Հուն. - pausis - ընդհատում, կասեցում
լատ. - pausa - ես կանգ եմ առնում
ֆրանս. - pause
անգլ. - intermission
գերմ. - pause
իսպ. - pausa
ռուս. - пауза
հայ. - դադար
ժամանակավոր կանգառ բանավոր խոսքի մեջ, կամ բեմական գործողության ընդմիջում: Բանավոր խոսքի մեջ խոսքի առանձին մասերի, նախադասությունների, նախադասության առանձին շարույթների միմյանցից բաժանելու նպատակով արտասանական օրգանների աշխատանքի կասեցմամբ, արտաբերական շղթայի ընդհատումը՝ ձայնի հնչողության այս կամ այն չափ ընդմիջման միջոցով: Ըստ այդմ էլ կան քերականական, շարահյուսական և իմաստային դադարներ, որոնք խոսքի ռիթմի ու տակտի կառուցման կարևոր գործոններն են: Դադարը դերասանական արվեստում երբեմն ֆիզիոլոգիական պահանջ է. շնչառությունը կանոնավորելու (‹‹շունչը տեղը բերելու››) հնրավորություն է տալիս: Շնչառական պաուզան բնախոսական անհրաժեշտություն է, մինչդեռ պատճառական, ռիթմական, տրամաբանական, ճարտասանական, հոգեբանական, հակադրության, բացատրական, հուզական, հարցական, բացականչական, պատմողական դադարները ծառայում են խոսքն առավել արտահայտիչ և գեղարվեստորեն տպավորիչ դարձնելու նպատակին: Երբեմն տեղավորվելով նախադասության կամ ինտոնացիոն պարբերույթի վերջում և ձայնը իջեցնելու կամ բարձրարցնելու միջոցով դադարները կանխորոշում են տեքստի առոգանության բնույթը, իմաստային ավարտվածությունը: Գրավոր խոսքում դադարը նշանագրվում է կետադրությամբ (վերջակետ, միջակետ, ստորակետ, բազմակետեր, կախման կետեր), որոնց փոփոխությունից փոխակերպվում է նաև արտահայտվող իմաստը: Օրինակ, ‹‹գնդակահարել,, չի կարելի,, ներել›› բառերի դադարային համակցությունը ստորակետային դասավորվածությունից կախված փոխում է նաև ձևաստեղծվող մտքի իմաստը: Լեզվաբանությունից հայտնի է նաև դադարական կերպ բայական կերպը, որը ցույց է տալիս, որ բայի արտահայտած գործողությունը, դրությունը, վիճակը ընդհատվում է, կամ ընդհատվել է դադարելու կամ էլ նորից կատարվելու համար:
Առօրյա խոսքի դադարները լինում են հետևյալ տեսակների.
դադար ճիշտ բառերի ընտրության համար - միտքը գալիս է ակնթարթորեն, բայց այն դեռ պետք է ինչ-որ կերպ արտահայտվի բառերով, և ցանկալի է այնպես, որ հասկանալի լինի և տպավորիչ:
կառուցվածքային կամ շարահյուսական դադարներ - բաժանարար դադարներ են, որոնք ծառայում են նախադասության կառուցվածքը նշելու համար (հիմնական անդամներ, փոքր անդամներ և այլն) և հաճախ համապատասխանում են կետադրական նշաններին:
տրամաբանական դադարներ – ընդգծում են նախադասության իմաստը և դրա ուղերձը
զգացմունքային դադար - զգացմունքների ուժեղ հոսքը խանգարում է խոսքին և հաճախ շատ ժամանակ է պահանջում գնահատական տալու և որոշում կայացնելու համար:
Առանց դադարի, խոսքը դառնում է գիտակցական հոսքին նմանող բառերի գրեթե անիմաստ խումբ: Դադարների սխալ կիրառմամբ ընթերցված կամ արտասանված տեքստի մեջ տուժում են ինտոնացիան և ռիթմը: Անտեղի օգտագործված դադարները, ոչնչացնում են արտահայտության իմաստը: Միևնույն ժամանակ, հոգեբանական դադարները, որոնք միտումնավոր սխալ են դրված, տալիս են պատկերի որոշակի մեկնաբանություն։ Եթե դադարները շատ են՝ խոսքը դառնում է ընդհատվող, կտրատված, առաջանում են բազմաթիվ շեշտադրումներ, ինչը անսովոր է կենդանի խոսքի համար։ Խոսքը ծանրանում է, դառնում դժվար ընկալելի, քանի որ կարևորվում են ոչ միայն հիմնական, այլև երկրորդական բառերը։ Ուստի շատ կարևոր է ճիշտ որոշել տրամաբանական և հոգեբանական դադարների տեղը։
Գեղարվեստական և հասարակական խոսքում դադարների իմաստալից օգտագործման անհրաժեշտությունն առաջացել է դեռևս դասական դարաշրջանում:
Մարկ Տուլիուս Ցիցերոնի վկայությունը հաղորդում է, որ հնագույն գիտակները կարծում էին, որ նույնիսկ արձակ խոսքում անհրաժեշտ է գրեթե պահպանել չափածո ռիթմը. հենց նրանք էին պահանջում որպեսզի ելույթում լինեն կանգառներ, որոնց ընթացքում կարող ես շունչ քաշել, դրանք, սակայն, պայմանավորված չեն մարդու հոգնածությամբ կամ գրագրի դրած նշաններով, այլ չափված խոսքերով և նախադասություններով: Իսոկրատն առաջինն է սովորեցրել դա, որպեսզի, ինչպես հայտնում է իր աշակերտը՝ Նավկրատեսը, ռիթմիկ պարզություն հաղորդի հնագույն հռետորների սովորաբար անկանոն ելույթներին՝ դրանք ականջի համար հաճելի դարձնելով: Քանի որ երաժիշտները, ովքեր ժամանակին եղել են նաև պոետներ, ստեղծեցին հաճույք պատճառելու երկու եղանակ՝ չափածոն և երգեցողությունը, որպեսզի և՛ խոսքի ռիթմը, և՛ ձայնի մեղեդին հիացնեն և հագեցնեն ունկնդիրներին:
Այսօր դադարը համարվում է ինտոնացիայի լիարժեք բաղադրիչ, որը կատարում է հետևյալ գործառույթները՝ բաժանում և ինտեգրում, իմաստային և շարահյուսական հարաբերությունների փոխանցում։ Ընդ որում, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, դադարը խոսքին հաղորդում է արտահայտիչ, զգացմունքային և մոդալ իմաստներ, ինչպես նաև կատարում է ազդեցության գործառույթը:
Դադար թատրոնում նշանակում է նաև ընդմիջում(ռուս. антракт) – արարների միջև ընկած ժամանակահատվածը, որի ընթացքում խաղն ընդհատվում է, իսկ հանդիսատեսը կարող է լքել դահլիճը, ոչնչանում է պատրանքը և վերադառնում է իրական ժամանակը: Ընդմիջումը բազմաթիվ այլ գործառույթներ ևս ունի, նախ և առաջ դա հոգեբանական անհրաժեշտություն է հանդիսատեսի համար, ում ուշադրությունը հնարավոր չէ գամված պահել երկու ժամից ավել: Իրականության վերադարձը հնարավորություն է տալիս հանդիսատեսին մտորել տեսածի մասին, դատողություններ անել թատրոնի կատարած աշխատանքի շուրջ և ընդհանրացնել ու համակարգել ստացած էմոցիաները, հետևաբար ընդմիջումը նաև քննադատական մտքի արթնացման պահն է: Էպիկական թատերագրությունը նպաստում է նման դադարների ավելացմանը ներկայացման մեջ, ստիպելով հանդիսատեսին «միջամտել» պատրանքի փլուզման պահերին, և հակառակը, ներկայացումները, որոնք հիմնված են հիպնոսային ազդեցության վրա և ենթարկվում են յուրահատուկ ռիթմի, այսօր հաճախ հրաժարվում են պատրանքը փլուզող դադարներից:
Ընդմիջումը երկկողմանիորեն անհրաժեշտ է և′ հանդիսատեսին և′ թատրոնին: Այդ ժամանակահատվածում փոփոխվում է բեմի դեկորացիան, դերասանները հանգստանում են, շտկում կամ փոխում են հագուստն ու շպարը: Բայց դրա հիմնական գործառույթը ի սկզբանե սոցիալական է եղել. այն հաստատվել է Վերածննդի դարաշրջանի պալատական թատրոնում, դա թույլ էր տալիս բարձրաշխարիկ հանդիսատեսին հանդիպել ճեմասրահում և ցուցադրել իրենց ճոխ հագուստները:
Եթե այլ դեպքերում ընդմիջման ժամանակ փլուզվում է պատրանքը, ապա կլասիցիստական դարաշրջանի թատրոնում ընդմիջումները ծառայում էին պատրանք ստեղծելու համար: Ենթադրվում էր, որ ընդմիջման ժամանակ հերոսները շարունակում էին գործել. արարների միջակայքում ընկած դադարների ժամանակ, թատրոնը ազատ է, բայց գործողությունը շարունակվում է բեմից դուրս, կամ ընդմիջում նշանակում է հանգիստ միայն հանդիսատեսի համար, և ոչ մի դեպքում գործողության:
Այժմյան թատրոնը հնարավորինս կրճատել է ընդմիջումները՝ հասցնելով մեկի: Իր տեղում գամված՝ ստիպված լինելով լռել, անշարժ մնալուց՝ անհարմարություն կրող ժամանակակից հանդիսատեսը չի կարող իր դժգոհությունն արտահայտել, նա պետք է ներգրավվի բեմում կատարվող դեպքերի մեջ, ասես «պատարագի» է մասնակցում, և չկորցնի ներկայացման թելը: Հանդիսատեսին այս բոլոր «փորձությունների» միջով անցկացնելու նպատակը հետևյալն է՝ թույլ չտալ, որպեսզի թատերական տիրույթից «ուղեղի արտահոսք» տեղի ունենա:
Դադարը՝ ‹‹որպես լռություն››, դերասանի խոսքային հաղորդակցության և ժեստերի լեզվի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Դրա անհրաժեշտությունը խոսքի մեջ կարող է որոշվել և′ դերասանի և′ ռեժիսորի կողմից: Երկուսն էլ, կախված դրությունից, պայմանաձևից ու տեսարանակարգից, կարող են և՛ արտահայտչամիջոց, և արտահայտչաձև լինել: Սա բերում է փոխներթափանցման ու փոխազդեցության մեծ հնարավորություն: Սակայն դադարն ու լռությունը, ‹‹հոմանիշներ›› լինելով, այնուամենայնիվ, նույնական չեն: Լռությունը փիլիսոփայական-ընդհանրացնող է (‹‹մնացյալը լռություն է››), դադարը՝ առարկայական-որոշարկող (կոնկրետ անխոս գործողություն): Դադարը կամային նշան լռության արտահայտչամիջոցներից մեկն է, լռությունը՝ դադարի հիմնական արտահայտչաձևը: Լռության պահերը բխում են հոգեբանական իրավիճակից, դրանք կարող են լինել մտածված կամ ակամա, որոնք ուժեղացնում են լարվածությունը, կամ արտացոլում են որևէ զգացմունք: Օրինակ՝ ողբերգական լուր լսելու կամ հայտնելու պահը: Դրամայի բարձրակետը՝ գործողության կուլմինացիան, արտահայտվում է հերոսի խոսուն լռությամբ ու այստեղ դադարի կարևոր առաքելություններից մեկը լռության ընկալումն է տարածության և ժամանակի մեջ: Եվ դադարը դառնում է դեպի մետաֆիզիկական լռության անցման նախանշանը: Սովորաբար դադար ասելով հասկանում ենք գործողություն՝ առանց խոսքերի, սակայն ամեն մի համր գործողություն դադար չէ: Կերպարը, ով ամբողջ գործողության ընթացքում ոչ մի բառ չի արտասանում, միևնույն է՝ գործում է, ընդգրկված է գործողության մեջ։ Դադարը պետք է առանց խոսքերի գործողություն լինի, որի վրա գիտակցաբար հրավիրվում է հանդիսատեսի ուշադրությունը, այսինքն կինոլեզվով՝ դադար նշանակում է խոշոր պլան: Դադար, որում ոչինչ տեղի չի ունենում, որը չի վերագրվում ակտիվ գործողությանը, դադար չէ, այլ դատարկ տարածություն: Միևնույն ժամանակ լռելն էլ դեռևս լռության երաշխիք չէ:
Կան դադարի որակապես տարբեր մի քանի տեսակներ։
Դերասանական դադար.
Դրամատիկական տեքստի ցանկացած ընթերցում պարունակում է որոշակի թվով դադարներ, ինչպես նաև կատարվող գործողությանը, իրադարձությանը, փաստին տրվող գնահատականը կապված է դադարի հետ: Հաճախ դադարները ամրագրվում են ռիթմիկ սխեմայով (օրինակ՝ չափածո տեքստերում): Դադարները նպաստում են ռիթմի հաստատմանը, դրանք կառուցում, ամրապնդում են, և կենդանություն են հաղորդում դերասանի խոսքին և միզանսցենին: Խոսքային դադարի ժամանակ դերասանը գործի է դնում դիմախաղն ու ժեստերը: Հենց այդ պահերին է նա կարողանում անխառն արտահայտել այնպիսի զգացմունքներ և հույզեր, ինչպիսիք են՝ զարմանքը, վախը, վիրավորանքը, արհամարանքը, համակրանքը և այլն: Ռեալիստական տեքստում (օրինակ՝ առօրյա խոսակցությունից մի հատված) դադարները տրվում են դերասանի հայեցողությամբ, նա անում է դա (ռեժիսորի հետ համաձայնեցված) իր դերի հոգեբանական վերլուծությունից ելնելով, փորձելով ինտուիտիվ կերպով որսալ այն պահերը, երբ առաջանում է դրա անհրաժեշտությունը: Դերասանական դադարներից հայտնի հայկական օրինակ է, Հասմիկի վերջին դերակատարման դրվագը, երբ դանդաղ շարժվում է դեպի որդին, որի կույր լինելու մասին մինչ այդ տեղյակ չէր:
Ռեժիսորական դադար
Ռեժիսորական դադարը նրա մենախոսությունն է, գրական գործում վերջինիս ներկայությունը՝ որպես համահեղինակ: Դա ռեժիսորի ձեռագրային շեշտադրումներից մեկն է բեմադրական հյուսվածքում և բխում է ներկայացման գերխնդրից, նրա մթնոլորտից: Ռեժիսորական դադարները ամենից հաճախ տրվում են ներկայացման նախաբանում և վերջաբանում։ Ռեժիսորական դադարում կա գործողությունների մեկնաբանություն, վերաբերմունք կերպարների նկատմամբ, կոմպոզիցիոն և ժանրային լուծումներ։ Այն ֆիզիկական գործողություններով լի ժամանակահատված է, որը կարող է ընդլայնել գործողությունը, դադարեցնել դրա զարգացումը կամ, ընդհակառակը, շարունակել այն. ծխախոտ վառել և ծուխ ներշնչել, դուռը թակել և սպասել պատասխանի, թեյ լցնել և գդալով խառնել և այլն: Զուտ արհեստի տեսակետից փորձված է՝ որ լռությունն է ավելի տպավորիչ անշարժության մեջ: Պոտենցիալ վիճակները սուր են երևում անշարժության մեջ: Շարժումն իմաստավորվում է դադարների հետ, որոնք հուշում են չբացահայտված մոտիվի առկայություն:
Դադարը միայն առաջին հայացքից է թափարգելի ծառայություն մատուցում դինամիկային, սակայն այն հավաքում է պիեսի հերոսների ուժերը հետագա գործողությունների համար, դերասաններինը՝ հետագա մոբիլիզացիայի և այդ գործողությունները կատարելու համար, և վերջապես, հանդիսատեսինը՝ այդ գործողություններն ընկալելու համար։ Բավական է գտնել ճիշտ դադար, որը հուզական լիցք է հաղորդում, և գործողությունը կպայթի նոր ուժով։ Դադարի մեջ հսկայական ուժ կա, հետևաբար, նրա հետ պետք է զգույշ վարվել, այն չարաշահելու դեպքում կստեղծվի հակառակ տպավորություն:
Ռեժիսորական դադարի օրինակներից է՝ Նոյդյոնովի «Վանյուշինի երեխաները» պիեսի բեմադրական լուծումը. Վաղ առավոտ է: Արևը դեռ չի ծագել։ Գավառական քաղաքը խորը քնած է։ Ժամանակ առ ժամանակ լսվում են գիշերային պահակների ձայները՝ «նայիր-լսիր», «լսիր-վայ-նայիր»։ Ձայները ծույլ են... Եվ ահա այս լռության մեջ ներխուժում է «Գնում էր տոնավաճառ ...» երգի մեղեդին։ Այս երաժշտության ներքո սայլից իջեցնում են «Վանյուշին և Կ» առևտրի տան հայտարարություններն ու ցուցանակները։ Առավոտ է. գործավարների մոտ իրարանցում է։ Նոր օրը նոր սուտ ու կեղծավորություն բերեց Վանյուշինների տուն... Ամբողջ գիշեր, Ալեքսեյին սպասելով, ոչ ոք աչք չէր կպցրել: Բոլորը պարզապես քնած էին ձևանում։ Ծեր Վանյուշինը հյուրասենյակում սպասում էր իր որդուն՝ գաղտագողի թաքնվելով ուրիշներից, որպեսզի առաջինը հանդիպի որդուն և նրա հետ վիճի առանց օտարների ներկաըության: Այս դադարում ռեժիսորը որոշում է ամբողջ արարի հիմնական գաղափարը՝ խլացնել սկանդալը, որի մեղավորը հենց ինքը՝ Վանյուշինն է։ Նա նայելով իր երեխաներին մտածում էր. ինքն ու իր կինը միայն ծնել են նրանց, իսկ հետո «գցել» երկրորդ հարկ, որտեղ երեխաներին թողել են ինքնահոսի: Փաստը, որ Ալեքսեյը տանը չի գիշերել, այն ծայրահեղությունն է, որը խառնել է ամբողջ կեղտը, որ կուտակվել էր ընտանիքում շատ ու շատ տարիների հսկողության բացակայության, անվստահության և վեճերի պատճառով: Կեղծավորությունն ու ցինիզմն այստեղ չափանիշ են դարձել։ Բայց Ալեքսեյի արարքն ավելի շատ Վանյուշինների տան բորոտ մթնոլորտից փախչելու փորձ է, քան այլասերված մարդկանց բարոյականությանը հետևելու արդյունք։ Ներկայացման մեջ միտումնավոր մտցված երկար դադարը (3-4 րոպե), դարձավ ամբողջ ներկայացման լուծման բանալին։
Ռեժիսորական այս դադարը, տվեց էտյուդում կատարված իրադարձությունների գնահատականը և ռեժիսորի տեսանկյունը գրական նյութի վերաբերյալ։ Հեղինակը պիեսում այդքան երկար դադար չունի. ռեժիսորն այն ստեղծել է, որպեսզի ընդգծի տեսարանի հիմնական գաղափարը, այն է՝ ողբերգական բալագանի ծնունդը։
Դրամատուրգիական դադարը հանդիսատեսի ուշադրությունը պահում է անխոս հերոսի վրա, այդպիսով դարձնելով նրան ավելի արտահայտիչ, քան այն գործող անձինք են, ովքեր շարունակում են երկխոսությունը: Այդպիսին է, օրինակ, Ֆրաու Ալվինգի դերը, Իբսենի «Ուրվականները» պիեսի եզրափակիչ արարում: Դրամատուրգիական դադարի և դրա շուրջ դիսկուրսի հնագույն ծաղրական վկայությունը հանդիպում է Արիստոֆանեսի ‹‹Գորտերը›› կատակերգության տողերում: Գործող անձանցից մեռյալ աշխարհում թատրոնի տիրակալության համար պայքարող Եվրիպիդեսը Էսքիլոսի հերոսներին ‹‹լուռ խրտվիլակներ›› է անվանում, իսկ Էսքիլոսի հակահարվածը հիմնականում ուղղված է Եվրիպիդեսի պիեսների ‹‹շատախոսությանը››: Քսաներորդ դարասկզբին դրամատուրգիայում հեղափոխական նորամուծություն էր դադարների չեխովյան տարանշանակ կիրառումը: Դադարներով (որոնք հաճախ անվանվում են ‹‹լռություն›› կամ ‹‹անդորր››) լեցուն է Ս.Բեքեթեի դրամատուրգիան. ‹‹Թատրոն-1››, ‹‹ Թատրոն-2››, ‹‹Քայլերի ձայնը››: Անցյալ դարի թե՛ ռուսական, թե՛ հայկական դրաման զերծ մնացին դադարի մշակույթի զարգացումից: Գաղափարական ճնշման պայմանններում թատերագիրները, կարելի է ասել, չէին կարող իրենց թույլ տալ ‹‹լռել›› թեկուզ մեկ րոպե: Ռուսական դրաման գնաց Մ.Գորկու և Բուլգակովի ճանապարհով՝ հենվելով կա՛մ պաթետիկայի, կա՛մ այլաբանության վրա: Դադարի ենթագիտակցական մոդելը մարդուն տարբեր դրսևորումներով ուղեկցում է նրա շնչելու և արտաշնչելու միջակայքում ընկած միկրոակնթարթի զգայական փորձառությունից: Սակայն այն գեղավեստական արտհայատչականության հայտ ներկայացնելու հավակնություն ձեռք բերեց այն ժամանակավանից, երբ ի հայտ եկավ անբավարարվածությունը արտահայտման այլ աղբյուրներից: Մասնավորապես 19-րդ դարի երկրորդ կեսին խոսքը ենթարկվեց այլափոխման, վարկաբեկման:
Երաժշտարվեստում պաուզան դա որոշակի ժամանակահատվածով մեկ, մի քանի կամ էլ բոլոր ձայների հնչեցման դադարեցումն է ստեղծագործության մեջ, որն իր հատուկ նոտայական նշանն ունի: Ժամանակակից նոտագրության մեջ օգտագործվում է կես, քառորդ, մեկ ութերոդ, մեկ տասնըվեցերորդ, մեկ երեսուներկուերորդ, մեկ վաթսունչորսերորդ դադարներ և բրեվիս, որն ըստ էության երկու ամբողջական դադար է: Գոյություն ունի նաև գլխավոր դադար (գերմ. Generalpause) հասկացողությունը: Սրա փոխարեն երբեմն օգտագործում են երկար լռություն ձևակերպումը: Դա մեծաքանակ երաժշտական գործիքների, առաջնահերթ նվագախմբի համար նախատեսված երակարատև դադարն է: Գլխովոր դադարը տակտից կարճ չի լինում: Այն հատկապես բնութագրական է դառնում, երբ հանկարծահասությամբ ընդհատում է երաժշտական մտքի ընթացքը:
Օգտագործված գրականություն
1. Լևոն Հախվերդյան., Թատերագիտական բառարան, Երևան-1986
2. Հենրիկ Հովհաննիսյան., Դերասանի արվեստի բնույթը / էսթետիկական քննություն, Երևան-2002
3. Սուրեն Հասմիկյան, Հասմիկ Հասմիկյան, Լռության գեղագիտությունը դարի դրամատուրգիայում / էսսե- ուսումնասիրություն, Երևան-2013
4. Էդ.Աղայան., Լեզվաբանական բառարան, Երևան-1975
5. Ֆ.Հ. Խլղաթյան., Ոճաբանական տերմինների բառարան տեղեկատու, Երևան-19766.
7. Լ.Տիմոֆեև, Ն.Վենգրով., Գրականագիտական տերմինների համառոտ բառարան, Երևան-1957
8. Ջրբաշյան էդ., Մախչանյան Հ., Գրականագիտական բառարան, Եր., 1972
9. Патрис Пави., Словарь театра. Энциклопедия. Москва-1991
10. СЛОВАРЬ ТЕАТРАЛЬНЫХ ТЕРМИНОВ, Е. Ф. Шангина Барнаул 2015г.
11. Краткий словарь театральных терминов , для студентов режиссерской специализации С.П.Кутьмин 485 слов. Тюмень 2003г.
12. Словарь иностранных слов, Ред. В.В.Пчелкина, Е.Н.Захаренко, Т.А. Пичугина, Москва-1988
13. Музыкальный энциклопедический словарь, Глав. Ред. Г.В.Келдыш, Москва-1990
14. Тихомиров Лев., Как называется пауза в театре. https://shr32.ru
15. А.Зорин., Тень звука: к вопросу о генезисе ремарки "пауза" в драматическом тексте cyberleninka.ru/article/n/ten-zvuka
16. Режиссерская пауза https://forpsy.ru
17. Б. Голубовский., Шаг в профессию, Москва-2002 studfile.net
Համահավաքեց՝ ԳԱՅԱՆԵ Թովմասյանը
Խմբագրելի
15.11.2022 23:37