Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

30.10.2022  21:26

Պրեմիերա «Էդգար Էլբակյան» թատրոնում

Սա եւ դրամա է, եւ կատակերգություն, բայց ոչ տրագիկոմեդիա: Ավելի ճիշտ` սոցիալական կատակ-ներկայացում լուրջ թեմայով: Իմպրովիզացիա Պրիստլիի «Սկանդալային պատմություն` կատարված Միստր Կետլի եւ Միսս Մունի հետ» ( 1956թ.) պիեսի հիման վրա: Ջազ-ներկայացում, որովհետեւ տարերքը ազատությունն է, իմպրովիզացիա ազատության շուրջ (մարդկային եւ ոչ միայն): Ներկայացման կերպար Շառլատան բժիշկի բառերով` կաղապարված Ես-ը վերջապես իր տեղը կզիջի առաջնային գիտակցական Ես-ին:

 Այստեղ աշխատում է դիմակների թատրոնի սկզբունքը. տեղի է ունեցել էության եւ դերի տարանջատում:

Քաղաքը (կամ աշխարհը, ինչպես ուզում եք )` Պանթեոն, մարդիկ` խամաճիկներ (դիակը կոպիտ կհնչեր): Եկել է ժամանակը, որ նրանք հանդիպեն կյանքի հետ, որը իրենց բանկային, հիմնադրամային մատների արանքով սողում եւ դառնում է անորսալի: Էլբակյանի Ազատ Ճայը «փոքր մարդն է», այս հասկացության այն իմաստով, որը նա ստանում է բուրժուական հասարակարգի տոտալիտար եւ մոնոպոլիստական դարաշրջանում: Անհատականությունը կորցրած խամաճիկը վերջապես որոշում է դառնալ իր սեփական որոշումների եւ գործողություների տերը: Նա չի ուզում լինել համակարգի մարդ, այլ ուղղակի ուզում է ապրել, սիրել, զգալ: Նրա ազատությունը` ճնշող կաշկանդվածության արդյունք է: Սա ընտրություն կատարելու վերջին փորձն է:

Ինչպես Շոպենհաուերն է ասել. «Հասարակական կյանքը անվերջ խաղարկվող կատակերգություն է, եւ մարդը դառնում է այս կատակերգության պերսոնաժը, երբ նրա Գոյը հանրային բնույթ է ստանում»: Այս ներկայացման հերոսն է մարդը եւ նրա սոցիալական դիմակը: Անհեթեթ, բայց բնորոշող անունով, ինչը առանձնակի կոլորիտ եւ գրոտեսկ է հաղորդում կերպարներին: Կենցաղային ստանդարտի աղացով անցած մարդիկ` Ժան Ժավելը, Գամփռը, Շառլատան բժիշկը: Սա այն ագրեսիվ ֆոնն է, որից առանձնանում է Արմեն Էլբակյանի հերոսը: Ինչպես նկատում է Միսս Լուսին Մերկուրին (Աննա Էլբակյան) ` նրա մեջ արթնանում է ազատ ճայը ( հիշենք Ռ.Բախի նմանատիպ պերսոնաժին):

Առանձնակի ուզում եմ անդրադառնալ Աննա Էլբակյանի դերակատարմանը: Այս դերասանուհին աչքի է ընկնում բացառիկ արտիստիկ հմայքով, որը մագնիսական ազդեցություն է գործում հանդիսատեսի վրա: Ընդհանրապես Աննա եւ Արմեն Էլբակյաններ զույգը պատկանում է դերասանական արվեստի վերջին մոհիկանների շարքին, որոնց խաղը առանձնանում է իր ներքին եւ արտաքին գծանկարով: Այսօր քիչ են նման դերասանները, որոնք կարողանում են հավասարակշռել գրոտեսկի եւ հոգեբանական խաղի եզրագիծը, որոնց խոսքը համապատասխան է ժեստին, իսկ ժեստը օդը չի սղոցում (Վ.Շեքսպիր «Համլետ»): Աննա Էլբակյանի արտիկուլյացիան, Արմեն Էլբակյանի հստակ եւ իմաստային խոսքը դասական թատրոնի կարոտախտ են առաջացնում: Ներկայացումը լրացնում են այս զույգի պլաստիկ էտյուդները, որոնք «Թռցրու ինձ լուսին» երգի ջազային վարիացիաների ներքո աշխուժություն են առաջացնում հանդիսատեսի շարքերում: Բեմադրության թեմատիկ խորությունը չի ծանրացնում ներկայացման ռիթմը եւ դինամիկան, ահա ինչու այն ջազային իմպրովիզացիայի տպավորություն է գործում:

Վարպետությամբ են կրում իրենց դիմակները քաղցրիկ Քենդի- Լիլի Էլբակյանը, Ժան Ժավել - Ստեփան Շահինյանը, Բժիշկ Շառլատան-Հակոբ Հակոբյանը:

Ներկայացումը կատարում է իր առաքելությունը. այն հանդիսատեսի մտքի եւ հոգու հետ երկխոսություն է սկսում, շատ ծանոթ եւ հավերժական թեմայի շուրջ:

ՔՐԻՍՏԻՆԵ Պողոսյան

Նյութի աղբյուրը՝ https://armtimes.com/hy 27.06.2013

443 հոգի