Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

11.11.2022  1:50

Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Երևանի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի համագործակցությամբ հիմք է դրվում նոր մշակույթի: Ստեղծվել է ներկայացում, որը պետք է լինի երկու թատրոնների խաղացանկում, և դերասանական կազմը ընտրվել է նշված թատերախմբերից: Նիկոլայ Ծատուրյանի առաջարկով բեմադրվել է Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը», որի երևանյան պրեմիերան կայացավ նոյեմբերի  երկուսին:

Ոիլյամ Գիբսոնի «Հրաշք գործողը» պիեսի հիմքում ընկած է ամերիկացի կույր և խուլ Հելլեն Քելլերի կյանքի իրական պատմությունը, ով մանուկ հասակում հիվանդացել է մենինգիտով ու կորցրել լսելու և տեսնելու ունակությունը: Ամերիկուհին առողջական նման խնդիրներ ունեցող մարդկանցից առաջինն է, որը ստացել է բարձրագույն կրթություն, դարձել գրող, զբաղվել հասարակական գործունեությամբ: Հելլենի անձը գրավել է շատերի  ուշադրությունը, քանի որ նա ճակատագրի շրջադարձերին հակառակ, դրսևորել է մեծ կամք, կյանքի հանդեպ սեր ու համառություն: Քելլերի համար աշխարհը ճանաչելի էր դարձրել քսանամյա, թույլ տեսողությամբ մի աղջիկ՝ Էննի Սալիվանը, Պերկինսի կույրերի դպրոցի շրջանավարտը, որին առաջարկել էին աշխատել հիվանդ երեխայի հետ: Իսկ Սալիվանին հրաշագործ անվանել էր Մարկ Տվենը։ Գրողը պարբերաբար այցելում էր Հելլեն Քելլերին, հետաքրքրվում նրա առողջությամբ: 

Պիեսը, որ բաղկացած է երեք գործողությունից, պատմում է Հելլենի մանկության մասին: Պատահական չէ, որ հեղինակը պահպանել է հերոսուհու անունը: Հելլեն անվան թարգմանությունը երկիմաստ է, նշանակում է ընտրված, պայծառ, բառը գործածվում է նաև որպես ջահ, կրակ և լույս: Խոսքն համապատասխանում է արևի ճառագայթ կամ արևի լույս հասկացություններին: Այս աղջիկն իր նմանների աշխարհը լուսավորելու, ապրելու ուժ տալու, հավատի ճանապարհը հարթելու ջահակիրն է: Նա իր հաղթանակի, հավատի լույսը փոխանցում է իրեն տեսնողին: Ուիլյամ Գիբսոնի երկի հիմքում արարչագործության խորհուրդն է:  Հերոսուհին կույր է և խուլ, նրա աշխարհում խոսք ու լույս չկա: Աստավածաշնչից գիտենք. «Եղիցի լույս»,-ասում է Արարիչն ու խոսքով լույս է ստեղծվում։ Լույսը այստեղ ճանաչողության իմաստ ունի: Բառիս բուն և փոխաբերական իմաստով, այդ լույսը սփռվում է աշխարհի վրա, ու այն մեզ համար տեսանելի և ճանաչելի է դառնում: Հելլենի խավար աշխարհում լույսի ճանաչողությունը իր նոր կյանքը պիտի դառնա: Նրա գիտակցությունը սկսում է ճանաչել աշխարհը: Բառը կապվում է իր նշանակյալի հետ: Հրաշքը կատարվում է ոչ թե ֆիզիկական տեսողության վերականգնումով, այլ աշխարհը տեսնելու, ճանաչելու համար նրան տրված լույսով: Աղջկա հոգում այլևս գիշեր չի լինելու:  Բացվում է աղջկա մտքի և հոգու դուռը, և նա արդեն կարող է կառուցել իր հոգևոր աշխարհը: Սա այն դուռն է, որը նկարել է Ուիլյամ Հանթն իր «Աշխարհի լույսը» կտավում: Նկարում պատկերված է գիշերային մի տեսարան: Հիսուսը կանթեղը ձեռքին կանգնած է դռան առջև, որի դիմաց մոլախոտ է աճել: Այդ դուռը վաղուց չի բացվել: Այն դրսից բռնակ չունի: Փրկիչը թակում է դուռը, որը ներսից պիտի բացվի:

Այդ լույսը Հելլենին բերում է Էննի Սյուրիվենը՝ շատ հավատացողը, չարչարվողը, ճանապարհներ փնտրողը: Նա իր համառությամբ հալածում է անգիտության խավարը և իր շրջապատին սովորեցնում, թե որն է իրական սերը:

Պիեսի կոնֆլիկտը աներևույթ է, հոգեբանական: Իրադրության հանգամանքները չեն փոխվում: Գործողության լարվածությունը զարգանում է հերոսուհու հոգեկան փակուղիներում: Բեմական դրությունները հետաքրքիր դարձնելու համար, շատ կարևոր է ուսուցչուհու և աղջնակի՝ դերասանների ճիշտ ընտրությունը: Բեմադրության հեղինակ Նիկոլայ Ծատուրյանը այդ ընտրությունը հաջողել է՝ Էննի Սյուրիվենի դերում ընտրելով Նարինե Գրիգորյանին: Արտիստուհի, ում բեմական հմայքը հիպնոսի է ենթարկում: Հելլենի դերակատարը՝ Անգելինա Զաքարյանը, իր մարմանավորած կերպարի տարիքին է: Ծատուրյանի տարիներ առաջ բեմադրած «Փրկության կղզի» ներկայացման մեջ հերոսը նույնպես երեխա էր, և ռեժիսորը դերը վստահել էր Տաթև Ղազարյանին: Դա դերասանուհու լավագույն դերակատարումներից էր:  Փոքրիկ Քելլերի դերը նույնպես կարող էր դերասաններին դրսևորվելու հնարավորություն տալ: Խաղային առումով, հետաքրքիր կարող էր լինել որևէ դերասանի կատարում՝ խաղալ երեխայի, որն ունի անհագ արտահայտվելու ցանկություն, ուզածը բացատրելու անկարողություն, որն ուղեկցվում է կատաղության պոռթկումներով, դրան հաջորդող ուժասպառությամբ: Բայց ռեժիսորը դերը վստահել է երեխայի: Ստեղծվել է պարզ կերպար՝ արտաքին նշաններով. ոչինչ չտեսնող միասևեռ հայացք, խարխափող ձեռքեր, ժամանակ առ ժամանակ ուրախության կամ ցավի ճիչեր, երեխայի բնական անկեղծություն և զգայունություն: Երեխա Հելլենի կողքին քանի որ ունենք Նարինե Գրիգորյան-Էննի, ով իր արհեստավարժությամբ կառուցում է դրությունները և հետևում դրանց ընթացքին, փոքրիկ խաղընկերոջը պահում խաղի մեջ, պատասխան խաղով խոշորացնում տրամադրությունները, կարող ենք ասել, որ ռեժիսորական մտահղացումը ստացված է: Ներկայացումն ընթանում է խոսքի միջին տոնայնության մեջ, անաղմուկ, ռեժիսորն այդ կերպ հավասարակշռում և տանելի է դարձնում փոքրիկի՝ խուլ երեխային հատուկ անմշակ ու անկանոն արձակած ձայները:

Բեմադրության ձևավորումը Գարեգին Եվանգուլյանինն է: Փոքրիկ բակ է, երկհարկանի տնակ ու մի դռնփակ խորդանոց: Երկրորդ հարկի թափանցող պատուհաններից երևում են մարդկանց ստվերներ: Նրանք անհանգիստ շարժման մեջ են: Տնից դուրս եկող բժիշկը հայտնում է, որ երեխան կապրի, անհանգիստ մայրը մի անգամ էլ է մտնում սենյակ՝ ստուգելու երեխայի վիճակը.  բարձր ճիչ, մթության մեջ հնչող ժամացույցի գոնգեր… Երբ օրը լուսանում է բեմում, տեսնում ենք, որ ժամացույցն ազդարարում էր անցնող տարիների մասին:  Հելլենը փրկվել է, նա արդեն յոթ տարեկան է, բայց չի լսում և չի տեսնում: Փոքրիկի ծնողների դերակատարները Գյումրու թատրոնից են: Կապիտան Քելլերի դերում Տիգրան Գաբոյանն է, Քեյթ Քելլերի դերում՝ Արփինե Մխիթարյանը:  Երեխայի հոգսը չի սպառել ծնողների զգացմունքները: Նրանք իրար հետ շփման մեջ երևում են զուսպ, ամբողջովին կենտրոնացած երեխայի խնամքի վրա: Հոր երեխայի անկարգություններին ուղղված պոռթկումներից երևում է, որ նրանց կյանքն անտանելի է դարձել: Գաբոյան-Քելլերը բղավում է, որ կտրեն երեխայի աղմուկն ու նախատում է մեծ որդուն, մեղադրում անգործության մեջ: Տպավորությունն այնպիսին է, որ դա արվում է նրա համար, որ շեղի հիմնական խնդրից: Չի ուզում անտանելի դարձած կյանքը կապել միայն Հելլենի հետ:  Ազդեցիկ  է ամուսինների այն տեսարանը, երբ աստիճաններին գրկախառնվում են, Քելլերը համբուրում է կնոջը, և հանկարծ ներս է մտնում Հելլենը: Նրանք վեր են թռչում, անհարմար վիճակում են հայտնվում, կարծես թե երեխան իրենց տեսել կամ լսել է: Քեյթի խաղը կառուցված էր հոգեբանական նուրբ երանգներով: Սեփական երեխայի առջև անօգնական լինելուց, նա ոչ թե թևաթափվում է, այլ ավելի շատ է սիրում ու ավելի ուշադիր է դառնում փոքրիկի նկատմամբ, բոլորից պաշտպանում նրան: Արփինե Մխիթարյանի Քելլերը կարծում է, որ եթե շատ սիրի իր աղջկան, այդ սերը ինչ-որ բան կփոխի, հույս ու համբերություն է պետք: Նա գիտի, որ հրաշք լինելու է: Քեյթի սպասումներն ուղեկցվում են փոփոխությունների հանդեպ զգուշավորությամբ, վերապահումներով: Հիվանդ երեխաների ծնողները հենց այդպիսին են: Հետաքրքիր է նաև եղբոր՝ Սարգիս Ղարիբյան-Ջեյմսի խաղը: Նրա բոլոր դժգոհությունները ուղղված են հորը, որի երկրորդ կնոջ(Քեյթը նրա մայրը չէ, հոր երկրորդ կինն է) մուտքն իրենց ընտանիք, քրոջ ծնունդով այնքան մտահոգություններ է բերել, որ իր խանդի համար տեղ չի մնացել: «Մեղավորին» ցավեցնելու համար, առաջարկում է քրոջը հանձնել խնդիրներ ունեցող երեխաների հիվանդանոց:  Սակայն, Ջեյմսը սիրում է քրոջը, խաղում է նրա հետ ու խնամում նրան: Իրականում ընտանիքի անդամները ներքուստ միմյանց հետ համերաշխ են: Ռեժիսորը դա ակնարկում է սեղանի շուրջ տեսարանում. ճաշում են: Նրանց հետ է նաև Հելլենը: Երեխան սնվում է նույն ժամին, բոլորի հետ: Տան անդամները սովոր են, որ աղջիկն իրենց ափսեներից կերկարվի: Աղոթում են, շնորհակալություն հայտնում աստծուն հանապազօրյա հացի համար: Բայց աստծո հետ հաշտ չէ փոքրիկը և ամեն անգամ աղոթքն ընդհատում է իր անբռնազբոս պահվածքով:

Ընտանիքի հոգսը հավասար իր վրա է վերցրել աղախինը՝ Վինի-Տաթև Ղազարյանը: Ընդամենը մի քանի մուտք, բայց դերասանուհին բեմ է բերում բնավորություն ունեցող կերպարի: Մեկ տեսարանով, կարճ խոսքով տեսանելի է դարձնում իր կերպարի թիկունքում եղած կյանքը: Արտաքին մեկ-երկու ընդգծված նշան: Նրա հերոսուհին թուխ է, ենթադրվում է, որ մանկուց աղախին է եղել, արագաշարժ է, մշտապես զբաղված: Քելլերների տանը նա սիրված է և պիտանի, դա է արդարացումն այն պահվածքի, որ երբ համաձայն չէ տիրոջ հետ, չի լսում հրամանը: Կերպարային առումով տպավորիչ է Ղազարյանի մուտքն առաջին գործողությության այն պատկերում, երբ բժիշկը տանտիրոջը խորհուրդ է տալիս ուշ ժամին սուրճ չխմել: Ընտանեկան իրարանցման մեջ սորճ խմելու ժամանակ են գտել այս մարդիկ բավական չէ, դեռ մի բան էլ պահանջում են եփած սուրճը հետ տանել: Խաղի տրամաբանությունն այս մտքի համատեքստում է: Վինին բակ է մտնում, վերցնում է սուրճի բաժակը տիրոջից առանց նրան նայելու: Աչքերը խոժոռել է, հայացքով չափում է բժշկին ու հեռանալիս արտասանում ընդամենը երկու բառ՝ ցտեսություն բժիշկ, և տեսարանը պատրաստ է:

Տաթև Ղազարյանի Վինին ծավալվող իրադարձություններին նայում է ոչ ծնողական կույր սիրո, այլ առողջ բանականության տեսանկյունից: Դրանով է պայմանավորված երեխայի կամակորությունները հաղթահարող ուսուցչուհու հանդեպ տածած նրա հիացմունքն ու հարգանքը, անմիջական շփման մեջ փոխադարձ համակրանքը:

Էննի Սյուրիվենի առաջին մուտքից ռեժիսորը հանդիսատեսին սիմվոլով ցույց է տալիս, որ ուսուցչուհուն նախախնամությունն է այստեղ բերել: Օգտվելով մոր և աղախնի զբաղվածությունից, Հելլենը երկրորդ հարկում դրված օրորոցից ցած է նետում նորածին երեխային: Բոլորը սարսափահար են, խելագարվելու չափ վախեցած, նոր մուտք գործած  ուսուցչուհին բռնում է նորածնի բարուրը: Փոքրիկը փրկված է: Նարինե Գրիգորյանը սիմվոլը ճակատային չդարձնելու համար, սրան մեծ նշանակություն չի տալիս: Խաղում է այնպես, կարծես ինքն էլ լավ չհասկացավ, թե դա ինչպես ստացվեց: Իր հերոսուհու երիտասարդությունն ու անփորձությունը նկատելի դարձնելու համար, հետաքրքիր հակասություններով է օժտել նրան: Օրիորդը մտքերն արտահայտում է համարձակ, բայց շփման մեջ շփոթվող է ու անհամարձակ: Արտաքուստ ցրված է, բայց ունի ներքին կենտրոնացում: Էննին ուզում է հնազանդեցնել «վայրի գազանին», ինչպես նրա հերոսուհին է ասում՝ «առանց հոգին վնասելու»: Հետաքրքիր վարպետությամբ, դերասանուհին դա անում է ոչ թե գազան վարժեցնողի նման, այլ կարծես մարտի է բռնվում վայրենու հետ: Հելլենը չի ուզում մարդու նման ուտել: Նետում է ամեն անգամ իրեն մեկնած գդալը: Արդեն սպառած համբերությունը վայրենացնում է նաև Էննիին: Քարշ է տալիս երեխային նետված գդալի մոտ, բարձրացնում նրա ձեռքերով, կրկին նետում, բռնում մեկ ձեռքը, ապա երկրորդ, պտտվում է, հետո նորից՝ մեկ ձեռքը, երկրորդը, կռանում, սա արվում է ռիթմիկ, դադարների ժամանակ, եթե լուռ է, հաղորդակցվում է շնչառությամբ: Տեսարանը տևում է մոտ հինգ րոպե: Լարվածությունը հասնում է գագաթնակետին, երեխան հարված է հասցնում ուսուցչուհու քթին, արյունը կանգնեցնելու համար անձեռոցիկի երկար գլանակներ է խցկում քթի մեջ ու երբ երկար վազքից հետո փնչացնող ձիու պես կանգնում է անշարժ, հանդիսատեսը քահ-քահ ծիծաղում է: Քթից դուրս եկող անձեռոցիկի երկար գլանակները տղամարդու բեղեր են հիշեցնում, նա ինքն էլ կանգնած է տղամարդու վճռականությամբ, որ դեռ ցույց կտա, թե այստեղ ով է գլխավորը: Նարինե Գրիգորյանն այս ամբողջ տեսարանը տանում է թեթև, երեխայական անմիջականությամբ ու համառությամբ:

Էննին երեխային բառեր սովորեցնելիս թակում է փոքրիկի կրծքավանդակը, այնպես ինչպես կթակեր փակված դուռը, որը բռնակ չունի, բանալին էլ նախորդ տեսարանում փոքրիկը նետել է տան ամենասովորական, բայց և խորախորհուրդ ջրհորն ու դուռն այդ ներսից պետք է բացվի: Ներկայացման մեջ Հելլեն-Անգելինան մի քանի անգամ բանալիներ է վերցնում, փորձում է բացել կամ փակել դռները, բայց իր հոգու բանալին Էննին պիտի տա: Ուսուցչուհին երեխայի ափի մեջ փորձում է հասկանալի դարձնել խուլերի այբուբենը: Ժամանակ առ ժամանակ այդ փորձերը կրկնվում են: Այն տեսարանում, երբ Էննին փոքրիկի մոր հետ զրույցում չհասկացված է մնում, հարաբերությունները մտնում են փակուղի, կարծես ենթագիտակցորեն, իր խոսքին զուգահեռ, մոր ձեռքի վրա ժեստերի լեզվով է խոսում:

Սահմռկեցուցիչ է, երբ Նարինե Գրիգորյան-Էննին չլսող երեխայի համար օրորոցային է երգում: Դժվար է ասել թե ինչ է կատարվում նրա հոգում, դա աղո՞թք է, ընդվզու՞մ, թե՞ ներհայեցում: Երգին ի պատասխան հեռվում ոռնում են գայլերը:  Հանձնվելու եզրին ուսուցչուհին իր համար որոշում է ընդունում. «Ես քեզ մենակ չեմ թողնի»: Գայլերի ոռնոցը կրկնվում է… պատասխանը Էննիի ոռնոցն է, ինչպես մի միայնակ գայլ: Նա քիչ է համարում, որ երեխան կապկում է իր սովորեցրած բառերը՝ չհասկանալով իմաստը: Հիշեցնում է, որ լույսը ուղեղի համար ավելին է, քան՝ աչքերի: Ու երբ այլևս ոչ հույս կա, ոչ նոր փորձեր անելու ժամանակ, ջրհորի մոտ աներևույթ բանալին գտնվում է: Հելլենը հասկանում է, որ իրերն իրենց անուններն ունեն:

Հնչելու է ճիչ, որն հասունացել է ներկայացման սկզբից: Նարինե Գրիգորյանը բացառիկ վարպետությամբ է խաղում այս տեսարանը: Դերասանուհին զսպում է ահռելի մեծ զգացմունքի ալիք: Նա բղավում է միջին տոնայնության մեջ, ուրախության շունչն ընդհատում է ձայնը, տպավորություն է ստեղծվում, որ չի կարողանում շնչել, ապա նորից է ուժ գտնում բղավելու՝ ավելի ցածր, ուրախությունից սիրտը նվաղում է: Ձեռքերը վեր են պարզած: Երբ բոլորն արդեն տարված են երեխայով, նա մենակ, ծունկի է գալիս՝ աչքերը վեր հառած շնորհակալ լինում աստծուն, որ ականատես ու մասնակից եղավ այդ հրաշքին: Հետո, երբ կրքերը փոքր ինչ սանձված են, բեմի կենտրոնում գրկում է  երեխային, համբուրում՝ վայելելով իր հաղթանակը:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

2572 հոգի