Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ԴԻՄԱԿ

Լատ. - mascus - երեսակալ,

ֆրանս. - masque,

անգլ.  - mask

իտ. - maschera

գերմ. - maske, maskenball - զվարճանք, որին մասնակիցները դիմակներով են ներկայանում

իսպ. - mascarilla

ռուս. – маска

արաբ. - demak, mascara-մասխարա

հայ. – կերպարանք, դիմակ

Որևէ պատկերով (մարդու դեմք, կենդանու մռութ, դիցաբանական էակի գլուխ) փայտից, գիպսից, խավաքարտից կամ այլ նյութերից պատրաստված մարդու դեմքին դրվող հատուկ հարմարանք։ Դիմակ կրում են թաքնված լինելով կողմնակի հայացքներից ուրիշներին դիտելու հնարավորություն ունենալու համար, բացի այդ դիմակը  ազատություն է տալիս մարդկային իրական հատկություններին և զգացմունքներին, վերացնում՝ դասակարգային և սեռական արգելքները:

Դիմակները գործածվում են մարդկության պատմության դեռևս անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը, սակայն պարբերաբար փոփոխվել են դրանց չափերը, տեսքը և գործառույթները, ըստ ժամանակաշրջանի, տարածաշրջանի և գործածության ոլորտի: Հնագույն ժամանակներում եղել է ծիսակատարությունների կարևոր բաղադրիչ, ծիսադիմակներ կրել են պաշտամունքային և մոգական պարերի մասնակիցները: Հին մարդիկ հավատում էին, որ դիմակ հագնողը ստանում է այն արարածի հատկանիշները, որոնք պատկերում է դիմակը:  Այդ դիմակները եղել են կենդանու պատկերով,  ունեցել են մեծ չափեր և սարսափազդու տեսք, որպեսզի հեռվից տեսանելի լինեն և վախ ներշնչեն հակառակորդներին ցեղերին, կամ որսի ժամանակ վայրի կենդանիներին, և վանեն չար հոգիներին: Կենդանական դիմակների հետագա զարգացումը հանգեցրեց թատերական դիմակի ստեղծմանը, որը անորոշ կերպով նմանվում էր մարդու դեմքին՝ մազերով, մորուքով և բեղերով, այսինքն այսպես կոչված անտրոպոզոոմորֆիկ դիմակին, իսկ հետո զուտ մարդկային արտաքինով դիմակի։

Մարդուն թաղելիս մահացածի դեմքին ևս դրվել է դիմակ։ Սրանցից ամենից տարածվածները հին եգիպտական դիմակներն են, որոնք հագցրել են դիակների գլխին մումիֆիկացումից հետո (օրինակ՝ Թութանհամոնի դիմակը): Հին եգիպտացիները հավատում էին, որ դիմակը ուժեղացնում է հոգին և պաշտպանում այն մեռյալների աշխարհի ճանապարհին հանդիպող չար հոգիներից։  Հայտնաբերվել են փայտից, կավից, ոսկուց և այլ նյութերից պատրաստված բազմաթիվ դիմակներ, Եգիպտոսի, Կարթագենի, Նինվեի, Մեքսիկայի, Իրանի և ուրիշ երկրների հին դամբարաններում ինպես նաև գերեզմանոցներում։ Այդ դիմակները մեծ մասամբ անհատական են և դիմապատկերային։ Հետագայում լայնորեն կիրառվել են նաև մահադիմակներ (հետմահու դիմակ - մահացած անձանց դեմքի մոմե կամ գիպսե կրկնօրինակը, այն պատրաստվում է հենց մահացածի դեմքի վրա, որը սակայն չի թաղվում մահացածի հետ):

Դիմակի գործածման ամենալայն  ոլորտը  թատերական ասպարեզն է: Թատերական դիմակը  դերասանի  դեմքը թաքցնող, աչքերի համար կտրվածքներով ծածկույթ է,  որը հնում  դերի բնութագիրը հանդիսատեսին փոխանցելու ամենահարմար միջոցն էր։ Այն հանդիսանում է տարբեր ժողովուրդների ավանդական թատրոնի տարրը, ինչպես նաև ժողովրդական ներկայացումների այն կերպարը, որը տալիս է մարդկային բնավորության որևէ հատկանիշի սահմանումը (օրինակ՝ իտալական  Կոմեդի դել Արտեի, կամ ճապոնական Նո թատրոնի դիմակները):  Թատրոնում դիմակը օգտագործվում է նաև  վերացական կերպարներ ստեղծելու համար (տարերքների իմիտացիա, տրանսուբստանցիոնալության նկատմամբ հավատ): 

Ենթադրվում է, որ Եգիպտոսում և Հնդկաստանում(Ռասլիլա և Ռամիլա ժողովրդական ներկայացումների ընթացքում) թատերական դիմակներ օգտագործվել են ավելի վաղ քան Հունական թատրոնում, սակայն դրանց մասին ստույգ տեղեկություններ չկան։

Եվրոպայում առաջին դիմակները հայտնվել են Հունաստանում դիոնիսյան տոնախմբությունների ժամանակ։ Այստեղ դիմակի ծագման հասցեկանության վերաբերյալ տեղեկությունները հակասական են: Արիստոտելի կարծիքով իր ժամանակներում դիմակների թատերական օգտագործման մեջ ներդնելու մասին լեգենդները կորել են անցյալի մթության մեջ։ Սուիդասն այս գյուտը վերագրում է բանաստեղծ Հարիլուսին՝ Թեսպիոսի ժամանակակիցին: Ըստ Սուիդասի՝ Ֆրինիքոսն առաջին անգամ ներկայացրեց բեմում կանացի դիմակների օգտագործումը, իսկ Նեոֆոն Սիկյոնացին հորինեց բնորոշ դիմակ՝ ստրուկ ուսուցչին վերարտադրելու համար։ Հորացիոսը Էսքիլեսին է վերագրում թատերական դիմակների գյուտը:

Հին Հունաստանում դիմակները երկակի նպատակ ունեին. նախ՝ յուրաքանչյուր դերին տալիս էին որոշակի դեմքի արտահայտություն, քանի որ դիմախաղը միանգամայն աներևակայելի էր այս չափի բեմում, երկրորդ՝ ուժեղացնում էին ձայնի հնչեղությունը (դիմակի ներսում եղել են մետաղյա ձայնադարձիկներ), ինչը չափազանց կարևոր էր ընդարձակ ամֆիթատրոններում, բաց երկնքի տակ, լսելի լինելու համար։ Դիմակների բերանները բացված էին, ակնախորշերը կտրուկ խորացած, ընդգծված էին տվյալ բնավորության բոլոր ամենաբնորոշ գծերը, իսկ ներկելու համար ընտրվում էին   ամենավառ  գույները։ Բերանի շուրջ սովորաբար, իսկ երբեմն էլ ներսի կողմից, ամբողջովին պատում էին պղնձով կամ արծաթով, ձայնի ռեզոնանսը բարձրացնելու համար, իսկ դիմակի բերանի մեջ դրվում էր բարձրախոս  (այդ պատճառով, հռոմեացիները դիմակին ասում էին  պերսոնա  personare- «հնչել» բառից):

Դիմակները բաժանվում էին մի շարք անփոփոխ կատեգորիաների՝

1) ծերեր                         

2) երիտասարդներ

3) ստրուկներ

4) կանայք

Հասարակ մահկանացուների դերերի դիմակներից բացի, կային նաև հերոսների և աստվածների դիմակներ՝ իրենց հատկանշական պարագաներով (Ակտեոնը, օրինակ, ուներ եղջյուրներ, Արգուսն ուներ հարյուր աչք, Դիանան՝ կիսալուսին, Եվմենիդը՝ երեք օձեր և այլն): Աստվածների դիմակների հետ մեկտեղ տարածված էին պատմական դիմակները՝ prosopeia. նրանք պատկերում էին հայտնի անձնավորությունների՝ մահացած և կենդանի կերպարներ և ծառայում էին հիմնականում ողբերգությունների և կատակերգությունների ներկայացման համար, ինչպիսիք են Արիստոֆանեսի ‹‹Ամպերը›› կամ Ֆրինիքոսի «Միլետոսի գրավումը»: Սատիրական դիմակներն օգտագործվում էին առասպելական հրեշների, կիկլոպների, ֆավնների և այլ նմանատիպ կերպարների վերարտադրման համար։ Կային նաև դիմակներ երգչախմբի համար: Այն կերպարները, որոնց տրամադրությունը կտրուկ փոխվում էր գործողության ընթացքում, ներկայանում էին դիմակներով և դրանց ամեն դիմակողմը տարբեր հույզ էր արտահայտում: Օրինակ՝ մի կողմում վիշտ, սարսափ, իսկ մյուս կողմում՝ ուրախություն, բավարարվածություն. դերասանը դիմում էր հանդիսատեսին դիմակի այս կամ այն ​​կողմով: Եթե դերասանը հարուցում էր հանդիսատեսի դժգոհությունը, նրան ստիպում էին հանել դիմակը և խնձոր, թուզ ու ընկույզ նետելով դուրս քշում բեմից։ Հին Հռոմում դերասանները կամ ընդհանրապես չէին կրում դիմակներ, կամ օգտագործում էին կիսադիմակներ, որոնք չէին ծածկում ամբողջ դեմքը։ Միայն մ.թ.ա 1-ին դ. հունական թատերական մշակույթի ազդեցությամբ նրանք սկսեցին օգտագործել դիմակներ՝ ձայնը բարձրացնելու համար:

Երբեմն դիմակները ստեղծվում էին կոնկրետ մարդկանց, երբեմն էլ կոնկրետ քաղաքական գործիչների նմանությամբ: Ժամանակի ընթացքում դիմանկարային դիմակներն արգելվեցին, և բարձրաստիճան պաշտոնյաների (հատկապես Մակեդոնիայի թագավորների հետ) ամենաչնչին պատահական նմանությունից խուսափելու համար սկսեցին տձևացնել դիմակները։

Միջին դարերում դիմակներն օգտագործել են հիստրիոնները և սկոմորոխները: Ռուսական հնագույն քաղաքներին նվիրված Պատմական թանգարանի սրահում կարելի է տեսնել երկու սև կաշվե դիմակներ, որոնք թվագրվում են 13-րդ դարով։ Նման դիմակների քանակը աշխարհում տասնյոթն է։ Դրանցից մեկը հայտնաբերվել է Լեհաստանի Օպոլե քաղաքում պեղումների ժամանակ, մնացածը՝ Ռուսաստանում: Մասնագետներն դիցաբանական,  ֆանտաստիկ կերպարների այս դիմակները բաժանում են երեք տեսակի՝ անթրոպոմորֆ(մարդակերպ), այսինքն՝ մարդկային դեմք պատկերող, զոոմորֆ՝ կենդանիների սուր ականջներով և խառը (վերջիններս կազմում են գտնված դիմակների մեծ մասը): Երկար ժամանակ ենթադրվում էր, որ դրանցով հանդես են եկել հին ռուս թափառաշրջիկ դերասաններ՝ սկոմորոխները, սակայն Բ.Բ. Օվչիննիկովան և Ե.Վ. Կոպնինան կարծում են, որ թեև բացառելի չէ այդ վաղ շրջանում ժողովրդին զվարճացնելու համար սկոմորոխների կողմից դիմակներ օգտագործելու տարբերակը, բայց միևնույն ժամանակ չկա որևէ փաստ, որն ուղղակիորեն հաստատի այդ դիմակների սկոմորոխային լինելու վարկածը։ Ավելին, դիմակի տեսքը շատ դեպքերում կարող էր վախեցնել, քան զվարճացնել, ինչը հակասում է սկոմորոխների զվարճալի դերի համընդհանուր ընդունված գաղափարին: Աշխարհի հետ շփվելու համար սկոմորոխը փակվելու կարիք չուներ, ավելի շուտ՝ հակառակը, նրան պետք էին կենդանի դեմքի արտահայտություններ։

Միջնադարյան Ֆրանսիայում, օրինակ, աղվեսի տոնի երթի ժամանակ մասնակիցները դիմակներ էին կրում, և նույնիսկ Ֆիլիպ Գեղեցիկը չէր արհամարհում նման հանդերձանքը (հայտնի է նաև գերմանական maskenzug շորափոխ-կերպարանափոխների երթը): Եկեղեցիներում տեղի ունեցող կատակասերների պատվին ամենամյա տոնախմբությունների ժամանակ օգտագործվում էին դիմակներ, որոնք աչքի էին ընկնում այլանդակությամբ. Ռուանի սինոդը, որն արգելել է այս զվարճանքը 1445 թվականին, հիշատակում է հրեշների և կենդանիների դիմակները անվամբ։ Առօրյա կյանքում դիմակների օգտագործումը սկսվել է Վենետիկում և կիրառվել է կառնավալի ժամանակ, իսկ Ֆրանսիայում՝ Իզաբելլա Բավարացու և Կարլ VI-ի ամուսնության տոնակատարությունների ժամանակ (1385):

1535 թվականին խորհրդարանի հրամանագրով առևտրականներից առգրավվել են բոլոր դիմակները և արգելվել դրանց հետագա պատրաստումը. 1626 թվականին երկու սովորական մարդիկ նույնիսկ մահապատժի են ենթարկվել կառնավալի ժամանակ դիմակներ կրելու համար: Ազնվականության մեջ, սակայն, դիմակները գործածությունից դուրս չեկան մինչև բուն Ֆրանսիական հեղափոխությունը:

Թատերական դիմակի զարգացմանը զուգընթաց հայտնվում է նաև դիմակի փոխաբերական նշանակությանը ծնունդ տվող թատերական շպարը։ Մարմինը և դեմքը նկարելու սովորույթը գալիս է հին Չինաստանի և Թաիլանդի ծիսական արարողություններից, հնդկական Կաթհակալի պարից:

Դիմահարդարումը հնդկական Կաթհակալի պարում: Ժեստերով և մարմնի շարժումներով աստվածների և դևերի հույզերի մասին խոսող Կաթհակալիի պարող-դերասանները դիմահարդարվում են՝ իրենց դեմքերը վերածելով կախարդիչ դիմակի։ Միայն դիմահարդարումը տևում է ավելի քան երկու ժամ։ Նախ բուսական յուղը քսում են մաշկին, ինչը դեմքին լրացուցիչ փայլ է հաղորդում։ Դեմքը  գունավորելու համար օգտագործվում են բնական նյութեր՝ տարբեր բույսերի հյութ, թրջած կեղև, կոկոսի յուղ։ Մինչ բեմ մտնելը պարողը  կոպի տակ փոքրիկ սերմ է դնում՝ աչքի սպիտակի շուրջ կարմրություն ստեղծելու համար։ Պակկա կերպարները՝ ազնվական հերոսներն ու թագավորները, ունեն կանաչ դեմքեր, կարմիր շուրթեր և բարձր գլխազարդեր: Գոռոզ Կատթի չարագործների ճակատներից սպիտակ բշտիկ կա դուրս ցցված, և ունեն կարմիր բեղեր: Ստոր Կարիսները վախեցնում են իրենց սև դեմքերով, իսկ խոնարհ Մինուկկին առանձնանում է հագուստի պարզությամբ։

Դիմահարդարում չինական դասական թատրոնում։ Մ.թ.ա. Չինական թատրոնն առանձնանում է յուրօրինակ դարավոր թատերական մշակույթով։  Չինաստանի ավանդական դասական թատրոնում դիմահարդարման արվեստը սկիզբ է առել 7-րդ դարից և հնարավոր չէ որոշել դիմաներկման տեսակների քանակը. ոչ ճշգրիտ տվյալներով՝ դրանք եղել են մինչև 60-ը։ Չինական թատրոնում կերպարի հոգեբանական վիճակի պայմանական ներկայացման համակարգը ձեռք է բերվել դիմակների ավանդական խորհրդանշական նկարչության միջոցով: Այս կամ այն ​​գույնը նշանակում է որոշակի զգացմունք, ինչպես նաև կերպարի պատկանելությունը որոշակի սոցիալական խմբի։ Այսպիսով, կարմիրը նշանակում էր ուրախություն, սպիտակը` սուգ, սևը` ազնիվ ապրելակերպ, դեղինը` կայսերական ընտանիք կամ բուդդայական վանականներ, կապույտը` ազնվություն, պարզություն, վարդագույնը` անլուրջություն, կանաչը նախատեսված էր սպասուհիների համար: Գույների համադրությունը ցույց էր տալիս հոգեբանական տարբեր վիճակներ,և հերոսի վարքի տարբեր երանգներ։ Ասիմետրիկ և սիմետրիկ գունավորումն ուներ որոշակի նշանակություն՝ առաջինը բնորոշ էր բացասական տիպերի պատկերին, երկրորդը՝ դրականներին։ Դիմահարդարման համար օգտագործվել են անվնաս չոր ներկեր, որոնք բացել են ջրով՝ ավելացնելով մի քանի կաթիլ բուսական յուղ՝ դեմքի փայլուն մակերես ստանալու համար։ Կանացի դիմահարդարումը հետևյալն էր՝ ընդհանուր սպիտակ տոնով դեմքի վրա, առանձնանում էին կարմիր այտերն ու կոպերը, իսկ  շուրթերը, աչքերն ու հոնքերը ընդգծվում  էին սև ներկով։

Կաբուկի  ճապոնական թատրոնի դիմականման գրիմ:   Կաբուկիի թատրոնի բեմում, ինչպես և ճապոնական այլ թատրոններում, բոլոր դերերը խաղում էին տղամարդիկ: Կաբուկի թատրոնում դիմահարդարման հատուկ մեթոդ է կումադորին (ճապ. 隈取,  «գծերի կիրառում դեմքին»)։ Վարկածներից մեկի համաձայն կումադորին ստեղծվել է չինական թատրոնի ազդեցության տակ, քանի որ այն նման է լիանպուի դիմահարդարման նմուշներին։ Կումադորին հատկապես տարածված էր Էդոյի ժամանակաշրջանի թատերական աշխարհում։ Կաբուկիում դիմահարդարման բնույթը խորհրդանշական է. այսպես, օրինակ, դերասանը, հերոսական դերի համար, շպարվելուց կարմիր գծեր է գծում դեմքի ընդհանուր սպիտակ ֆոնի վրա, չարագործի դեր խաղալիս սպիտակ ֆոնի վրա կապույտ կամ շագանակագույն գծեր է գծում. կախարդ խաղալիս դեմքի կանաչ ֆոնի վրա կիրառում է սև գծեր և այլն: Կաբուկի թատրոնում դիմահարդարումը նմանվում է դիմակի:

«Նո» ճապոնական թատրոնի Դիմակները: Աշխարհի հնագույն թատրոններից Ճապոնական Նո-ն իր ստեղծման օրվանից ոչ մի փոփոխություն չի ենթարկվել: Այսօր էլ հանդիսատեսին ներկայանում  է հենց այնպիսին ինչպիսին որ եղել է մոտ 600 տարի առաջ։ Համաձայն Նո թատրոնի օրենքների, խաղացանկի բոլոր երկու հարյուր կանոնական պիեսների բեմադրմանը, դիմակ կրում է միայն առաջատար դերասանը: Այս թատրոնում ձևավորվել է արվեստի մի այլ, ամբողջական ճյուղ։ Մյուս դերասանները դիմակներ չեն կրում, սակայն դեմքի արտահայտությունը չեզոք է, քանի որ դիմախաղը գռեհկություն է համարվում, նրանք չէն օգտագործում նաև կեղծամ և դիմահարդարում։

Դիմակները բաժանվում են արական և իգական սեռի.  առանձնանում են ըստ տարիքի, բնավորութըան և արտաքինի։ Արական դիմակների թվում կան ծերերի, երիտասարդների, տղաների, ազնվական մարդկանց, հասարակ մարդկանց, բարի, չար, կույր, սինտոյական և բուդդայական աստվածների, ուրվականների, դևերի դիմակներ։ Կանանց մեջ՝ աղջիկների դիմակներ, միջին տարիքի   կանայք, պառավներ, խելագար,  խանդոտ,   գեղեցիկ,   տգեղ,   ուրվականներ և այլն: Այս բոլոր հերոսների համար կան անվանական դիմակներ: Դիմակները առանցքային նշանակություն ունեն Նո թատրոնում, կարելի է ասել, որ դրանք աստվածացվում են: Առաջին հայացքից թվում է, թե դիմակը կարող է ունենալ միայն մեկ որոշարկված արտահայտություն: Այնուամենայնիվ, նա կարող է փոխանցել կերպարի տրամադրության տարբեր երանգներ: Ենթադրվում է, որ հմուտ դերասանը կարողանում է կյանք հաղորդել դիմակին, օգտագործելով դիմակի լուսավորության ամենանուրբ փոփոխությունները: Նման դերասանը կարող է դիմակին զարմանալի արտահայտչականություն հաղորդել։ Դիմակի արտահայտչականությունը կախված է նաև նրանից, թե որ անկյան տակ է  դերասանը պահում գլուխը: Եթե նա դեմքը փոքր-ինչ  վեր է բարձրացնում՝ դիմակը    կարծես   թե     ժպտում է, իսկ երբ  գլուխը կախում է՝ այն տխուր արտահայտություն է ստանում: Հանդիսատեսը կարծում էր, որ դիմակն է նայում, այլ ոչ թե դերասանը:

Կոմեդի դելլ արտեի դիմակները. 16-18-րդ դարերում դիմակներ կրել են նաև իտալական կոմեդի դելլ արտեի կատակերգական պերսոնաժները: Իտալական ժողովրդական կատակերգության «դիմակները» ամենևին էլ նույնը չեն, ինչ անտիկ թատրոնինը։ Հունական դիմակները արտացոլում էին կոնկրետ պիեսի, որոշակի հերոսի բնավորությունը, իտալական Commedia dell'arte-ի դիմակը, ներկայացնում է մարդկային ամբողջական բնութագիր, բնավորություն, վարքագիծ, այն ճանաչելի է դառնում տարբեր ներկայացումներում։ Commedia dell'arte-ում դիմակ բառը փոխում է իր հիմնական նշանակությունը, քանզի այստեղ  դիմակ ասելով հասկանում ենք ոչ միայն դեմքի հատված, այլ ամբողջ մարմինը: Այստեղ դիմակի «դիմակն» է հիմնական իմաստը, որից իտալական կատակերգության թատրոնը ստացել է իր անուններից մեկը, այն է՝ դիմակը դերասանի կերպարն է, որը նա ընդունում է մեկընդմիշտ և որում մարմնավորում է իր գեղարվեստական ​​անհատականությունը։ Դա այն բանալին է, որով դերասանը առաջնորդվում է դիմակը ստանձնելիս։ Սցենարները կարող են լինել ցանկացած բովանդակության՝ և՛ հովվերգական, և՛ ողբերգական: Պիեսում կարող են լինել սարսափի կամ  արյունալի աղետի տեսարաններ, բայց դիմակներց յուրաքանչյուրը խաղում է իր  մշտական դերը(բացառությամբ սիրահարների): Այստեղ  դերեր չկան,  կա մեկ դեր, որը դերասանը խաղում է բոլոր պիեսներում, անկախ նրանից, թե որքան բազմազան է բովանդակությունը: Ներկայացումներին անխտիր մասնակցում են բոլոր դիմակները, որոնք առկա են թատերախմբում: Եթե ​​հավաքենք բոլոր դիմակները, որոնք երբևէ հայտնվել են իտալիայի կատակերգուների թատրոնների բեմում, ապա դրանք հարյուրից շատ կլինեն։ Commedia dell'arte-ի դիմակները բոլորն էլ զավեշտական ​​են՝ բուֆոնային կամ լիրիկական երանգներով. ողբերգական դիմակներ գոյություն չունեն։ Դիմակ բառը փոխում է իր հիմնական նշանակությունը, քանզի այստեղ  դիմակ ասելով հասկանում ենք ոչ միայն դեմքի հատվածը, այլ ամբողջ մարմինը: Commedia dell'arte-ի դիմակներն են՝ Պանտալոնե, Բժիշկ, Ձանի, Բրիգելլա, Արլեքին, Ֆանտեսկա, Կովիելո, Պուլչինելլա, Կապիտան, Տարտալյա, Սկոմորուչա, Սիրահարներ, Խանդոտ սիրելին (Կոմս Կասամարչիանո):  Commedia dell'arte-ի դիմակները երկու դար շարունակ ներկայացնում էին ժամանակակիցների կյանքը՝ աշխույժ և պայծառ գույներով:

Դիմակը, որպես դերասանական արտահայտման միջոց, առկա է նաև ժամանակակից թատրոնում: Թաքցնելով դեմքը, կատարողը կամավոր հրաժարվում է հոգեբանական արտահայտչականությունից, որը սովորաբար հանդիսատեսին հասցնում է տեղեկատվության մեծ մասը։ Դերասանը ստիպված է զգայական արտահայտչամիջոցների կորուստը փոխհատուցել մարմնի լրացուցիչ և գրոտեսկային շարժումներով։ Արդյունքում էականորեն ուժգնանում է թատերայնությունը և հաղթահարվում են տարածական դժվարությունները: Դեմքի արտահայտությունները չեզոքացնելու և դերասանի մարմնի վրա ուշադրությունը կենտրոնացնելու համար բավական է օգտագործել որևէ հույզ չարտահայտող դիմակ կամ կիսադիմակ: Անընդհատ շարժման մեջ գտնվող մարմնի և թաքցրած դեմքի հակադրությունը դիմակ կրելու հիմնական գեղագիտական նպատակներից է։

Օգտագործված գրականություն

1. Լևոն Հախվերդյան., Թատերագիտական բառարան, Երևան-1986

2. Հրաչյա Աճառյան., Հայերեն արմատական բառարան, Հատոր Ա, Երևան-1975

3. Արիստոտել., «Պոետիկա», Երևան-194

4. С. П. Школьников., Грим, vneshnii-oblik.ru/teatr 

5. А. К. Дживелегов, Итальянская народная комедия, https://facetia.ru/node/1948

6. Театральные маски, https://ru.wikipedia.org/wiki

7. Татяна Муравева., Кто скривается под черной маскойblog.mediashm.ru/?p=5005

8. Индейские танцы Катхакалиbigasia.ru/maski-tantsa-katkhakali/

9. Пави П. Словарь театра. Москва-1991

10. Словарь иностранных слов, Ред. В.В.Пчелкина, Е.Н.Захаренко, Т.А. Пичугина, Москва-1988

11. Театральные термины и понятия материалы к словарю, Выпуск III, Ред. Д. Д. Кумукова Санкт-Петербург-2015

12. Б.Б. Овчинникова, Е.В. Копина., Маски и их роль в средневековой культуре Новгородаhttps://elar.urfu.ru/handle

13. Театральная энциклопедия, Том-3, М., 1968

Համահավաքեց՝ ԳԱՅԱՆԵ Թովմասյան

Խմբագրելի

26.11.2022  23:52

872 հոգի