հ. Պարոնյանի «Քաղաքավարության վնասների» մեկ կամ երկու պատկերը (կամ գուցե ծրագրվել է, բայց չի խաղացվել) և, այդ դեպքում, երգի ցած դիրքը և նեղ ձայնածավալը կապված չե՞ն, արդյոք, ճեմարանի ուսանողների վոկալ հնարավորությունների հետ։

Բոլոր դեպքերում այս երգ-մենախոսությունը թե՛ Կոմիտասի ստեղծագործական կենսագրության տեսակետից, թե՛ նրա գեղագիտական նախասիրությունների բազմակողմանիությունը և ժամանակի հայ երաժշտական միջավայրում Շեքսպիրի նկատմամբ երևան եկած հետաքրրքրությունը հաստատելու տեսակետից մի կարևոր ու արժեքավոր փաստ է։

Ծանոթագրություններ

[1] Նկատի ունենք Սիրանույշի արվեստին Կոմիտասի տված բարձր և դիպուկ գնահատականը՝ բազմիցս տպագրված նրա հայտնի նամակում (տե՛ս, օրինակ, Ռուբեն Զարյան, Սիրանույշ, Երևան, 1957, էջ 104-106) և Հ. Աբելյանի հետ նրա մտերմությունը (տե՛ս «Սովետական արվեստ», 1969, N 10)։

[2] Միքայել Մանվելյան, Թերթիկներ իմ կյանքից, Երևան, 1950, էջ 87-88։

[3] Գրականության և արվեստի թանգարան, ձեռ. N 387։

[4] Նույն տեղում, ձեռ. N 419։

[5] Մեղեդիական այդպիսի ոճը, կոնկրետ՝ ռիթմա-ինտոնացիոն այդպիսի համակարգը բնորոշ է, օրինակ, Հովհ. Հովհաննիսյանի ոտանավորով Կոմիտասի գրած «Գարուն» խմբերգին (1902), «Պանծա դու հայ միություն» (1912) և նրա մի շարք այլ գործերին։ Տե՛ս երկերի ժողովածուի 2-րդ և 4-րդ հատորները։

[6] Շեքսպիր, Վենետիկի վաճառականը, Թիֆլիս, 1897, էջ 71։

[7] Уильям Шекспир, Полное собрание в восьми томах, т. 3, М., 1958, стр. 537.

[8] Հիշեցնենք, որ առատ երաժշտություն նախատեսված է նաև հինգերորդ արարվածում, պիեսի այդ խիստ բանաստեղծական ու յուրատեսակ «երաժշտական ֆինալում», ուր բուն բովանդակության մեջ էլ հեղինակը, Լորենցոյի խոսքերով, ընդհանրապես երաժշտությունն արժեքավորող գեղեցիկ մտքեր է հայտնում, ինչպես, օրինակ՝

Ով իր մեջ չունի երաժշտություն,

Կամ չէ զգացվում անուշ ձայների

Համախմբումից՝ նա ընդունակ է

Դավի, նենգության, հափշտակության.

Նրա հոգեկան հուզմունքը մութ է

Գիշերվա նման, իղձերը՝ մռայլ

Որպես Էրերոս․․․

Հինգերորդ արարվածը հաստատում է ընդհանրապես պիեսում երաժշտությանը տրված տեղի կարևորությունը։

[9] Երգի խոսքերն այսպես մեկնաբանելով, նկատի ունենք Հ Մասեհյանի թարգմանությունը, ինչպես և Տ. Շչեպկինա- Կուպերնիկի և Ի Մանդելշտամի ռուսերեն թարգմանությունները։

«Վենետիկի վաճառականի» անգլերեն հրատարակություններից մեկում նույն երգի կապակցությամբ կա պիեսը խմբագրող Հենրի Հուդսոնի հետևյալ ծանոթագրությունը «Այս երգը մտածված է շատ հմտորեն և իր մեջ պարունակում է մի հանելուկ, որը կարծես հուշում կամ գոնե մշուշապատ ակնարկում է տուփը ընտրելու ճիշտ ճանապարհը։ Այդ հանելուկը հասկանալի կլինի այն մարդուն, ով իր սիրտը ամբողջությամբ նվիրել է իր հետապնդած էակին։ Fancy խոսքը, ինչպես այստեղ է գործածված, ըստ երևույթին նշանակում է ուղեղի այն խաբուսիկ կարողությունը, որը մոլորության մեջ է գցել Պորցիայի մյուս երկրպագուներին, և որի մասին Պորցիան ակնարկում է ասելով՝

Օ՜հ, տրամաբանող այս տխմարները

Երբ որ ընտրում են՝ այնքան խելք ունին,

Որ սխալվում են հենց իրենց խելքով։

Այսպիսով, երևակայությանը աչքում ծնվելով, հայացքներով սնվելով, մահանում է իսկույն ևեթ, երբ բացված է սխալ տուփը։ Ըստ երևույթին, հանելուկը որոշակի ազդեցություն է գործում Բասանիոյի վրա և նրան ուղղում է ճիշտ ճանապարհի՝ ստիպելով չհավատալ ոսկե և արծաթյա տուփերի արտաքին փայլին»։ (The Merchant of Venice, Edlled with Notes by Henry Hudson. London).

Ինչպես տեսնում ենք, Հենրի Հուդսոնը ելնում է Fancy խոսքի երևակայություն իմաստից, և երգի նրա մեկնաբանությունը յուրովի համոզիչ է։ Ի դեպ, Fancy բառի բազմաթիվ նշանակություններում սեր իմաստը չկա (ևս առավել՝ չկա տարփանք իմաստը, ինչպես թարգմանված է Fancy բառը պիեսի հայերեն նոր հրատարակության մեջ, Շեքսպիր, Ընտիր երկեր, երեք հատորով, հատ. 1, Երևան, 1951, էջ 539), բայց կա հակում նշանակությունը, որ կողմնակիորեն խոսում է Ա. Սմիրնովի վերը բերված տեսակետի օգտին։ Այս խոսքի տարբեր մեկնաբանությունները, սակայն, ուղղակի առնչություն չունեն Կոմիտասի երգի հետ, որը գրված է նրա ձեռքի տակ եղած հայերեն որոշակի տեքստի հիման վրա։

Նյութի աղբյուրը՝ Շեքսպիրական, Պրակ 

ՌՈԲԵՐՏ Աթայան

501 հոգի