Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

12.11.2022  4:22

Մեր թատրոնական գործի պակասները թվերով, մենք հաճախ ընդգծում ենք ոեժիսուրայի, հատկապես՝ երիտասարդ ուժերի չգոհացնող մակարդակը։ Եվ դա իրողություն է։ Իսկապես, հարյուրավոր դիպլոմավոր ռեժիսորների առկայությամբ, թատրոնների «ռեժիսորական քաղցը» չի հագենում, ավելին, գնալով կարծես թե սրվում է։ Պատճառները մեկից ավելին են. ամենակարևորը, հավանաբար, այն է, որ ըստ հարկի և խելամտորեն չեն օգտագործվում եղած բոլոր ուժերն ու հնարավորությունները։ Եվ, որ ոչ պակաս կարևոր է, սովորական-ավանդականից տարբեր մտածելակերպը, ստեղծագործական ինքնօրինակ ձգտումները, անսովոր հղացումներն ու լուծումները։ Իսկ որ այդպիսիք եղել են ու կան, դա փաստ է, որի հետ անպայման պետք է հաշվի նստել։ Թեկուզև՝ երևույթն ըմբռնելու, բացատրելու համար։ Այնինչ այն պարզապես չտեսնելու տրվեց, լռության մատնվեց։ Եվ արդյունքը՝ որոնումների տարերային մի ընթացք, պոռթկումներ այս ու այնտեղ, որոնք հաճախ, սեղմված զսպանակի նման բացվելով, ծայրահեղ–արտառոց դրսևորումներ էին ունենում՝ մերժելու ակամա ցանկություն հարուցելով նույնիսկ բարյացակամորեն տրամադրված մարդկանց մեջ։

Երիտասարդ ռեժիսոր Արմեն Բայաթյանը ևս ապրել է նման մի շրջափուլ և իր վիճակից (ինչպես և թատերական գործի ծռումներից) դժգոհելու քիչ առիթներ չունի։ Դժգոհում է անտարբերությունից, թատերական մթնոլորտ էլ թափանցած հաշվենկատությունից, աստիճանահարգությունից, ինքնառեկլամի գեշ սովորույթից։ Եվ նորը, թարմը, անսովորը չտեսնելու ու չգնահատելու իրողությունից։

Դժգոհում է, բայց չի դադարում ստեղծագործել, իր հավատամքն ու ձգտումները գործով հավաստել։ Չի դավաճանում իր մասնագիտությանը, արվեստագետի իր խղճին։

... Գեղարվեստա-թատերական ինստիտուտն ավարտելուց հետո (1977 թ., Գ. Մկրտչյանի ղեկավարած ռեժիսորական կուրսը)՝ ծառայություն սովետական բանակում։ Ապա Արմենն ուժերը փորձեց կինոյում իբրև դերասան, հետո կապվեց հեռուստատեսության հետ, որոշ ժամանակ աշխատեց Լենինականի պետթատրոնում, Երևանի էքսպերիմենտալ թատրոնում, Գեղագիտական կենտրոնում։ Վերջապես՝ անդրանիկ ինքնուրույն բեմադրությունը Կամոյի միջշրջանային պետական թատրոնում՝ «Քաջ Նազար»։

Ուզում էր նախ ինքը համոզվել, ռեժիսո՞ր է, թե ոչ, դա՞ է իր ճանապարհը, թե մի այլ բան։ Եվ կարծես այնքան էլ կարևոր չէր ներկայացումը հաջողություն կունենա՞, թե աննկատ կմնա։

Անսովոր ներկայացում էր թատրոնի «ազատ ուժերով» մի երկու շաբաթում արված այդ աշխատանքը։ Բեմում ճանճակերպ ու բզեզակերպ մարդիկ էին, որ պտտվում էին Նազարի շուրջ՝ Ուստիանի պատրաստած թթվի մեծ տակառից բաժին կորզելու մեն-միակ միտումով։ Սրանց բնավ չի հետաքրքրում՝ տանտերը խելոք է, թե ցանցառ, քաջ է, թե վախկոտ. կարող են անգամ թագավոր ճանաչել, եթե... չնչին մի շահ կամ հաճույք ակնկալեն։ Այս կենսակերպով ու փիլիսոփայությամբ «ճանճերը» առաջ են մղում Նազարին, որն իր հերթին աներես ճանճի պես կպչում է քաջի շահաբեր իր համարումին ու առաջ տանում իր նազարությունը...

Հաջորդ իր փորձն Արմենն արեց Ղափանի միջշրջանային թատրոնում։ Բեմադրեց հանրահայտ ավանդույթներ ունեցող մեկ այլ գործ՝ Շիրվանզադեի «Մորգանի խնամին»։

Արտահայտման ասոցիատիվ-խորհրդանշական ձևերի իր նախասիրությանը հավատարիմ, Արմենն այստեղ էլ ստեղծել էր մի անխոս բնաբան-պատկեր. սև սյուրտուկավոր մարդիկ, հայտնվելով բոլոր անկյուններից, սողոսկում են դեպի գահը, տեղ խլում այնտեղ նախօրոք բազմածից, ու աստիճանաբար «մենագահը» դառնում է բոլորինը...

Թե ինչ առնչության ուներ այս պատկերը հայ վտարանդիների ողորմելի ու սին երազները ծանակող երկի հետ, իսկույն դժվար էր կռահել։ Բայց, նախ, կաշառում էր այն պլաստիկան ու երաժշտականությունը, որ դրսևորում էին դերակատարները և ապա, արդեն բուն ներկայացման ընթացքում, սկսում էին մտածել. իսկ գուցե սրանք, այս մինթոևներն էլ անմտորեն տենչում են իրենց անկյունն ունենալ որևէ «գահի» վրա...

Ներկայացումն ինքը ինչ-որ բանով տարբեր էր մեր տեսածներից. Մինթոև - Վ. Սարգսյանը, օրինակ, ավանդական միամիտ-դանդալոշը, «հին հայը» չէր (վերհիշենք (Թ. Սարյանի այդօրինակ հրաշալի անձնավորումը), այլ շատ հաշվենկատ, աչքի սուրմա թռցնող մերօրյա մի «ցեխավիկ», որ վստահ գործում է՝ ապավինած իր «խելքին ու փորձին», որ չեն կարող հաջողություն չբերել։ Եվ իսկապես բերում են. Մինթոևը լիուլի վայելում է Նատաշայի «սերը», իրեն հրաշալի զգում այդ միջավայրում և կարծես այնքան էլ չի տխրում, երբ պարզվում է իրողությունը։

Ռեժիսորական այս մեկնությունը թափանցել էր ներկայացման ողջ հյուսվածքի մեջ, և բոլոր գործող անձինք «իրատես» էին, օրվա օգուտով ու վնասով ապրող։ Ուրիշ բան, որ խաբուսիկ, փուչ էր այդ իրատեսությունը, անհենք ու անապագա, վտանգավոր ու մերժելի։

Հետո Արմեն Բայաթյանը իր կնոջ՝ շնորհալի դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի հետ հրավիրվեց նորաբաց Գորիսի պետական թատրոն։ Ու արդեն երկու բեմադրություն է ունեցել այստեղ. Հ. Վարդանյանի «Կիբոսա, VII դար» և Շեքսպիրի «Սխալների կոմեդիան»։ Ժանրաոճային առումով հույժ տարբեր աշխատանքներ։ Հարկ չկա պատմել հրատարակված և հեռուստատեսային ներկայացումից հանդիսականին ծանոթ «Կիբոսա, VII դար» դրամայի բովանդակությունը։ Հետևենք Ա. Բայաթյանի մեկնաբանությանը, որ յուրովի համահնչուն է հեղինակային հղացմանը, բայց և հարստացնում է այն նոր երանգներով։

... Բեմը բաց է. մեջտեղում մի երկրորդ բեմ-շրջան, որից աստիճաններ են կախված. Կիբոսա բերդաքաղաքն է դեպի աշխարհ ելքով։

Կա, բաց է ելումուտի ճանապարհը, բայց բյուզանդացի զորավար Սիմեոնը (Գ. Խառատյան) չի ուզում մտնել քաղաք, պարզապես գրավել այն։ Չի՜ կարող։ Պարադոքսալ վիճակ։ Անպաշտպան քաղաքը անառիկ է իր... ճշմարտությամբ։ Սիլվենը՝ քաղաքի բնակչության առաջնորդը անխոցելի է իր խելքով ու ազնվությամբ, իր իրավացիությամբ, արդարամտությամբ։ Նրան հեշտ կարելի է սպանել, վերացնել, քաղաքը նվաճել, հիմնահատակ անել, բայց դա կլինի սովորական բռնություն, լոկ ֆիզիկական հաղթանակ։ Ո՛չ իսկական, ճշմարիտ, էական։ Բյուզանդացին հոգնել է նման «հաղթանակներից», որ ի վերջո չեն պանծացնում կայսրության անունն ու զորությունը։ Ընդհակառակը, նվազեցնում, նսեմացնում են այն, քանի որ ուղեկցվում են բարոյական անասելի ծանր կորուստներով։ Ուրիշ բան, եթե իր ճշմարտությամբ միայն դիմադրող քաղաքը հրաժարվի այդ ճշմարտությունից կամ գեթ մեկը դավաճանի ու ուրանա։ Ի վերջո, գտնվում է այդպիսին, բայց դա էլ չի լուծում հարցը. ոգին անպարտ է, նրա ճշմարտությունն՝ անմահ։

Ուժի և ճշմարտության այս գոտեմարտը յուրովի խորհրդանշում է մեր ժողովրդի ճակատագիրը, պարզում է գոյատևման գաղտնիքը, երկիրը նվաճել են, ավերել, բռնացել, բայց ժողովուրդը կա ու կլինի հավետ իր ճշմարտությամբ, իր անպարտ ոգով։

Բեմում այս գաղափարը արծարծվում է հրաշալի գտնված մանրամասերով։ Ահա պար են բռնել քաղաքի սովահար, հյուծված, բայց առաքյալների պես անձնուրաց ու ջերմեռանդ բնակիչները, ճշմարտության զինվորները։ Խրոխտ է ու գեղեցիկ նրանց պարը՝ միասնության, համերաշխության, ճշմարտության պարը։ Ահա, գործողության ընթացքում, բոլորը հերթով հագնում են ճշմարտության քղամիդը՝ փորձելով իրենց ոգու և համոզմունքի կորովը։ Ահա և բարձր կախված ջահը, որ կարող է լուսավորել, բայց և նշան տալ թշնամուն՝ քաղաքի ընկճման, կատարված ոճիր-դավաճանության մասին...

Ահա և Կինը, մի կերպար-խորհրդանիշ, որ հավաստումն է ու կարևորումը մարդկային Դեմքի, Ինքնության։ Մարդիկ, երկիրը, ժողովուրդը կարող են իբրև այդպիսիք ապրել, գոյատևել միայն իրենց Ինքնության, իրենց Դեմքի պահպանումով... Ընդ որում, փոփոխական, շարժուն են դրանք, հավերժական ու անմերժելի է Էությունը, Ճշմարտությունը...

Խորհրդանիշներ, որ իմաստավորում են եղելությունը և գեղարվեստորեն, թատերայնորեն բացահայտում դրա խորհուրդը։

«Կիբոսա, VII դար» ներկայացմանը դահլիճը լուռ էր, լարված։ Մարդիկ խորհրդածում էին բեմում կատարվողի շուրջ։ Եվ ըմբռնում դրա խորունկ իմաստը, ժողովրդի ճշմարտությունն անխոցելի է։ Մարդկային բանականությունը, մարդկային խիղճը ի վերջո արթնանամ և ասում է իր վճռող խոսքը, պե՛տք է արթնանա, պե՛տք է ասի... Ճշմարտությունը վեր է որևէ մեկ անձից ու շահից, նա պատրաստ պիտի լինի անգամ ինքնազոհաբերման՝ հանուն հենց իրեն, քանի որ չկա ճշմարտություն առանց երկրի, առանց ժողովրդի, առանց մարդկային կյանքի...

Սիլվենը զոհաբերում է իրեն, և բյուզանդացին ընդունում է իր պարտությունը։ Ճշմարտությունը շարունակում է իր կենսուղին...

Արմեն Բայաթյանի նոր աշխատանքը «Սխալների կոմեդիայի» բեմադրությունն է։ Շեքսպիրի ավանդաբար թույլ նկատված այս գործը իր ընտրությունը չէր և, թվում է, սրտովն էլ չէր։ Ինչ պիտի ասի սխալների, թյուրիմացությունների հետևանքով առաջացող բեմական իրարանցման միջոցով, ինչպես պատկերի դա ամեն ինչում իմաստի հետամուտ իր սկզբունքով։

Գտավ ու ասաց։ Իմաստավորեց ու պատկերեց։ Եվ ներկայացումը, կարելի է վստահ ասել, արդարացրեց իրեն ու գոհացրեց հանդիսականին։ Ինչո՞վ, ինչպե՞ս։

Նախ, գեղեցիկ, հաճելի ու սրամիտ իր սցենոգրաֆիայով։ Արմենը, որ առհասարակ մեծ նշանակություն է տալիս ձևավորմանը, (և՛ նկարչական, և՛ երաժշտական), ինքը կարծես մասնակցում է դրան՝ հղացումներ տալով և իրացման ընթացքին անմիջաբար հետևելով, այս անգամ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել բեմի գեղանկարչական-թատերական կազմակերպմանը։ Բեմում խաղ է, ուրեմն՝ թող լինեն... խաղաքարտեր, դրանք, կրկնակի շարժում-պտույտով, թող ստեղծեն խաղի միջավայր, մեկ՝ տուն կամ պալատ, մեկ՝ փողոց կամ ժամադրավայր, մեկ՝ հրապարակ կամ հյուրանոց... Ու նաև խաղաքարտերի հայտնի զուգորդումներ, տարբեր ակնարկ- իմաստներ...

Եվ այդպես, խաղ ու պար է բեմում՝ բոլորին ներառնող և հանդիսականի ուշադրությունն էլ լարված պահող խելահեղ ռիթմով։ Բայց՝ իմաստալից խաղ. ծանծաղ ու կամակոր Դուքսը անմտորեն խաղում է մարդկանց կյանքի ու բախտի հետ և դրանով խառնում ամեն ինչ, հարուցելով խառնաշփոթ ու սխալներ։ Դուքսն իր շքախմբով, ուղղակի իմաստով պար բռնած, շարունակ անցնում է խաղահրապարակով, ասես հիշեցնելով, որ ինքն է սարքել ու վարում այս խաղը, որից, թվում է, ելք չկա։ Իսկ ահա կյանքը, մարդկային ճշմարիտ զգացմունքը, երջանկության հասնելու բնական ձգտումը անում են իրենցը, գտնում ելքը, ի վերջո հաղթում սխալների տարերքին։

Դժվար է պատկերացնել, թե ուրիշ էլ ինչ կերպ այդքան համոզիչ ու տպավորիչ կարող էր լուծվել, օրինակ, այն տեսարանը, որտեղ սեփական տնեցիները դուռ են փակում Անտիֆոլոսի առաջ, ընդունելով օտարի տեղ, բացվող-փակվող խաղաքարտ-դռները այնպես են «աշխատում», որ գործողության վայրը՝ ներս ու դուրսը վայրկենաբար փոփոխվում է, ստեղծելով միաժամանակյա ներկայության տպավորություն:

Ավելացնենք, ողջ անցուդարձը ուղեկցվում է ստույգ ընտրված, աշխույժ, ռիթմիկ երաժշտությամբ, որ մասնակցում է «խաղին», նպաստում դրա անկաշկանդ ընթացքին և ասես կողմնորոշում հանդիսականին անվերջ ծավալվող այդ խաղի խճճուն կեռմաններում։

Սպասենք շնորհալի ռեժիսորի նոր աշխատանքներին...

ԽԱՉԱՏՈւՐ Ավագյան

Նյութի աղբյուրը՝ «Սովետական արվեստ» N 5, 1987 թ.

1244 հոգի