Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

24.11.2022  00:35

Պատանի հանդիսատեսի թատրոնի «Մկների ժողովը» նոր ներկայացումը տրագիֆարս է մեր իրականության, մեր ժամանակների մասին և ուղղված է ամեն տարիքի հանդիսատեսին։ Բեմադրության հիմքում առակն է, որի խրատաբարոյական ասելիքը հասցեագրված է թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։ Ներկայացումը մտքի առումով շատ տարողունակ է, և հանդիսատեսը այն կարող է ընկալել ըստ իր ճանաչողության ու փորձի։ Լենինականցի թատերագիր Վարդգես Մովսիսյանը (ավաղ, հայոց մեծ երկրաշարժի նահատակներից) Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը» հայտնի առակի հիման վրա ստեղծել է պիես, որ իրավամբ կարելի է անվանել նաև ժամանակակից վարիացիաներ բարոյաքաղաքական հավերժական թեմայի շուրջ։ Բեմադրությունը իրականացրել է Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը։

Գաղափարա-ոճական առումով «Մկների ժողովը» հիշեցնում է նույն Ղազանչյանի տասը տարվա վաղեմությամբ արված «Մի քաղաքի պատմությունը»։ Միայն թե «Մի քաղաքը» ռուսական իրականության մասին էր, իսկ «Մկների ժողովը» ազգային հայկական նկարագիր ունի։ Հետաքրքիր է, որ այս տարբերությունն էլ չափազանց մոտեցնում և ընդհանուր է դարձնում երկու բեմադրությունների սկիզբն ու գեղարվեստական ձևը։ Թատրոնը երկու դեպքում էլ արծածում է համամարդկային, համընդհանուր գաղափարներ։

Ինչպես «Մի քաղաքի», այնպես էլ «Մկների ժողովի» պատմալեզուն սարկազմն է, որը ծնվում է «խումբ» և «խմբապետ» փոխհարաբերության մեխանիզմի բացահայտման արդյունքում։ Ինչպես «Մի քաղաքը», այնպես էլ «Մկների ժողովը» այլաբանական ներկայացումներ են։ Միայն թե Գլուպով հիմարավուն քաղաքի բնակիչներին այստեղ փոխարինելու են եկել մկները՝ Մկստանից։

«Մկների ժողովը» երաժշտական տրագիֆարս է (երաժշտությունը՝  Նարեկ Դուրյանի)։ Բեմում հնչող չափածո խոսքը, որն այնքան հարազատ է Խնկոյանի առակի ժողովրդական բառ ու բանի հնչողությանը, փոխարինվում է նույնքան ազգային երգով, պարով, մնջախաղով։ Թատրոնն իր լուրջ անելիքը ներկայացնում է թատերային, խաղարկային ձևի մեջ։

Մկների հիմնական կոնֆլիկտը Կատվի, իբրև մեծագույն չարիքի հետ և որից ազատվելու համար էլ ժողովի են կանչվում։ Այստեղ է ներկայանում մկնաշխարհը սոցիալական աստիճանավանդակի հետևյալ հերթականությամբ՝ շարքային մկներ-օգնական-Ջոջ-Կատու։ Իհարկե, ուժեղը Կատուն է, որի ահից է մկների իրարանցումը։ Նրանք անմիջապես խմբավորվում են, երբ հայտնվում է Զ. Աբրահամյանի Աղամին՝ Ջոջը, ինչպես հորջոջում է նրա օգնականը՝ Ցիցո - Գ. Սարգսյանը։ Մկներ – մկնապետ հարաբերությունների առանցքում օգնականը միանգամայն կարևոր տեղ է գրավում։

Նիստ, ժողով, ճառեր, որոշումներ, օգնականի «դասական» դարձած արտահայտությունը. «Ի՞նչ անենք – ի՞նչ չանենք» և սովորական դարձած համընդհանուրի սպասումը, թե Ջոջը ե՛րբ է հայտնվելու և ի՛նչ է ասելու, մկների վախն ու դատարկ մեծախոսությանը, ապա «Ինչքան ճառ ենք մենք ասում, այնքան սովն է սաստկանում» երգը - բոլոր այս տեսարանները ներկայանում են քաղաքական ուղղակի աստառով։ Բեմադրիչը դիմում է համարձակ անալոգների, որի արդյունքում շատ ծանոթ, ճանաչելի են դառնում մկներն ու նրանց նիստերը։ Այսպիսով, մկների «անմեղ» ժողովը դաժան փորձության է ենթարկվում՝ բացահայտելով մեր քաղաքական կյանքի այսօրը։

Բեմադրիչն ընտրել է հիանալի դերասանախումբ, որոնց ուզում ես թվել անուն առ անուն՝ Ն. Դալլաքյան, Ն. Չալիկյան, Փ. Կոզակյան, Ա. Էլբակյան, Գ. Մկրտչյան, Վ. Նահապետյան, Լ. Գասպարյան, Ա. Դեղտրիկյան և մյուսները։ Նրանք բոլորն էլ ճկուն են, լավ երգում ու պարում են, լավ կերպարանափոխվում են իրենց դերերում։ Մկնային ոճավորված խոսքն ու ծվծվոցը, պարն ու շարժումը մատուցում են բեմական կուլտուրայի բարձր զգացողությամբ, վարպետորեն, առանց անհարկի չափազանցությունների։ Մկնախամբը բոլորովին էլ անդեմ մասսա չէ։ Յուրաքանչյուր գործող անձ անհատականացված է թե՛ արտաքնապես, թե՛ ներքուստ։ Յուրաքանչյուրի համար գտնված է հետաքրքիր պլաստիկա, շարժվելու և արտահայտվելու կերպ։ Այստեղ նկատելի է բեմական շարժման մասնագետ Լևոն Իվանյանի ծառայությունը։

Ներկայացման մեջ ամենաիներտն ու ծանրաշարժը Կատուն է (Վիգեն Ստեփանյան), որի ասելիքը պարզ է, իսկ անելիքը՝ ոչ այնքան հստակ։ Կատվի տեղը բեմում նախ և առաջ դրամատուրգիորեն որոշված չէ։ Այդ պատճառով էլ մկների կողքին Կատուն զուտ սիմվոլիկ նշանակություն է ստանում։ Շատ ավելի ճիշտ կլիներ հետևելով Աթ. Խնկոյանի իմաստուն առակի փիլիսոփայությանը, Կատվին ընդհանրապես բեմ դուրս չբերել։ Այս դեպքում մկների չնչին ու ծախու էությունը առավել սուր ձևով կներկայանար։ Վ. Ստեփանյանի Կատուն մի տեսակ խախտում է բեմադրության օրգանական հյուսվածքը։

Բեմադրության մեջ ֆարսը իր «ապոգեյին» է հասնում սուտմեռուկ ձևացող Կատվի տեսարանում, երբ մեկը մյուսից ստոր ու վախկոտ մկները հանկարծ «քաջանում են», հերոսներ են ձևանում ու պար բոնում՝ «Քոչարի»։ Պարում են այնպես խրոխտ, այնպես հերոսական ու մարդավարի, որ փշաքաղվում ես բեմադրիչի անսպասելի դուրս ժայթքող թաքուն մտքից։ Ուզում ես մերժել, չընդունել մկների կողմից մեր հերոսական պարի կատարումը, բայց միևնույն ժամանակ սկսում ես մի տեսակ խղճալ ու կարեկցել այդ մկներին, որոնց խմբապետը Կատվի գործակալն է դարձել։ Այս անգամ «Սով է, սով է Մկստան» երգը ավելի դրամատիկ է հնչում։ Երգի ժամանակ մկները հայտնվում են երկար ձգված ցանցի տակ և բեմի խորքից խմբովի առաջ գալիս։ Տպավորությանն այնպիսին է, ասես աշխարհի մեկ վեցերորդ մասի քարտեզի քայլող ուրվագիծն է մկներին իր մեջ առած մոտենում։ Զանգը, որ իբր սեփական անվտանգության համար Կատվի վզից պետք է կախ տային, մեկեն զրնգում է ու լուսավորվում վերևից կախված ջահի տեսքով, որի ելուստները կարմրում են ու ծանոթ աշտարակի աստղերը հիշեցնում (նկարիչ Գրիգոր Սահակյան)։ Այս տեսարանը դեռևս ամենադաժանը չէ։ Ֆինալում մկները բարեկամանում են կատվի հետ և հաշտ ու խաղաղ իրար հետ խմբվում։

Թատրոնը միշտ էլ աննախադեպ, առանձնակի դեր է խաղացել մեր կյանքում և մշակույթում։ Թատերարվեստը մի հոգևոր ձեռքբերում է, որի շնորհիվ հասարակությունը փորձում է հասկանալ ինքն իրեն։ Մեր ժամանակներում՝ հասարակության ինքնաճանաչման, սոցիալական ու հոգևոր հաղորդակցության նոր դրսևորումներում, թատրոնի խնդիրը ավելի է դժվարանում ու բարդանում։ Այն, ինչ թատրոնում այսօր ասվում է հրապարակախոսական լեզվով՝ մի տեսակ ուշացած և հնացած է թվում։ Թատրոնն այսօր նոր ձևերի, անսպասելի պայմանականությունների, սուր համադրությունների կարիք ունի։ Պատանի հանդիսատեսի թատրոնի «Մկների ժոդովը» ներկայացումը ինչ-որ չափով իրականացնում է այդ պահանջն ու սպասելիքը։ «Մկների ժողովի» շատ տեսարաններում հրապարակախոսական շունչն ու պաթոսը, ասելիքն ու առնչությունները մեր քաղաքական կյանքի հետ սուր են, արդիական, դիպուկազդու։ Բեմադրիչ Ե. Ղաղանչյանը և ներկայացման շուրջ համախմբված մյուս ստեղծագործողները (Ն. Դուրյան, Գ. Սահակյան, Վ. Խանամիրյան, Լ. Իվանյան) բեմադրության համար ինքնատիպ լուծում են գտել՝ հրապարակախոսական միտքն առնելով զուտ թատերային, արտահայտիչ, հանդիսանքային ձևի մեջ։ Բեմադրության մեջ վախի, մորթապաշտության, դավաճանության, բռնության, տառապանքի մոտիվները ներկայացվում են ֆարսի տարերքով, իբրև «մկնախաղ», և բեմական հյուսվածքի ներքին շերտերից վեր է բարձրանում մեզ ծանոթ ու վերապրած դառնությունը՝ մեր «հավատքի» և համոզմունքների կորստից։ Ֆարսը ներկայանում է ողբերգական շրջապտույտով։ Այստեղից էլ ծնվում է միանգամայն մութ, ծանր ֆինալը, որը հանդիպում է բեմում կատարվածի հանդեպ հանդիսատեսի ժխտողական վերաբերմունքին։ Սա թատրոնի համար մտածված միտում է։

Շառլ Պերրոյի «Կոշկավոր կատուն» հեքիաթի հիման վրա գրված Պրոկոֆևայի, Սապգիրի համանուն պիեսի բեմադրությունը, ինչ խոսք, հաճելի անակնկալ էր Պատանի հանդիսատեսի թատրոնի ամենակրտսեր հանդիսատեսի համար։ Թատրոնում վաղուց հեքիաթ չէր բեմադրվել։ Երբ շուրջբոլորը քաղաքական կյանքն է եռում, երբ բոլորի մտահոգության առարկան մեր հայ ժողովրդի միասնության խնդիրներն են, արդարության և արդարամտության հաղթանակի հույսն ու սպասումը, երբ համընդհանուրի ուշադրության կենտրոնում մեր կիսավեր քաղաքներն ու անօթևան մնացած մարդկանց ճակատագիրն է, մի տեսակ անսպասելի է դառնում «Կոշկավոր կատվի» ընտրությունը։ Սակայն դա միայն առաջին հայացքից է։ Առաջին հայացքից, քանի որ պատանիների թատրոնը իր առանձնահատուկ խնդիրներն ու նպատակներն անի։ «Եռագույն դրոշ» և «Քաջ Անդրանիկ» երգող մեր փոքրիկներին, որոնք այս դժվարին օրերում իսկական մեծ հավատքով են կյանք մտնում, անհրաժեշտ է նաև հեքիաթի լուսավոր ու պատկերավոր աշխարհի հետ հաղորդակցվելը։ Հեքիաթն իր իմաստուն փիլիսոփայությամբ, արդարամտությամբ նույնպես կոփում և կողմնորոշում է փոքրերին. լինել ազնիվ, առաքինի, բարի, քաջ։ Բացի այդ, կարևոր է հեքիաթի մի առանձնահատկություն ևս՝ հաղթողը միշտ բարին է։ Շատ կարևոր է այդ հարյուրտոկոսանոց հավատը բարու հաղթանակի համար։ Մենք իրավունք չունենք երեխային զրկել իր լավագույն երազանքների հավատքով կյանք մտնելու։ Անկախ մեր կյանքի խորդուբորդություններից, անկախ մեծերի տրամադրությունից, երեխան պետք է իր աշխարհով ապրի ու կյանքի ճանաչման փորձը ձեռք բերի իր ճանապարհով։

«Կոշկավոր կատուն» ներկայացման բեմադրիչր Ռուզան Աստվածատրյանն է։ Ի դեպ, նրա նախորդ աշխատանքը Պատանի հանդիսատեսի թատրոնում դարձյալ հեքիաթ էր՝ Ղազարոս Աղայանի «Արեգնազանը», որի պրեմիերայից արդեն չորս-հինգ տարի է անցել։ Երեխաներին ներգրավել հեքիաթի ու հեքիաթային մաքուր, գունեղ աշխարհը՝ սա է բեմադրիչի գերխնդիրը։ Խաղաղ հեքիաթը իր մաքուր բնությամբ, առանց հարկի կամ անհարկի այլաբանական առնչությունների (հատկապես մեր քաղաքական կյանքի հետ)։ Առնչությունները թող որ ծնվեն անբռնազբոս ընդհանրացումներից, իբրև ենթամիտք և ոչ որպես տեսողապատկերային համեմատությունների շարք։

Բեմադրության հեքիաթային, պայմանական ձևը նախ ներկայանում է նկարչական ձևավորման միջոցով (նկարիչ Գրիգոր Սահակյան)։ Բեմական միջավայրը պատկերված է նկարազարդ ստվարաթղթի և փալասների օգնությամբ։ Հիմնական դեկորները շտրժանիվների վրա տեղադրված երկու լուսամուտ–կառույցներ են, որոնցից կախված են գործող անձանց պատկերող մարդաբոյ տիկնիկներ։ Բեմադրիչի համար կարևորը խաղը ներկայացնելու գաղափարն է։ Երբ դերակատարները հայտնվում են յուրաքանչյուրն իր տիկնիկի կողքին, ասես այդ միտքն են ապացուցում։ Ինքնաբուխ ծնվում է ներկայացման նախաբանը. Ռոբերտ Ամիրխանյանի՝ հատուկ այս ներկայացման համար գրված երգ-երաժշտաթյան ուղեկցությամբ դերակատարները սկզբից մինչև վերջ խաղարկում են հեքիաթ - պիեսի սյուժեն։ Բեմադրիչն օգտագործել է թատրոն՝ թատրոնի մեջ հանրահայտ սկզբունքը։

Գործող անձինք փոքրաթիվ են՝ Թագավոր, Արքայադուստր, Ժակ - հասարակ, Մարդակեր և, իհարկե, Կատուն։ Կատուն ներկայացման ամենահամակրելի ու հմայիչ գործող անձն է։ Նա է խաղի նախաձեռնողը։ Կատուն գործի է դնում իր ողջ հնարամտությունը աղքատ տիրոջը երջանկացնելու համար։ Նա բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարում, իրադարձություններ զարգացնում, գործողությունը առաջ տանում։ Այդ ընթացքում հաստատվում է ներկայացման գաղափարը՝ բարին զորեղ է չարից և պիտի հաղթանակի իսկական, անշահախնդիր բարեկամությունը։

Սաթիկ Շահնազարյանի Կատուն չափազանց պլաստիկ է, քնքույշ ու նազելի, քաղցրալեզու ու հնարամիտ։ Դերասանուհին հաճույքով ընդգծում է իր հերոսի կարևոր արժանիքները՝ խելքը, հումորը, կենսասիրությունը։ Սակայն ինչքան որ կյանքով լի, ազատ ու անկաշկանդ է Կատուն, այնքան սխեմատիկ, «չափված-ձևված են» մյուս գործող անձինք։ Սա բեմադրիչի միտումն է։ Կատուն, ասես, տիկնիկավարն է, մյուսները՝ տիկնիկները, որոնք ներկայանում են դիմակների սկզբունքով։ Թագավորը «ազնվատոհմիկ» ավանդապահ է, Արքայադուստրը՝ «կիսատ - պռատ», խենթ ու ռոմանտիկ, Ժակը «հասարակ է», իր ճակատագիրն ամբողջությամբ Կատվին վստահած, Մարդակերը կառչած է չարիքների կծիկից։ Եվ բոլորն անխտիր չափազանց ծիծաղելի են։ Ծիծաղելի են ոչ միայն Թագավորն (Զ. Աբրահամյան) ու Մարդակերը (Լ. Գասպարյան), այլ նաև Արքայադուստրը (Հ. Մարգարյան), որը մեխանիկական լարովի տիկնիկի պես երգում է ու պարում (պարերի բեմադրիչ Գ. Կարապետյան), խոսում ու երազում, ինչպես նաև Ժակը (Ա. Այվազյան) իր պասիվությամբ և անօգնականությամբ։ Ի դեպ, եթե Արքայադստեր դերակատարումը հետաքրքիր է բեմադրիչի կողմից գտնված կերպավորման կոնկրետ ձևի շնորհիվ, ապա Ժակը ներկայացման ամենաանհետաքրքիր ու անգույն կերպարն է, որին մեծ չափով պակասում են երգիծական հնչեղ գույները։

Բեմադրությունն արված է ճաշակով, ունի զուսպ նկարագիր, որը մի կողմից բեմադրական կուլտուրայի վկայություն է, մյուս կողմից՝ մի տեսակ սանձում է, կաշկանդում ներկայացման խաղարկային տարերքը։ Բեմադրությանը երբեմն-երբեմն պակասում է երևակայությունը, տեխնիկական հնարները, արտասովոր հղացումները։ Կցկտուր են, հատկապես, Մարդակերի կերպարանափոխության տեսարանները։ Այստեղ ավելի քան անհրաժեշտ էին սուր, անհավանական պայմանականություն, հեքիաթային ընդգծված չափազանցություններ։

Եվ երկրորդ դիտողությունը։ Կատուն մի տեսակ հեշտությամբ և շատ արագ է հաղթանակ տանում։ Կատվի հնարամիտ ուժի կողքին Մարդակերը շատ է պարզունակ ու անզոր։ Բոլորովին էլ պարտադիր չէր Մարդակերին սարսափազդու գույներով ներկայացնել։ Պարզապես պետք էր մտածել Կատվին ինչ-որ կերպ հավասարազոր հակառակորդ ստեղծելու մասին։ Այս դեպքում պայքարը շատ ավելի հետաքրքիր, լարված ընթացք կստանար։

Հեքիաթի բեմադրությունը կարող է հաջողված լինել միայն այն դեպքում, երբ դերակատարները բեմադրիչի հետ միասին խորապես համոզված են, որ այն, ինչ կատարվում է բեմում, լուրջ է և նշանակալի։ Այս միտքը ընդգծում է բեմադրության ամենաուշագրավ տեսարանը, երբ գործող անձինք համախմբվում են՝ լուսանկարվելու պատրաստ։ Նրանք զրույցի են բռնվում, որն ընդհատվում է լուսանկարող սարքի ձայնից, դերակատարները հաճույքով փոխում են իրենց կեցվածքը, լուսանկարվում, նորից զրույցի անցնում և այսպես շարունակ։ Խմբի կենտրոնում, իհարկե, հեքիաթ-պիեսի հերոսն է՝ Կատուն։ Գործող անձինք, բեմադրիչն ու հանդիսատեսը՝ Ռոբերտ Ամիրխանյանի աշխույժ ու կերպարային երաժշտության ուղեկցությամբ իրենց անթաքուն ուրախությունն ու հրճվանքն են արտահայտում թատրոնի այդ անհրաժեշտ հաղթանակի առթիվ։

ՆԱՐԻՆԵ Սարգսյան

Նյութի աղբյուրը՝ «Արվեստ», N9, 1990 թ.

395 հոգի