Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Այդտեղ է, որ ես տեսա ու սովորեցի,

նրանց մեջ է, որ ես հասկացա և

իմը դարձրի նրանց չիրականացրած

բոլոր երազներն ու հույսերը:

Ես սիրում եմ նրանց:

Շառլ Ազնավուր[1]

Հայազգի ֆրանսիական երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ Շառլ Ազնավուրը ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում, դարձել Ֆրանսիայի խորհրդանիշը: Ավելի քան հազար երգ, հարյուր միլիոնից ավելի վաճառված սկավառակ, ըստ Time ամսագրի և CNN հեռուստաընկերության կողմից անցկացված հարցումների՝ քսաներորդ դարի լավագույն երգիչ…

Նա գրում էր ֆրանսերեն, ամբողջապես ֆրանսիական մշակույթի կրողն էր, բայց նաև գիտեր շատ ազգային երգեր, ծանոթ էր հայկական տաղերին: Շառլ Ազնավուրը ծնողների շնորհիվ մանկուց ծանոթացել է գուսանական, մասնավորապես Սայաթ-Նովայի ստեղծագործություններին: Երգիչն իր առաջին ներշնչանքը ստացել է հոր՝ Միշա Ազնավուրյանի երաժշտական միջավայրում և պատահական չէ, որ հետագայում էլ քույրը՝ Աիդա Ազնավուրյանն է դարձել Սայաթ-Նովայի երգերի լավագույն կատարողներից մեկը սփյուռքում: Շառլը հիշում էթե ինչպես է սկսել ծանոթությունը կովկասյան երգարվեստին. «Հայրս իր ամեն ինչը կիսում էր մեր հետ՝ շատախոսությունները, սնունդը, վշտերը և ուրախությունները: Երբ գիշերը ուշ էր վերադառնում, բոլորիս զարթնեցնում էր, Աիդային նստեցնում դաշնամուրի մոտ և ընտանյոք ձայններս գլուխներս գցած երգում էինք նրա սիրած երգերը: Հետո մայրս էր նստում դաշնամուրի մոտ, նվագում-երգում էր: <…> Ահա թե ինչու Աիդան ու ես շատ երգեր գիտեինք, որոնք կատարում էինք հայկական հավաքույթներում: Աիդան երգում էր, ես պարում էի, իսկ հայրս հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի երգերն էր երգում ու լացացնում հայ գաղթականներով լի դահլիճը»[2]:

Ազնավուրը բեմ է բարձրացել ինը տարեկանից՝ երգել է, պարել, իրեն փորձել դերասանության բնագավառում: Թատրոնն ու երգը նրա մանկության անբաժանելի մասն են եղել: Միշա Ազնավուրյանի անվան հետ է կապվում օպերետային թատրոնի հիմնադրումը Փարիզում: Միշա (Միքայել) Ազնավուրյանը Թիֆլիսից ելույթներով գնացել է Կոստանդնուպոլիս, այնտեղ ծանոթացել դերասանուհի Քնարիկ Բաղդասարյանի հետ, սիրահարվել են, ամուսնացել: Ընտանիքը նախ տեղափոխվել է Հունաստան, ապա Փարիզ, որտեղ 1924թ. ծնվել է Շառլ Ազնավուրը:

Փոքրիկ արտիստի համար անմոռանալի է եղել իրենց բնակարանը. «Մենք բնակվում էինք Մոնսինյոր-լը-Պրենս փողոցի 36 տանը <…>: Առանց հարմարությունների, միջին չափի մի սենյակ էր դա: Սենյակից վարագույրով բաժանված անկողնախորշում իրար վրա դարսված էին մի մեծ մահճակալ, մեկ ուրիշ երեխայի մահճակալ, պահարան և հոգնած զսպանակներով, խունացած մուգ կտորով ծածկված մի բազմոց-անկողին: Վերջապես սենյակի մի անկյունում տնկված մի վառարան կար, որի  վրա ճաշ էինք եփում ու ձմռանն էլ տաքանում: Մեկ այլ անկյունում դրված էր կարի մեքենան (հայերը միշտ մեկն ունեն)»[3]: Նկարագրված փոքրիկ տունը «Հայ դրամա-օպերային խմբի» համար եղել է նաև փորձասենյակ: Ի՞նչ թատերախումբ էր սա, և ինչպե՞ս էր ձևավորվել:

1918-1925 թթ. Թուրքիայից տասնյակ հազարավոր հայեր գաղթել են եվրոպական երկրներ, այդ թվում նաև Ֆրանսիա: Մշակութային կյանքը ձևավորվել է նոր միջավայրին հարմարվելուն, դժվարությունները հաղթահարելուն զուգահեռ: Հասարակ ժողովրդի հետ եվրոպական երկրներ են տեղափոխվել ուսուցիչներ, խմբագիրներ, գրողներ, նկարիչներ, երգիչներ ու դերասաններ, որոնք և կազմակերպել են գաղութի հոգևոր կյանքը: Ֆրանսահայ գաղութում ստեղծվել է նպաստավոր պայմաններ նաև թատրոնի համար, քանի որ եկվորների մեջ են եղել Կ.Պոլսի Հայ դրամատիկ թատրոնի հիմնական ուժերը՝ Տրդատ Նշանյանը, Մկրտիչ Ջանանը, Արման Կոթիկյանը, Կավռոշը, Էլիզ Պինեմեճյանը և այլք: Չմոռանանք, որ Փարիզում էին նաև Արշավիր Շահխաթունին և Աննա Բուդաղյանը: Ստեղծվել են թատերախմբեր, տրվել են անհատական ներկայացումներ: Մշակութային կյանքում տեղ են գրավել նաև հյուրախաղային ներկայացումները:

Եղել է նաև երաժիշտ կատարողների մի խումբ, որի գործունեությունը կապված է օպերետային թատրոնի հետ: Այս արտիստները նվագել են ժողովրդական գործիքների վրա՝ թառ, քամանչա…,  հենց այս խմբում է եղել Միշա Ազնավուրյանը, ով Հովհաննես Ղազարյանի, Սուրաբյան ամուսինների, Ժ.Շահ-Պարոնյանի հետ ստեղծել է «Հայ դրամա-օպերետային թատերախումբը»: Նրանց առաջին ելույթն եղել է 1924-ին, ներկայացրել են Մ.Տեր-Առաքելյանի «Սայաթ-Նովա» երգախառն պիեսը: Դրան հաջորդել են Գ. Երիցյանի «Ուշ լինի նուշ լինի», Ջիվանու «Աշուղ Ղարիբ», Ու. Հաջիբեկովի «Արշին մալ ալան» և այլն:  Գլխավոր դերերը կատարել է Միշա Ազնավուրյանը, «Սայաթ-Նովայում» հանդես է եկել Սայաթ-Նովայի դերով, «Ուշ լինի նուշ լինի» օպերետում՝ Սաքոյի, «Սոս և Վարդիթերում»՝ Սոսի դերերով: Ավելի ուշ, ներկայացումներին մասնակցել են նաև Արշավիր Շահխաթունին, Արման Կոթիկյանն ու Լևոն Հարութը: Գործն հաջողությամբ է պսակվել, քանի որ դերասանների մեծ մասը, ինչպես և Ազնավուրյանը, Թիֆլիսում, Բաքվում և Պոլսում մասնակցել էին օպերետային ներկայացումների: Ազնավուրյանի ներկայացումների հաջողությանը մասամբ էլ նպաստել է այն, որ նա բեմ է հանել ռուսական բալետի ուժերից մի քանիսին: Այսպես, «Աշուղ Ղարիբի» մի ներկայացմանը նվիրված թատերախոսականում կարդում ենք. «Հարսանիքի պարերու պատրաստությունը ստանձնում է ռուսական նախկին արքայական թատրոնի առաջին պարուհին՝ տիկին Գոնչարովան»[4]: Գառնիկ Ստեփանյանն անդրադառնալով այս թատերախմբի գուրծունեությանը, «Ապագա» թերթի հոդվածից մեջբերում է մի հատված, որից երևում է, որ «Արշին մալ ալան» խաղացել են հարյուր անգամից ավելի, և միևնույն է, օպերետի սիրահարները ազատ աթոռ չեն գտել:

Հանդես են եկել Լիոնում, Մարսելում և այլ քաղաքներում: Լեզուն չիմանալու պատճառով արտիստները գաղթական բարեկամ-բարեկամուհիների հետ խաղացել են հայերեն՝ հաճույքի համար: «Հայ դրամա-օպերային խումբը» ունեցել է լուրջ հաջողություններ, բայց արտիստները չեն կարողացել հոգալ ընտանիքի կարիքները: Թատերախումբը մի քանի անգամ կանգնել է փակման եզրին: Վերակազմավորվել է, փոխել հիմնական կորիզը, երբեմն՝ ունեցել դրամատիկ ներկայացումներ:

Մեր օրերում դժվար է հասկանալ այն մարդկանց, ովքեր օրվա հացի խնդիր ունեն, բնակարանի վարձը վճարված չէ, բայց երեկոները ազատ են թողնում, որ ներկայացումների փորձեր անեն: Վահրամ Փափազյանն իր «Հետադարձ հայցքում» նկատել է, որ հայերն այդպիսինն են. «Հայրենիքից կտրված պանդուխտի հոգեբանություն էր այդ, թե աշխարհի ճանապարհների վրա իրար չկորցնելու համար իրար բռնելու անհրաժեշտությունը, դժվարանում եմ ասել, դիտել եմ, որ իր տնից դուրս հայը ավելի մոտ է հային և ավելի ատակ իրար հասկանալու, իրարմով մխիթարվելու»[5]: Փորձել են տասնհինգ օր, խաղացել՝ մեկ անգամ: Տոմսերի գինը եղել է չնչին, և միևնույն է, ցանկացողներն, ովքեր չեն կարողացել վճարել, դիտել են ներկայցումն առանց տոմսի: Բեմական հագուստները կարել են տանը, տղամարդիկ պատրաստել են ռեկվիզիտները, կանայք հոգացել են ուտելիքի հարցը: Ներկայացումները միշտ սկսել են ուշացած, քանի որ հանդիսատեսը ժամանել է ուշացումներով, կամայական: Ուշացել են նաև դերասանները: 

Երգիչը կատակով հիշում է, որ դերասանները ժամանակ կամ փող չէին ունենում տանը ընթրելու, այդ իսկ պատճառով, բեմադրության համար պատրաստված սեղանի մոտով անցնելիս մի երկու կտոր բան էին գցում բերանները, այնպես որ ներկայացման ժամանակ ուտելու գրեթե բան չէր մնում, և ուտելու գործողությունը ստիպված աֆեկտիվ էին կատարում: «Կուլիսներում ինչ-որ մեկը ոտքերը գետնին է զարկում, ոռնում, մազերը պոկոտում. բեմադրող-ռեժիսորն է: Որովհետև հաճախ խաղով տարված, դերասանները փոխում, հնարում կամ մոռանում են իրենց ռեպլիկները: Գլուխը կորցրած հուշարարաը այն աստիճան բարձրաձայն էր հուշում, որ հանդիսատեսները ավելի շուտ էին լսում նրան, քան դերասանները: Ներկայացումից հետո, մինչ կանայք զգեստները կհավաքեն, կարգի կբերեն, տղամարդիկ զբաղված են օրվա եկամուտը հաշվելով: <…>Ի վերջո, վնասով էին դուրս գալիս, քանի որ դերասանը, որին հանձնարարված էր տոմս վաճառել, իր երեխաներին սնելու համար օգտվել էր ընդհանուր դրամարկղից»[6]: Նման դեպքերը տհաճ խոսակցությունների, վեճերի առիթ են դարձել: Դերասանները «ընդմիշտ» խռոված բաժանվել են իրարից, ամեն անգամ երդվել, որ այլևս երբեք գործ չեն ունենալու թատրոնի հետ: Բայց այդ տևել է ամենաշատը քառասունութ ժամ: Երկու օր անց դերասաններից մեկն ու մեկը խմբի անդամներից յուրաքանչյուրին առանձին-առանձին այցելել է, առաջարկելով մի նոր պիես. «Այս անգամ ամուր հիմքի վրա»: Փորձերը վերսկսել են, ու ամեն ինչ կրկնվել է: Շառլը մեծ գորովանքով է պատմում թատերախմբի հետ կապված նույնիսկ ամենափոքր պատմությունները. «Ես սիրում էի այդ մարդկանց, որոնք բեմ էին բարձրանում իրենց ծանր կյանքը մի քիչ թեթևացնելու համար: Մի քանի ժամով նրանք դառնում են թագավորներ արքայորդիներ, իշխաններ…»[7]

Ազնավուրի նկարագրության մեջ խումբն երևում է սիրողական, բայց, այնուամենայնիվ, եղել են ներկայցումներ, որ արժանացել են մամուլի ուշադրությանը, գովեստներին: Նկարագրելով արտիստների ծանր կյանքը երգիչն ընդգծում է. «Պետք է ասեմ, որ ծնողներս նախ արտիստ էին հետո՝ սպիտակեղեն կարող կամ խոհարար»[8]:

Փորձերին զուգահեռ Միշա Ազնավուրն աշխատել է ընտանեկան «Կովկաս» ռեստորանում կամ այլ գինետներում: Շանսոնյեն իր հորը նկարագրում է որպես լավատես, ծախսարար ու դյուրահավատ մարդ, ով սիրել է սեղաններ ու լավ գինի. «Քանի որ հայրս ուրախ բնավորություն ուներ, միշտ պատրաստ արմունկը վեր բարձրացնելու ու խոսքն էլ թեթև էր, պատկերավոր, քնարերգական, միշտ նա էր ղեկավարում հայկական սեղանները»[9]: Ստացվում է, որ երգիչն իր խոսքի քննարերգականությունը, պատկերավորությունն ու թեթևությունը նույնպես հորից է ժառանգել:  Նրանց ռեստորանը միշտ լիքն է եղել հաճախորդներով, իսկ դրամարկղը՝  դատարկ: Հաճախորդները եղել են մեծ մասամբ ուսանողներ, արտիստներ, նկարիչներ, ընկերներ և բարեկամներ: Սնվել են առանց վճարելու, ծնողները երբեք չեն դժգոհել: Կշտամբանքներին հայրը պատասխանել է. «Մի օր երիտասարդները կդառնան բժիշկներ, փաստաբաններ, ինժեներներ կամ գեներալներ (երազում էր հայրս) ու կգան կմուծեն իրենց պարտքը», իսկ մայրը. «Աստված մեծ է ու գթառատ, նա կօգնի մեզ, երբ ժամանակը գա»[10]: Ազնավուրներին օգնելու ժամանակը աստված ծրագրել էր: Վաղինակը պիտի զններ աշխարհը: Հոր ռեստորանում և գինետներում պիտի հանդիպեր իրենց դարդերը պատմող այցելուներին, մարդկանց կոտրված երազանքներին, լքվածներին, սիրուց խելագարվածներին, հիվանդներին, կյանքը վատնողներին ու իրենց բոհեմը փնտրողներին:

Երգիչը բազմիցս իր հարցազրույցներում նշել է, որ իր հաջողության գաղտնիքն այն է, որ ինքը ներգաղթյալների զավակ է: Երբ գաղթականին ստիպում են ապրել օտար երկրում, նա միշտ իրեն դժբախտ է զգում, առաջին հերթին այն պատճառով, որ կտրված է իր հայրենիքից, իր արմատներից: Գաղթական-արվեստագետների համար աշխարհում իրենց տեղը գտնելը անձնական և անանձնական իմաստ է ունեցել: Շատերն են փորձել հասկանալ, թե փոքր ու խզված ձայնով, փոքրամարմին Ազնավուրն ինչպե՞ս է գրավել բեմի անչափելի տարածքը: Նրա երգերում թաքնված է կորցրածի անսահման տխրությունն ու ապրելու մեծ ցանկությունը, որը շանսոնյեն ժառանգել է իր ծնողներից. «Մենք մի գաղթական հայ ընտանիք էինք, ու, ինչպես բոլոր գաղթական հայ ընտանիքները, կապված էինք մեր լեզվին, սովորություններին ու եկեղեցուն: Զուսպ, քաշված, համեստ էր մեր ընտանիքը: Հավասար չափով զգայուն էր և´ հումորի, և´ դժբախտության նկատմամբ: Մենք սիրում էին ծիծաղել, երգել, պարել և արտասվել: Այո´, և արտասվում էինք, որովհետև հայը շատ զգացմունքային է ու հեշտությամբ է լաց լինում: Նա լաց է լինում և´ կնունքին, և´ պսակին, և´ թաղմանը»[11]:

Ազնավուրի երգերը ծնվել են զգացմունքների և երևակայության խաչմերուկում: Արվեստագետի հորինածն իր կենսական, բնական ապրումները չեն հիմնականում, դրանք ստեղծված են մարդու ստեղծագործական ուժով: Նրա երգը միահյուսված է դերասանական արվեստին: Երգիչն ունի դրամատիկական տաղանդ, կարողանում է բեմում դրություն ստեղծել, զգացմունքային մթնոլորտ: Մարդկային զգացմունքների խորությունն ու գեղեցկությունը արտահայտող երգերը հնչում են ինչպես սրտից հոսող բառեր, մենախոսություն: Երգերում արտացոլվում են տարբեր հույզեր և մտքեր՝ ուրախություն, ցնծություն, կարոտ, տխրություն, սեր, տագնապ…

Ծնողների և նրանց ընկերների չիրականացրած բոլոր երազներն ու հույսերը ապրել են Վաղինակ Ազնավուրի բեմում: Այդ մարդկանց սիրելով ու նրանց հետ ապրելով էր երգիչը վարակվել բեմական արվեստի սիրով.

Լոկ ոտքերիս տակ բեմը զգալուց,

Հանդիսատեսին տեսնելուց միայն,

Թպրտում է սիրտս ուրախությունից:

Ոչ, ինձ չեն օգնել, հաջողակ չեմ ես,

Բայց սրտիս խորքում համոզված եմ միշտ,

Որ տաղանդ ունեմ:

[1] Ազնավուր Շ., Ազնավուրը Ազնավուրի մասին, «Հայսատան» հրատ, Եր., 1976, էջ 14:

[2] Նույն տեղում, էջ 20:

[3] Նույն տեղում, Էջ 8:

[4] Ստեփանյան Գ., Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության, Գիրք 1. Ֆրանսահայ թատրոն, ՀՍՍՀ ԳԱ հրատ, Եր., 1982, էջ 117:

[5] Փափազյան Վ., Հետադարձ հայացք, հատ. 2, Հայպետհրատ, Եր., 1957, էջ 328:

[6] Նույն տեղում, էջ 14:

[7] Նույն տեղում:

[8] Ազնավուր Շ., Ազնավուրը Ազնավուրի մասին,, Էջ 13:

[9] Նույն տեղում, Էջ 11:

[10] Նույն տեղում, էջ 16, 17:

[11] Նույն տեղում, էջ 10:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

1210 հոգի