19.11.2022 2:41
Սունդուկյանի անվան թատրոնի այս աշխատանքը քննարկման դրվեց պրեմիերայից ինն ամիս անց։ Եթե «տեխնիկական» պատճառները մի կողմ դնենք, ուշացման հիմնական առիթը, ըստ երևույթին, այդ ներկայացումը գնահատելու որոշակի ելակետ չգտնելն էր-կարծիքները իրարամերժ էին՝ «խոշոր իրադարձություն մեր թատերական կյանքում» և «տապալում»…
Հունվարի 18-ին թատերական ընկերության դահլիճում վերջապես կայացավ քննարկումը՝ բուռն ու կրքոտ, ինչպես և ենթադրվում էր։
Զեկուցող Լ. Սամվելյանը գտավ, որ
ԼՈւԻԶԱ ՍԱՄՎԵԼՅԱՆ
«Ռոմեո և Զուլիետը» բեմադրող Վ. Աճեմյանը անտեսել է կամ չի նկատել Շեքսպիրի ողբերգության բուն իմաստը «տրտում պատմություն սիրո մասին»։ Ներկայացումը սկսվում է զավեշտող դրվագներով, և առհասարակ, կոմիզմը, ինքնանպատակ զավեշտը գրեթե հիմնական որակ են դարձել։ Հանդիսականի ուշադրությունը չի բևեռվում տոհմերի թշնամանքի և ընտանեկան բռնապետության զոհ երիտասարդ սիրահարների տառապանքի վրա, դա չի շեշտվում։ Ռեժիսյորը վրիպել է մասնավորի և տիպականի զուգորդման հարցում, ներկայացումը լի է անարժեք մանրուքներով, որոնք չեն նպաստում ու չեն ծառայում բուն մտահղացումը բացելուն։
Ներկայացման երկրորդ կեսը, ուր պետք է առավել մեծ ուժով բացահայտվեր կերպարների ողբերգական նկարագիրը, չափազանց թույլ է. Ռեժիսյորը, գրեթե բոլոր դերակատարները ի վիճակի չեն եղել կամ չեն ցանկացել հեռանալ կենցաղային-կոմիկական պատումի ոլորտից։ Այդ են մատնում նաև տեքստում արված կրճատումները, արագախոսությունը՝ խոհական կտորներում։ Միակ դերակատարումը, որ անվերապահորեն արժանի է գովեստի, Ս. Սարգսյանի Թիբալտն է։ Իրոք ողբերգական կերպարանք ու խաղ, շեքսպիրյան երկի ոգու հարազատ ըմբռնում ու մատուցում։ Իսկ ահա Մ. Մկրտչյանի Մերկուցիոն, ինքնին հետաքրքրական լինելով, կապ չունի այս պիեսի հետ։ Սա կարծես Լոպե դե Վեգայի կոմեդիաների հերոսներից լինի։ Մ. Մկրտչյանը ինքն է ասես հորինել այդ կերպարը։ Մերկուցիոն պետք է լիներ բարեկիրթ, ազնիվ, նրբագեղ ասպետի տիպ, ինչպես բնութագրել է նրան Պուշկինը, մինչդեռ բեմում երևում է մի պարզ ու հասարակ անձնավորություն, որին կարծես տեսել ես մեր փողոցներում...
Ջուլիետը, Մ. Սիմոնյանի անձնավորումով, զուրկ է բնական անմիջականությունից։ Ռեժիսյորը և դերասանուհին ճիգ են գործադրում անպայման դեռահաս պատկերելու Ջուլիետին, նրանք կարծես չեն հավատում թե տասնչորսամյա աղջիկը կարող է այդքան խոհուն լինել։
Դերի վրա մեծ աշխատանք է կատարել Խ. Աբրահամյանը։ Նրա Ռոմեոն ներկայացումից ներկայացում փոխվում է։ Դժբախտաբար՝ դեպի վատը։ Դերասանը գնալով հեռանում է իր իսկ ճիշտ գտածից. մտածող Ռոմեոն, այդ «սիրահարված Համլետը», իր տեղը զիջում է վազվզող, մանկացող, խենթավուն տղային:
Աբրահամյանի Ռոմեոն, Սիմոնյանի Ջուլիետը բացառիկ բնավորություններ չեն։ Առհասարակ՝ այս ներկայացման հերոսները ավելի շուտ այսօրվա մարդիկ են, քան վերոնացիներ։ Այդ բանը երևում է նաև ձևավորումից և հագուստներից։ Նկարիչ Ա. Գրիգորյանցը և ռեժիսյորը հրաժարվել են բանաստեղծական բնությունից, դերակատարների հագուստները ճոխ չեն, չի զգացվում վերածնության շրջանի նրբագեղությունը, բարեկրթությունը։ Ռեժիսյորը ավելի շատ հոգ է տարել ներկայացման առաջին պլանների մասին՝ սրընթաց տեմպ ու ռիթմ, զավեշտական դրվագներ, հանդիսականին հրապուրող արտաքին այլ հանգամանքներ, իսկ հիմնականը՝ տխուր ու տրտում պատումը, աղոտ է ու ասես արհամարհված, Վ. Աճեմյանը ներկայացման մեջ, հատկապես գլխավոր դերերում, հանդես չի բերել նոր, երիտասարդ ուժերի։
Վերջում զեկուցողը անդրադարձավ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմանը նվիրված թատերախոսականներին։ Նրա կարծիքով մամուլում հանդես եկած հոդվածագիրները հանիրավի դրվատել են Վ. Աճեմյանի այս աշխատանքը, չեն ասել ողջ ճշմարտությունը։
Զեկուցողից հետո առաջինը խոսք վերցրեց բեմադրության հեղինակ Վ. Աճեմյանը.
ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ
-Ժամանակակից Շեքսպիր, կենդանի, ճշմարիտ հույզեր, պարզություն և խորություն,-ահա այս է եղել մեր նպատակը ներկայացումն ստեղծելիս։ Ո՞ւմ է պետք թանգարանային, դասագրքային Շեքսպիրը, մի՞թե «նրբագեղության», «բարեկրթության» ցուցադրումը այսօր կարող է գոհացնել հանդիսականին։ Մարդու ազատության հիմն, ճիչ ընդդեմ բռնության ու ատելության, ընդդեմ խավարի։ Այսպիսին է «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության մեր ըմբռնումը։ Շեքսպիրին կոնկրետ պատկերել նշանակում է նախ գտնել այն գույն ու երանգը, որով նա հարազատանալու է այսօրվա հանդիսականին։ Չէր կարելի այդպիսի մեծ գործ բռնել անտեսելով և հայկական խառնվածքի առանձնահատկությունները՝ խոհականություն, տեմպերամենտ, ներքինի շեշտում, պարզություն և առնականություն։ Այս հատկանիշները միայն օգնել են մեզ բեմում պատկերելու վերոնացիներին, որոնք միաժամանակ մեր օրերի մարդիկ են՝ իրենց հույզերով, բնավորությամբ, ճակատագրով։ Մի՞թե այսօր էլ չի կարող լինել նման մի պատմություն, կամ չկա՞ն այդպիսի մարդիկ, միթե՞ մենք ականատեսները չենք ատելության ու մարդկայնության մեծ գոտեմարտի։
Ինձ թվում է, մեծ սխալ կլիներ, եթե տարվեինք ռոմանտիկ պաճուճանքով, հոգայինք սոսկ անցուդարձի սիրունության մասին, ապավինեինք կեղծամներին ու ծաղիկներին, լուսնին ու վարդերին։ Դա Շեքսպիրի ավանդական, հնաբույր ըմբռնումն է, որ խորթ է մեր օրերին։
Այո, «Ռոմեո և Ջուլիետի» մեջ հարևանում են կոմիկականն ու ողբերգականը, մարդկանց անպաճույճ առօրյան և կրքերի եռուցքը։ Չգիտեմ ինչ չափով է դա հաջողվել, բայց մեր նպատակն է եղել ուժեղ կոնտրաստներ ստեղծել և դրանց միջոցով բացահայտել սիրո և ատելության, կյանքի ու մահվան շեքսպիրյան թեման։ Թևավոր պոեզիան, իմ համոզմամբ, բնավ չի բացառում կյանքի «սովորական» ընթացքը, այլ ընդհակառակը առավել ուժգին դրսևորվում է դրա միջոցով։ Ուրեմն, ինչո՞ւ շեքսպիրյան կերպարների նսեմացում տեսնել հերոսների կենդանի պատկերման մեջ։ Արդյոք մեր հանդիսականին շա՞տ բան կտային արտաքին շուք ու փայլը, զեկուցողի պահանջած «նրբագեղությունը»։
Ինչ խոսք, դյուրին բան չէ շեքսպիրյան անթերի ներկայացում ստեղծել, այն էլ այնպիսի հնարավորություններով և այնպիսի պայմաններում, որ այսօր առկա են մեր թատրոններում։ Դրա համար անհրաժեշտ էր նաև մեր թատերագետների նախանձախնդիր մասնակցությունն ու օգնությունը։ Մինչդեռ նրանք մենակ թողեցին մեզ, ավելին, ոմանք կասկածի տակ էին առնում «Ռոմեո և Ջուլիետին» դիմելու նպատակահարմարությունն առհասարակ. ինչո՞ւ բեմադրել, երբ արդեն եղել են ուրիշ ներկայացումներ, ֆիլմեր, բալետներ...
ԼԵՎՈՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
-Զեկուցողի պատկերացումները, - ասաց իր ելույթում քննադատ Լ. Հախվերդյանը, - ոչ թե տարբեր, այլ տրամագծորեն հակառակ են այն սկզբունքներին, որ ընկած են քննարկվող բեմադրության հիմքում։ Ռեժիսյորը միանգամայն գիտակցաբար հրաժարվել է «նրբակիրթ», «արիստոկրատական էտիկետով» հատկանշվող «նրբագեղ» միջավայր ներկայացնելուց, որ այսօր կարող էր հնչել իբրև արխաիզմ։ Իհարկե, ներկայացումն ունի թերություններ, բայց այդ թերությունները շատ ավելին կլինեին, եթե բեմադրությունն արվեր ըստ այն սալոնային Շեքսպիրի պատկերացման, որ առաջարկում է զեկուցողը։
Ռոմեոյի դերակատար Խ. Աբրահամյանն ասաց, որ
ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
դերի վրա աշխատելիս իրեն մտահոգել ու տանջել է Ռոմեոյի այսօրվա կերպարը գտնելու հարցը։ Անկարելի է համաձայնել այն պնդմանը, թե ծիծաղը, հասարակ պահվածքը անհարիր են այդ բացառիկ անձնավորության խառնվածքին, խաթարում են այն։ Ռոմեոն բացառիկ է հենց իր մարդկայնությամբ, պարզությամբ, հոգու՝ խենթության հասնող անմեղությամբ։ Իսկ սրանք սոսկ գեղեցիկ պոզայով, մռայլ ու թախծոտ կերպարանքով, վսեմաշուք կեցվածքներով արտահայտելու բաներ չեն։
Թատերագետ Ս. Ռիզաևը վիճարկեց այն տեսակետը, թե
ՍԱԲԻՐ ՌԻԶԱԵՎ
հարկավոր էր բեմում ստեղծել հովվերգականորեն գեղեցիկ պատկերներ։ Դա հեռու է Շեքսպիրից, նրա պատկերած ժամանակից ու հերոսներից։ «Ռոմեո և Զուլիետ» ներկայացման մեջ, Ռիզաևի կարծիքով, կան նաև լուրջ թերություններ։ Որոշ դերակատարների խանգարում է բացորոշ տեխնիկան, զգում ես անսքող ճիգ։
Ներկայացման երկրորդ բաժնում կան ավելորդություններ, բայց դրանք էական չեն։ Կարևորն այն է, որ միջավայր է բացված, գրեթե ամեն ինչ ուղղված է որոշակի կոնցեպցիայի դրսևորմանը։
-Ներկայացման քննարկումը այս կամ այն տեսակետի ու վերաբերմունքի «պաշտպանության» չպիտի վերածվի, - իր ելույթում ասաց թատերական քննադատ Ս. Բարսեղյանը։ -Ճշմարտությո՛ւնն ի հայտ բերել, կատարված աշխատանքի իրական պատկերն ու գնահատականը տալ, սա է գլխավորը։ Խ. Աբրահամյանը, օրինակ, խոսքին պատշաճ ուշադրություն չի դարձնում, նրան և մյուս դերակատարներից մի քանիսին մտահոգողը կարծես թե լոկ տեմպն ու ռիթմն է, դինամիկան։
Գրականագետ Գ. Աբաջյանն ասաց, որ
ԳԵՎՈՐԳ ԱԲԱՋՅԱՆ
ինքը դժվարանում է որոշել, թե ինչ ժանրի երկ է «Ռոմեո և Ջուլիետի» այս ներկայացումը։ Կոմիկական տարրը ակներևաբար գերիշխող է, և այդտեղ դեր է խաղացել Վ. Աճեմյանի խառնվածքը։ Նա, Աբաջյանի կարծիքով, կոմեդիայի ռեժիսյոր է, ողբերգությունը նրա տարերքը չէ։ (Այստեղ ելույթ ունեցողին դահլիճից ռեպլիկ տրվեց. «իսկ «Արա Գեղեցի՞կը»,
«Նամուսը», «Ժայռը»…»):
Աբաջյանին տարակուսելի է թվում նաև այն, որ ողբերգության թեման բեմում աստիճանաբար չի բացվում։ Նա պնդում էր, որ Մ. Սիմոնյանի Ջուլիետի մտավոր մակարդակը ցածր է, դերասանուհին ավելի շատ մտածում է ու ջանում դեռահաս երևալ, քան բացել սիրո շնորհիվ հասունացող միտք ու հոգեբանություն։
Լ. Սամվելյանի խոսքից հետո, քննարկման արդյունքներն ամփոփեց նիստը նախագահող Ա. Արաքսմանյանը։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԱՔՍՄԱՆՅԱՆ
Նա վիճարկեց զեկուցման և քննարկման ընթացքում արտահայտված որոշ դրույթներ, գտնելով, որ քննարկումը չսպառեց այս հետաքրքիր ներկայացման հետ կապված էական խնդիրները։
Նյութի աղբյուրը՝ Սովետական արվեստ, №2, 1965