Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ՄՅՈւԶԻՔԼ

Անգլ. - musical – երաժշտական, musical theatre - երաժշտական թատրոն

ֆրանս. – music-hall, comédie f musicale

գերմ. – musical

ռուս. - мюзикл

Երաժշտական կոմեդիայի հետ ընդհանուր կողմեր ունեցող երաժշտա-դրամատիկական ժանր: Ձևավորվել է ԱՄՆ-ում 19-րդ դարի վերջերին՝ անգլիական բալլադային օպերայի, մենեստրելների ամերիկյան թատրոնի ու եվրոպական օպերետի ավանդների հիման վրա: Մյուզիքլի եվրոպական նախատիպը միջնադարյան եվրոպական մենեստրների (գուսանների) երգերն են, ամերիկյանը՝ նեգրական էթնիկ երգերը: Այդ ստեղծագործություններում կատակերգական ներկայացումը լուծված էր սատիրիկ բնութագծերով, որտեղ կերպարների բնավորությունները ներկայացվում էին գրոտեսկային ոճով: Ներկայացումը կառուցվում էր 3 գործողությունից, որոնցից յուրաքանչյուրում գործողությունը զարգանում էր երգերի և պարերի ուղեկցությամբ: Մենեստրների շոուները ժամանակի ընթացքում փոփոխվում են, վերամարմնավորվելով վոդևիլների, բուրլեսկների և մյուզիքլի: Ժանրի ծագումը կապվում է նաև 19-րդ դարավերջին ամերիկյան երաժշտական թատրոնի «զվարճանք» և «էքստրավագանտ» ձևերի հետ: Մյուզիքլի վրա մեծ ազդեցություն են ունեցել օպերան, վոդևիլը (երաժշտական, պարային և կրկեսային համարները) և բուրլեսկը (էրոտիկ պարի էլեմենտներ պարունակող թատերական համարներ): Ամերիկյան մշակույթի խորքերից ձևավորված մյուզիքլի կողմից եվրոպական մշակույթից արտահայտչական բազա և կենսական նյութ ժառանգած լինելու օրինակներից են  անգլիացի Ջ. Գեյի «Աղքատների օպերան», գերմանացի Բ.Բրեխտի «Երեք գրոշանոց օպերան»:

Մյուզիքլի հատկանիշներից է հանդիսատեսին հափշտակող ինտրիգը, իսկ գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նա կարող է մի քանի ոճ միանգամից համադրել, այն փոխգործակցում է ինչպես երաժշտական թատրոնի ավանդական ժանրերի հետ, այնպես էլ էստրադային դրսևորումների հետ: Ի տարբերություն օպերետի՝ մյուզիքլը վոկալից ու երաժշտությունից ոչ պակաս կարևորում է խոսքն ու պարը, որոնք երգի հետ ձուլվում են օրգանապես՝ ծառայելով բեմական բնավորության ստեղծմանը: Մեծ նշանակություն է տրվում նաև նվագախմբին, երգչախմբին և կորդեբալետին: Գոյություն ունի «musical staging» (երաժշտական բեմադրություն) տերմինը, որը բնորոշում է բեմադրության մեջ առկա խորեոգրաֆիկ աշխատանքը, անկախ նրա արտահայտվածության աստիճանից: Հետևաբար մյուզիքլը ենթադրում է ոչ միայն գունեղ երաժշտական լուծումներ, երգային ֆորմաների բազմազանություն, վառ և էմոցիոնալ դրամատուրգիա, բեմական ձևավորման և լուսային էֆեկտների լայն օգտագործում, այլև կատարելության միտված դրամատիկական, վոկալ և պլաստիկական պատրաստվածություն երգիչ-դերասաններից։

Մյուզիքլում որոշակի չափով հավաքագրված են ամերիկյան թատերայնության հիմանկան հասկացությունները, մարմնավորում է կյանքի որոշակի մետաֆիզիկանԱմերիկյան մյուզիքլը շլացնող շոու է, որին նպաստում են թատերական բոլոր համակարգերը:  Մյուզիքլի այս տեսակի հիմնական բնորոշ գծերն են ջազային տարրերի առկայությունը, շեշտադրումը պլաստիկական լուծումների վրա (ներկայացման պատկերների խարակտերային ֆինալը՝ մասսայական տեսարաններով, ժամանակակից խորեոգրաֆիկ լուծումները), դասական սյուժեների տեղայնացման սկզբունքը. հարված է հասցվում դրամատուրգիական ամուր հենքին: Այս երաժշտա-թատերական ժանրն, ի տարբերություն օպերետի, չուներ ինքնուրույն, առանձին դրամատուրգիական հենք, բեմադրում էին  կամ գեղարվեստական ստեղծագործություններից, կամ առանձին լիբրետտոներից հատվածներ կամ դրամատիկական թատրոնների համար նախատեսված ստեղծագործություններ:

Եվրոպական առաջին բեմադրությունը, որը ուներ մյուզիքլին բնորոշ արտահայտչաձևեր 1728 թվականին Լոնդոնում բեմադրված «Աղքատների օպերան» էր: Սակայն ժանրի հասկացություններին առավել համապատասխան առաջին մյուզիքլը «Show Boat»-ն էր՝ բեմադրված 1927 թվականին ԱՄՆ-ում: Բրոդվեյի Նիբոլս Գարդեն թատրոնում բեմադրված «Մռայլ խաբեբան» ներկայացումը ևս ուներ մյուզիքլին հատուկ գծեր:

Ժանրի հստակ համարում մյուզիքլը ստացել է 1940-ականներին, թեև 30-ական թվականներից արդեն պահանջված երաժշտական ներկայացում էր թե´ ամերիկյան, թե´ եվրոպական թատրոններում (այն նաև շատ արագ ներմուծվեց կինոարվեստ և իր հետքը թողեց նախապատերազմյան շրջանի շատ ֆիլմերում): 1943 թվականին հայազգի ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի  բեմադրած «Օկլահոմա» մյուզիքլը (երաժտության հեղինակ՝ Ռիչարդ Ռոջերս, տեքստի հեղինակ՝ Օսկար Համմերշթայն) մեծ իրադարձություն դարձավ թե ամերիկյան թատերական իրականության և թե մյուզիքլի պատմության մեջ: Այն պաշտոնապես ընդունվել է, որպես ամերիկյան մյուզիքլի ծննդյան փաստ: Ռեժիսորը պատմության մեջ առաջին անգամ իրականացրեց մյուզիքլի կարևորագույն տարրերի՝ երաժշտության, պարի և դրամատուրգիայի ամբողջական համադրություն, որն առանձնացավ դրանց կատարյալ ներդաշնակությամբ: «Օկլահոման» ժանրային առումով հովվերգություն է՝  կովբոյի և ագարակի տիրուհու սիրո մասին: Սկզբնական տարբերակում այն կոչվել է «Երբ ծաղկում է եղրևանին» (հեղ. Լիննա Ռիգգս), որը վերամշակվել, տեղայնացվել և վերանվանվել է «Օկլահոմա»:

Ռեժիսորը, օգտագործելով ամբողջ բեմական տարածքը, ստեղծում է մի յուրատեսակ տոն-ներկայացում. զգեստները, բեմական ձևավորումը, երաժշտական լուծումները բեմական գործողությունը սկզբից  մինչև վերջ մեկ ընդհանուր ռիթմի մեջ էին, որով և կարողացել էր ստեղծել յուրատեսակ խաղային հրավառություն:

Մինչ այդ, ամերիկյան թատրոնում, մյուզիքլների բեմադրության մեջ երգերը դրամատիկական նյութից անկախ էին, չկար փոխկապակցվածություն,  շեշտը դրված էր պարային կատարումների վրա, տեքստը երկրորդ  պլանում էր, չկար տեքստից գործողության ոչ մի անցում, այն ընկալվում էր զուտ որպես զվարճանք և շատ հեռու էր արվեստից:  «Օկլահոմա» բեմադրության մեջ ռեժիսորի նորարարությունը հենց այս դրույթով էր իրագործվում. նա, ներկայացման բոլոր բաղադրիչները միաձուլելով, ստեղծել էր ներկայացում, որի բոլոր բաղադրատարրերը չափի մեջ էին, պարային հատվածները շղթայված անցումներով կապված էին տեքստին, դրանք համաժամանակյա էին, առանց չափազանցությունների, պարային համարները սահմանափակ էին, կարևորվում էր դերասանական խաղը: Հենց այստեղ էր Մամուլյանի նորարարությունը. երգիչները ոչ միայն երգը կատարողներ էին, այլև դերակատարներ, որոնց առջև ռեժիսորը խնդիրներ էր դրել՝ համահունչ ներկայացվող նյութին: Այս ներկայացմամբ վերջնականապես հաստատվեց ամերիկյան երաժշտական թատրոնը՝ որպես ինքնուրույն ժանր, որի հիման վրա ստեղծվեց կինոմյուզիքլի ժանրը, ինչն ամերիկյան կինոյի մեծ ձեռքբերումներից է համարվում:

«Օկլահոմա» մյուզիքլը մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև դրա սահմաններից դուրս: Այն բեմում մնաց 12 տարի, վերաբեմադրվեց տասնյակ անգամներ, նկարահանվեցին հեռուստաֆիլմեր, հեռուստաներկայացումներ: 1947թվականին այն բեմադրվեց Լոնդոնի «Drury Lane» թատրոնում, այնուհետև՝ Փարիզում, Միլանում, Նեապոլում և Վենետիկում: «Օկլահոմա» մյուզիքլի համար 1955 թվականին Ռ.Մամուլյանը արժանացել է «Իտալիայի պատվավոր քաղաքացի» կոչմանը, ինչպես նաև նրան շնորհվել է «Փարիզ և Վերսալ քաղաքների պատվավոր խորհրդանշանը»: 1944 թվականին մյուզիքլն արժանացել է Պուլիցերյան մրցանակի: 1945 թվականին Ռուբեն Մամուլյանը բեմադրեց «Կարուսել» մյուզիքլը, որի գրական հիմքը ֆրանսիական տարբերակում վերնագրված էր «Լիլիոմ»: Երաժշտության հեղինակը  կրկին Ռիչարդ Ռոջերսն էր, իսկ տեքստի հեղինակը՝ Օսկար Համմերշթայնը: «Մաժեստիկ» թատրոնում ներկայացված մյուզիքլը մեծ հաջողություն ունեցավ ԱՄն-ում, Եվրոպայում: Այս մյուզիքլում հնչող երգերը երգում էին ամենուր, օրինակ՝ «You will never gon alone» երգը հետագայում դարձավ անգլիական հռչակավոր «Լիվերպուլ» ֆուտբոլային թիմի հիմնը և հնչեց ամբողջ աշխարհում, իսկ 2000 թվականին «Time» ամսագիրը «Կարուսել» մյուզիքլը ճանաչեց 20-րդ դարի լավագույն ներկայացում:

Մյուզիքլի ծաղկման շրջանը ընդունված է համարել 20-րդ դարի կեսերը: Ժանրի դասական օրինակներից են Ջ. Բոկի  «Ջութակահարը տանիքին» (1964), Մ.Լիի «Մարդը Լամանշից» (1965), Ֆ.Լոուի «Իմ սիրելի լեդին» (ստեղծված Բ. Շոուի «Պիգմալիոն» կատակերգության հիման վրա), Ռոջերսի «Օլիվերը» (երաժշտական կինոնկար ստեղծված Դիկկենսի «Օլիվեր Թվիստի արկածները» վեպի հիման վրա), Ջ.Հելմանի «Հելլո՛, Դոլլին», Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետի» սյուժետային նմանությամբ Լեոնարդ Բերնսթայնի հեղինակած «Վեսթսայդյան պատմությունը» (բեմադրությունը՝ Ժերոմ Ռոբինսի): Հանրահռչակության նման ընդգրկում ունեցող մյուզիքլներից է «Չիկագոն» (1975թ.), որի պարտիտուրան իրենից ներկայացնում է 20-րդ դարի ամերիկյան շլյագերների փայլուն ոճավորում: Այդ ժամանակ դեռևս սիրված և ընդունված էր վոդևիլը, որտեղ երգիչների և պարողների կողքին ելույթ էին ունենում օրիգինալ ժանրի արտիստներ (ակրոբատներ, հսկաներ, տրանսֆորմատորներ, իլիուզիոնիստներ, կենդանիներ վարժեցնողներ): Գեղարվեստական տեսակետից  «Չիկագոն» մոտ էր այդ ժանրին և սկզբնական շրջանում այն ներկայացվել է «երաժշտական վոդևիլ» ձևակերպումով: Մյուզիքլի պատմության մեջ երկու ներկայացում, որոնք թե դիտումների և թե վաճառված տոմսերի քնակով ռեկորդային են համարվում, Էնդրյու Լլոյդ Ուէբբերի «Կատուներ»(1981թ.) և «Օպերայի ուրվականը» (1986թ.) մյուզիքլներն են: 20-րդ դարասկզբին ֆրանսիական թատերարվեստում նշանակալի իրադարձություն դարձավ «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլի բեմադրությունը՝ (1998թ.) Վ.Հյուգոյի համանուն ստեղծագործության հիման վրա: Ամենաանհաջող բեմադրությունը և կոմերցիոն և գեղարվեստական տեսանկյունից «Սարդ մարդը» մյուզիքլն է համարվում, որը փորձել են բեմադրել 2007 թվականի և ավարտել 2011 թվականին:

1960-ականները մյուզիքլի համար համարվում է անկումային, քանի որ ի հայտ եկավ նոր ենթաժանր ռոք-օպերան, այն ստեղծվեց ԱՄՆ-ում՝ երիտասարդական կամ հիպպիական շարժմանը զուգընթաց: Ենթաժանրի ծնունդը կապվում է Հ.Մակդերմոտտի «Մազեր» ռոք - օպերայի բեմադրության հետ(1967թ.): Աշխարհահռչակ ռոք-օպերաների շարքին են դասվում նաև Վեբերի «Հիսուս Քրիստոս գերաստղ» (1970թ.), Ս.Շոուրցի «Գոդսպելլը» (1971թ.) «Սուլիր քամու ուղղությամբ» (1998թ.) նախագծերը: Անցյալ դարավերջին հատկապես արևմուտքում նոր թափ ստացած տեխնոլոգիական զարգացումը կենսառիթմերի նոր, ավելի ինտենսիվ օրակարգ էր թելադրում, հետևաբար սպառող հանդիսատեսի ռիթմամեղեդային պահանջներն էլ ավելի կտրուկ-ագրեսիվ էին, որոնց իրացումը ռոք-օպերաներում հանդիպող ակուստիկ պատկերեներով էր ի կատար ածվում:

Ռուսաստանում մյուզիքլը ի հայտ եկավ 1960-ականներին, որոշակի ձևափոխություններով: 1975 թվականին «Театр» ամսագրի էջերում մասնագետները քննում էին այն հարցը, թե ի վերջո Մյուզիքլի ժանրը դրամատիկակա՞ն, թե՞ երաժշտական թատրոնին է պատկանում: Հատկապես 1970-ականներին մյուզիքլը առավել հայտնի էր ռուսական թատրոնների խաղացանկերում և պաստառներում հարևանակցում էր և դրամային և օպերետին: Օրինակ Լենինգրադում, թե Երաժշտական կոմեդիայի,  և թե Դրամատիկական թատրոններում ներկայացվում էին մյուզիքլներ Ա.Վ. Սուխովո-Կոբիլինի եռագրության հիման վրա՝ Ա.Կոլկերի մշակած շարքիցՌուսկան մյուզիքլի հիմնադրիներից են Ա.Գլադկովը, Ա. Ժուրբինը, Վ.Դաշկևիչը: Ռուսական իրականության մեջ հայտնի են հին հունական դիցաբանական թեմաներով բեմադրված «Օրփեոս և Էվրիդիկե», «Թիլ», «Խոակին Մուրիետտի փայլատակումն ու մահը»(1976թ.), «Յունոնա և Ավոս» (1981թ.) ռոք-օպերաները «Լենկոմ» թատրոնում, Մ.Զախարովի նախաձեռնությամբ:

Հայաստանում այդ ժանրը սկիզբ է առել 1960-ականներին: Հայկական առաջին մյուզիքլը՝ Երվանդ Մանարյանի «Կարինեն» է (1969 թ.): Հայ կոմպոզիտորներից մյուզիքլներ գրել է Ռ. Ամիրխանյանը՝ «Ատամնաբույժն արևելյան» (ըստ Հ Պարոնյանի, 1976) և մանկական «Դինգ-դոնգ» (1979)։ Մյուզիքլները ներկայացվել են Կամերային երաժշտական թատրոնի բեմում, որտեղ բեմադրվում էին համաշխարհային մեծ համբավ ունեցող և հայկական նոր ներկայացումներ։ Օրինակ՝ Վահե Հայրապետյանի «Կոշկավոր կատուն» մյուզիքլը: Վեբերի «Հիսուս Քրիստոս գերաստղի» ազդեցությամբ Էդվարդ Զորիկյանը գրել է «Խայտաբղետ այս աշխարհում» ռոք - օպերան: Այստեղ համադրվել են մեզ հայտնի երաժշտական բոլոր ոճերը՝ դասական, ջազ, հնդկական, չինական և պարսկական մոտիվներ, ռեփ, ռոքնռոլ: Պրեմիերան տեղի է ունեցել 1997 թվականի հուլիսի 4-ին Համազգային թատրոնում «Այդ խայտաբղետ աշխարհը» վերնագրով՝ ռեժիսոր Հր. Գասպարյան: Հայական երաժշտաթատերական իրականությունում մյուզիքլային բեմադրության ևս մեկ օրինակ է Արամ Սաթյանի «Լիլիթը» 2002թ. հոկտեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ռեժիսոր Ա.Մելիքսեթյան:

Կինեմատոգրաֆիայում մյուզիքլի ներթափանցումը տեղի է ունեցել 20-րդ դարի 30-ականներին՝ մի քանի էտապով. թեթև երաժշտական կոմեդիայից մինչև լիարժեք մյուզիքլ: Առանձին համերգային համարները, փոփոխվելով դառնում էին ինքնուրույն երաժշտական - դրամատիկական ներկայացումներ՝ սյուժեով, երաժշտությամբ, պարային և բեմադրական տարրերով: Օրինակ՝ «Բրոդվեյան մեղեդի» (1929, ռեժ. Գ.Բոմոնտ), «Կոնգրեսը պարում է» (1931, ռեժ. Է. Չարելլ, Գերմանիա), «42-րդ փողոց» (1933, ռեժ. Լ.Բեկոն), որոնցում պայմանականությունը վառ արտահատված էր. իրականությունը, դերասանների և սովորական մարդկանց առօրյան, կենցաղային այլ մանրամասները փոխակերպվում էին չափազանց թատերայնացված:

30-ականների վերջերին ամերիկյան երաժշտական կոմեդիան հատնվում է ճգնաժամային իրավիճակում: Ֆրանսիացի ռեժիսոր Ու. Մինելլին փորձում է որևէ ձևով բարձրացնել ժանրի հանդեպ հետաքրքությունը և բեմադրում  «Հյուղակը երկնքում» (1945, մասնակցում էր սևամորթների համույթը), «Կհանդիպենք Սան-Լուիսում» (1944) և «Ժամացույց» (1945) մյուզիքլները: Ժանրի հետագա զարգացման վրա մեծ ազդեցութույն է ունեցել անվանի կոմպոզիտոր Ջ.Գերշվինը: 50-ականներին նրա երաժշտության հիման վրա բեմադրվում են «Ամերիկացին Փարզում» (1951) և «Զվարճալի դնչիկը» (1957) մույզիքլները: Իսկ բորդվեյան հայտնի մյուզիքլի «Օկլահոմայի» (1955, ռեժ. Ֆ.Ցիննեման) էկրանավորումը կինոյում ժանրի ծաղկման գրավականը դարձավ: Այնուհետև սկսեցին էկրանավորել լավագույն թատերական մյուզիքլները( «Իմ հրաշալի լեդին» (1964, ռեժ. Ջ. Կյուկոր) և  (1964, ռեժ. Ռ. Ուաուզ)), ի հայտ եկան տաղանդավոր կատարողներ(Լ.Հորն, Գ.Վերդոն, Ջ.Հոլիդեյ, Ջ. Էնդրյուս, Ռ.Պրիստոն, Ս.Չապլին և այլն): «Վեսթսայդյան պատմություն»-ը մյուզիքլի գեղարվեստական ամբողջականության և կինեմատոգրաֆիական արտահայտչականության չափանիշը դարձավ:

Կինոասպարեզում հատնված այդ նոր ժանրին հատուկ էին դասական սյուժեներից փոխառությունները, բարդ երաժշտական ստեղծագործությունների ներմուծումը և ժանրին բնորոշ մյուս տարրերի օրգանիկ համադրությունը, ինչպես նաև՝ այդ ամենի էկրանավորման համար անհրաժեշտ արտահայտչամիջոցների որոնումները («Երաժշտության ձայները» (1965, ռեժ. Ուայզ), «Ծիծաղելի աղջնակը» (ռեժ. Ու. Ուայլեր) և «Անուշիկ Չարիտին» (ռեժ. Բ.Ֆոսս)):

Ու. Դիսնեյը «Մերի Փոփինս» (1964, ռեժ. Ռ. Ստիվենսոն) մյուզիքլում առաջին անգամ փորձեց խաղարկային ֆիլմին և մուլտֆիլմին բնորոշ տարրեր կիրառել: Նման փորձ հետագայում արվեց նաև Մեծ Բրիտանիայում («Օլիվեր» 1968, ռեժ. Կ.Ռիդ):

Օգտագործված գրականություն

1. Հախվերդյան Լ., Թատերագիտական բառարան, Երևան-1986:

2. «Հանդես» գիտական հոդվածների ժողովածու, 5-րդ համար, Եր.-2005:

3. Бушуева С. К., Мюзикл: Искусство и массы в современном буржуазном обществе. М., 1979.

4.  Гринберг М., Тараканов М. Е. Современный мюзикл: Современный музыкальный театр. М., 1982

5. Кампус Э., О мюзикле. Л., 1983

6. Кретова Е. Г., Русский мюзикл: my way... theatre.sias.ru/voprosy_teatra/kretova.pdf

7. Кудинова Т. Н., От водевиля до мюзикла. М., 1982

8. Кутьмин С.П., Краткий словарь театральных терминов, Тюменский государственный институт искусств и культуры, 2003

9. Лоуренс А., Вестсайдская история: /либретто мюзикла в 2 д./ (Великие мюзиклы мира. 2002. С. 176-260)

10. Музыкальный энциклопедический словарь, Келдыш Г.В., М., 1990.

11. От фольклора до джаза: сборник научных статей - Ростов-на-Дону- 2002.

12. Самохвалова А. К., О некоторых тенденциях развития французского мюзикла (Театральное дело: наука и практика. 2017. Вып. 1

13. Салаватовна М.,  Отечественный мюзикл и рок-опера в контексте жанровых взаимодействий в музыке второй половины XX - начала XXI века, 2011

14. Таршис Н. А., Наши «мюзиклы», СПб.: Издательство СПбГАТИ, 2010

15. Таршис Н. А. Музыка драматического спектакля. СПб., 2010. С. 96–108

16. Театральные термины и понятия, Материалы к словарю, выпуск III, Санкт-Петербург - 2015

17. Ganzl K., Musicals: the complete illustrated story of the world`s most popular live entertainment - London , 2001

18. Praescenium / Вопросы театра. 2010. № 1–2. С. 23–34

19. Taylor M., Musical theatre, realism and entertainment - New York , 2013

20. А.А. Конович., Жанр мюзикла в современных реалиях эстрадного театраhttps://cyberleninka.ru/zhanr-myuzikla-v-sovremennyh

24.11.2022   3:06

 Համահավաքող՝ ՍՈւՍԱՆՆԱ Բրիկյան

Խմբագրելի

1685 հոգի