Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

13.11.2022  3:20

Հիշո՞ւմ եք, անցյալում մեր մայրաքաղաքի զբոսայգիներում կարելի էր տեսնել փայտաշեն մի տնակի մոտ ձգված մարդկանց երկար հերթ։ Տնակում չկար ոչինչ արտասովոր՝ բացառությամբ չորս պատերին կախված հայելիներում անդրադարձված ու շարունակ փոփոխվող մարդկային քրքջացող դեմքերի։ Փաստորեն, մարդիկ երկար հերթ էին կանգնում, տոմս գնում, որպեսզի, կարծեք թե, ծիծաղեն սեփական պատկերի, իրենք իրենց վրա։ Տարօրինա՞կ է։ Ամենևին, քանի որ տնակը կոչվում էր «Ծիծաղի սենյակ», և որ շատ կարևոր է, այն հաճախելը ենթագիտակցորեն կրում էր խաղային տարրեր (ինչպես ամեն մի զվարճանք) ու ձեռք էր բերել համարյա թե սովորույթի նշանակություն։ Հատկանիշներ, ինչպես նկատում եք, բնորոշ թատրոնին։

Ես հեռու եմ ընդհանրացումներ անելու, առավել հեռու այդ թեմայով դատողություններ անելու ցանկությունից։ Մանավանդ որ խոսակցության նյութն այլ առիթով է։ Իսկ առիթը, որ ստիպեց դիմել նման համեմատության, մեկ ներկայացում էր, և այդ ներկայացումն էր Երևանի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ա. Խանդիկյանի բեմադրած՝ Ս. Ստրատիևի «Ավտոբուսը»։

Բեմ։ Մի ավերակ «ավտոբուսի» ավերակ կմախք։ Անկարգորեն դես ու դեն թրևող մարդիկ, բայց որոնց շարժումը հետզհետե ու պարզորոշ «շրջանակի» ձև է ընդունում, որն իր մեջ է առնում անմասնակից կանգնած մեկին։ Զուգընթաց երաժշտության՝ տեմպն ու լարվածությունն աստիճանաբար աճում են, և ի վերջո շրջանը փակվում է՝ բոլորը նետվում են մեկի վրա։ Քաոս։

Այսպես է սկսվում, այսպես է ավարտվում, և սա է այն սխեման, հենքը, որի վրա հյուսվում է ներկայացումը։ Իսկ որպիսին է սկզբունքը։

Մեր առջև են «ավտոբուսի» ութ ուղևորներ՝ արտաքուստ մեզ նման, ոչնչով աչքի չընկնող մարդիկ։ Բայց ահա հայտնվում է իններորդը՝ արտառոց զգեստավորմամբ, արտառոց շարժուձևով ու միմիկայով։ Առաջին միտքը, որ կանցնի ձեր գլխով, սխալ է։ Դա ոչ «խելագար» է և ոչ էլ ռեժիսորական էքսցենտրիկ հնարք։ Որովհետև այստեղ միայն դուք կնկատեք, որ մեզ նման, ոչնչով առանձնապես աչքի չընկնող ութ ուղևորներից յոթն առանց բացառության կրում են սպիտակ շապիկ՝ հար և նման իններորդի, որն է Անպատասխանատուն (Ռ. Քոթանջյան)։ Եվ միայն մեկը՝ Սիրահարված աղջիկը (Ն. Զարյան) չի ենթարկվում այդ կանոնին, ու այսպիսով հենց սկզբից կարելի է կռահել նրա հակադրումը մնացյալներին և երկու բևեռների գոյացումը։

Այդպես էլ լինում է, սակայն պարզ է, որ հակոտնյաների բացահայտում հնարավոր է միայն գործողության ընթացքում և միայն որոշակի հանգամանքների հաջորդմամբ։ Ուրեմն, նախ և առաջ, հանգամանքների մասին։

Գործողությունը սկսվում է երևակայական ավտոբուսի ուղերթով։ Թե ինչո՞ւ երևակայական, հարց է, որին կանդրադառնանք ավելի ուշ։ Ասվեց, որ ուղևորները ինն են՝ Խելամիտը, Անխելամիտը, Վիրտուոզը, Անպատասխանատուն, Ամուսինը, Կինը, Այդոմիրցին, Սիրահար տղան և Սիրահար աղջիկը։ Թե ինչո՞ւ ուղևորներն անվանված են այս և ոչ այլ սկզբունքով, հարց է, որը սերտորեն առնչվում է նախորդի հետ։

Այսպիսով, հանգամանք առաջին. ավտոբուսն ուղերթից շեղվել է։ Երկրորդ՝ ավտոբուսն ուղերթից շեղվել է հացի համար։ Երրորդ՝ ավտոբուսը քաղաքից դուրս է եկել դեպի գյուղ՝ նույն պատճառով։ Չորրորդ՝ վարորդը հարբած է, առկա է վթարի, հետևաբար մահվան վտանգ։ Ինչպես դժվար չէ նկատել, հանգամանքների նման պարաբոլիկ հաջորդականությունը ենթադրում է ուղևորների նույնանման ռեակցիա, վարվելակերպ, ընդ որում, ծավալվող իրադարձություններն ուղիղ համեմատական են հետզհետե սրվող իրադրությանը և հակադարձ համեմատական բարոյական չափանիշներին, մարդկայինին։ Փորձենք նույնպիսի կարգով հետևել դեպքերի, արարքների ընթացքին։

Այսպես ուրեմն, առաջին՝ վարորդի կողմից գլխին հասցված հարվածով ուշակորույս է լինում Անխելամիտը։ Այս փաստն, արարքն առանցքային է։ «Քիթդ ամեն տեղ մի խոթիր» մեզ այնքան ծանոթ նախազգուշացման յուրօրինակ այս ձևը պայմանավորում է «համոզման» այն քաղաքականությունը, որն ընտրում են ավտոբուսի ուղևորները։

Երկրորդ՝ վարորդի խցիկն է ուղարկվում Վիրտուոզը (Կ. Ջանգիրյան): Փայտիկի պես ձիգ կեցվածք, ետ գցած գլուխ, վեր քաշված հոնքեր, սեղմված շուրթեր, արհամարհական չնկատող հայացք։ Սեփական արժանապատվության սիրամարգյան զգացում։ Խցիկից վերադառնում է կորաքամակ, անարտահայտիչ մեկն ու ջվալի պես ընկնում անկյունում։ Ձախողում։

Երրորդ՝ վարորդի խցիկն է ուղարկվում «աղջիկ»։ Սիրահար աղջիկը՝ մյուսների ճնշմամբ ու առավել՝ Սիրահար տղայի լուռ համաձայնությամբ։ Նա, սակայն, դրդում է վարորդին ավելի արագ վարել, հետևաբար մեծացնում է հնարավոր վթարի հավանականությունը:

Չորրորդ՝ որոշվում է յուրաքանչյուրի մոտ եղած հացից բաժին հանել վարորդին, մի բան, որ հաջողվում է մեծ ծեծկռտուքից հետո։

Եվ հենց այստեղ է, որ ծագում է վերջին՝ հինգերորդ հանգամանքը՝ պատճառը վերջին կատարվելիք արարքի. վարորդը հրաժարվում է հացից, և ուղևորներին ոչինչ չի մնում անելու քավության նոխազ փնտրելուց բացի։

Ո՞վ է ներկայացման կենտրոնական դեմքը. գլխավոր գործող անձը։

Գորշ անձրևանոց, կեպի, ձեռքին կամ գրպանում թերթ, փողկապ ու ինքնավստահ կեցվածք, «Ներեցեք, դո՞ւք ով եք» հայացք։ Դեմագոգ՝ բառացի և այժմյան իմաստներով։ Բառացի իմաստով, քանի որ սկզբից ևեթ նա մյուսների կողմից ճանաչվում է որպես պարագլուխ, թելադրում իր կամքն ու ազդում գործողության ընթացքի վրա։ Այժմյան իմաստով, որովհետև չնայած հիշված արարքներից և ոչ մեկի ամնիջական մասնակիցը, կատարողը չէ, բայց նախաձեռնողն է նա՝ Խելամիտը (Լ. Շարաֆյան)։ Իզուր չէ, որ բեմադրիչն այս գործող անձի տեղը որոշել է ավտոբուսի կենտրոնում, բայց և իզուր չէ, որ նաև «շրջանակի» կենտրոնում է հայտնվում նա՝ «Խելամիտը», արդեն որպես քավության նոխազ։ Ինչո՞ւ։ Գուցե նա պարտվում է հակոտնյայի՝ Սիրահար աղջկա՞ կողմից։ Իհարկե ոչ։ Ոչ այն պարզ պատճառով, որ չնայած ներքին դիմադրությանը, ինքը՝ Աղջիկը պարտվող կողմ է։ Պարտվում է, սակայն ոչ Խելամիտի դեմագոգիայի, ոչ Սիրահար տղայի դավաճանության հետևանքով և նույնիսկ ոչ այն բազմագլուխ հիդրայի կողմից՝ որպիսին ներկայանում են գործող անձինք՝ միասնության մեջ։ Ուրեմն, ո՞վ է նա, «հերոսը»։

Գործող անձինք ինն են։ Բայց կա ևս մեկը, ով և ոչ մի անգամ չի երևում բեմում, հիմնականը, գործողը, հերոսը։ Վարորդը։ Իրականում նրա ձեռքում է գործողության ղեկը, նա է վարում ներկայացումը, ստեղծում հանգամանքներն ու թելադրում ուղևորներին իրենց արարքները։ Նրա ձեռքից են ձգվում անտեսանելի թելեր դեպի ուղևորները, և մատների շարժումն իսկ ստիպում են գործել նրանց որպես խամաճիկներ։

Այժմ մի մանրամասն, էական մանրամասն։ Եթե ուշադրության դարձնեք, Հանդիսատես, ապա կտեսնեք, որ անմատչելի վարորդական խցիկ բանակցելու իրավունքով կարողանում է թափանցել միայն մեկը՝ Անպատասխանատուն։ Ինչո՞ւ։ Ո՞չ այն պատճաոով, որ Վարորդը համարժեք է այս կերպարին, չէ՞ որ, ի վերջո, նա ինքն էլ նույն ավտոբուսի մեջ է։

***

Առանց դիտավորության չէր, որ հիշվեց  «Ծիծաղի սենյակը»։ Գիտե՞ք ինչ սկզբունքով է հարդարված այն։ Առաջին հայելու մեջ, որի առջև դուք կկանգնեք կտեսնեք ձեր սովորական պատկերը՝ ոչնչով չտարբերվող տան հայելու արտացոլանքից։ Երկրորդ հայելում, արդեն, ձեզ կնայեք տարակուսանքով ու ժպիտով, մյուսների առջև՝ կծիծաղեք լիաթոք, քանի որ ձեզ ծիծաղեի կթվան այն թերությունները, որոնցով օժտում է «ծուռ» հայելին։ Ինչ արած, բնությունը մարդուն այնպես է ստեղծել, որ նա ընդունակ է ծիծաղել ոչ միայն ուրիշների, այլև սեփական թերությունների վրա։ Բայց վերջին շարք հայելիների առջև ձեր ուրախությունը կչքանա, որովհետև կտեսնեք ոչ թե թերություններ, այլ արատներ, կտեսնեք ոչ թե Ծիծաղելին, այլ Այլանդակը։        

Ահա այդպես էլ ներկայացման գործող անձինք մարդիկ, երևակայական թե իրական բացառիկ իրադրության մեջ, նորանոր հանգամանքներում հետզհետե վերափոխվում են նախ ծիծաղելի, ապա և սարսափեի մարդկանց, որոնք ընդունակ են ամենավատին՝ ինքնաքայքայման։

Ս. Ստրատիևի պիեսը սատիրական կատակերգություն է։ Սատիրան, ինչպես հայտնի է, կոմիկական այն յուրօրինակ տեսակն է, որտեղ կիրառվում են չափազանցումն ու այլաբանությունը որպես գեղարվեստական պայմանականության միջոցներ։ Ահա թե ինչու ուղևորներն անունների փոխարեն կրում են անվանումներ, որովհետև նրանք հենց հավաքական, տիպաբանական կերպարներ են, և ահա՛ թե ինչու, այդ իսկ պատճառով, ավտոբուսի չորրորդ պատը չպետք է  լիներ, նրա չլինելն օրգանական է և խոսուն, քանի որ ավտոբուսը որքան իրական, նույնքան էլ երևակայական է՝ «ծուռ-հայելային» արտացոլում։

ՍԱՄՎԵԼ Էվոյան

Նյութի աղբյուրը՝ «Սովետական արվեստ» N 6, 1987

694 հոգի