Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Վերջապես տեսա ներկայացում, հանուն որի նորից ժամուկես մթի մեջ կնստեի, էլի կնայեի: Վերջին 30 տարում ,,տեղական արտադրության,, որևէ բան էսպես չեմ հավանել ( թատրոն, կինո) : Ներկայացումն առաջին րոպեներից «բռնում է», բաց չի թողնում մինչև վարագույրը փակվելը՝ անընդհատ լարման ու սպասումի մեջ պահելով: Հարյուրավոր մարդիկ մի «ես» դարձած, շունչը պահած հետևում են՝ մեկ հուզվելով, մեկ ծիծաղելով, մեկ քարացած լսելով դերասանի մոնոլոգը, մեկ սիրտը բռնած  (դերասանուհին խաղընկերոջ ուսերին, ոչ մի տեղից չբռնված՝ փայտե անհարմար աստիճաններով ետ-ետ իջնում են բեմական դեկորի երկրորդ հարկի պատուհանից ), մեկ թեթև ճիչ արձակելով ( երբ պատուհաս աղջնակը պատշգամբից ցած է նետում բարուրով նորածնին)...

Այստեղ ԻՍԿԱԿԱՆ ապրումներ են: Կարոտ էինք... Էնտեղ կյանք է, որ ընթանում է ինքն իր համար՝ անկախ հանդիսատեսի ներկայությունից.  Ծատուրյանի ձեռագիրն է: Իրական կյանք, վարակիչ հույզեր, հավաստի խաղ, հավաստի փոխհարաբերություններ (Տիգրան Գաբոյան, Տաթև Ղազարյան, Ֆրունզ Ամիրխանյան), որոնց հավատում ես: Հաղթանակի հավատն ու մշտական տագնապը զուգահեռ գնում են: Անընդմեջ: Հավատը կարևորված է, ներկայացումն ապրեցնող:

Բեմում անընդհատ բան է կատարվում: Մի վայրկյան դադար չկա, և դադարի ժամանակ էլ՝ բա'ն է կատարվում: Դերասանը երկար լռում է, բայց հասկանում ես, թե ինչ է մտածում: Քիչ հանդիպող բան թատրոնում: Նարինե Գրիգորյանը ,թեև գիտես, որ Նարինե Գրիգորյանն է, և ակնկալածդ նշաձողը համապատասխան է՝ տեղ-տեղ ապշեցնում է: «Ապշեցուցիչ» բառը սազում է այս ներկայացմանը: Կույր աղջնակի դերակատարը (մի մատ երեխա), ով երկու ժամ շարունակ բեմի վրա է, ամեն վայրկյան լինելով ու գործելով կերպարի տրամաբանության մեջ՝ ցնցում է:

Ներկայացումը կոչվում է «ՀՐԱՇԱԳՈՐԾԸ»: Պիեսից ու բեմական իրականությունից դուրս՝ այդ Հրաշագործն, իհարկե, Նիկոլայ Ծատուրյանն է: Հրաշք գործ: Արժեքավոր գործ, որի արժեքի բրենդային նշանը ռեժիսորի անունն է: Հայաստանում թատրոն կա՛:

05.11.2022

ԱՆԱՀԻՏ Աղասարյան

744 հոգի