Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

28.12.2020  19:50

Society is what decides who’s sane and who isn’t…

 Գոյություն ունեցող կարգը գլխիվայր շրջողը միշտ պետք է որոշ չափով հրաժարվի բանականությունից, անտեսի զգուշության բոլոր կոչերը, թե չէ դա հեղափոխություն չի լինի, այլ միայն բարեփոխումներ: Հին ճշմարտություն է, բայց հենց դա է պատճառը, որ պատմության մեջ ոչ մի երկրում հեղափոխությունից հետո կյանքը չի լավացել, ուղիղ հակառակը: Մեզ հայտնի չէ, թե մասնավորապես երբ է Արմեն Էլբակյանի մտքում գաղափար ծագել բեմ հանել Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպը, սակայն բեմականացման որոշ նրբություններ, տեքստային առանձին շեշտեր հուշում են, որ ռեժիսորն ու պիեսի հեղինակը հետևել է հատկապես գրական հիմքում առկա հեղափոխական մոտիվներին (ամենից վառ օրինակը գլխավորի հերոսի անունը հապավումով բացելն է Randle Patrick McMurphy=Revolution Per Minute): Գուցե 2018 թվականից հետո  հեղափոխականության գովերգումը, ռոմանտիկացումն էր արդիական հնչեղություն տալու նոր բեմադրությանը: Այսօր դրա մասին խոսելը բոլորովին այլ կողմ է տանում, ինչից խուսափելու համար ասեմ միայն, որ անձամբ իմ մեղավոր կարծիքով առանցքային գաղափարը վեպում այլ էր, այն, որ հոգեբուժարանի ներսում գտնվող մարդիկ առանձնապես չեն տարբերվում մեզնից, ինչպես բոլորը, նրանք էլ ունեն իրենց խնդիրները, լավ և վատ կողմերը, երազանքները և, ամենակարևորը, իրենք էլ են զգում ցավ, վիրավորանք, սեր: Սակայն ոչ մի դեպքում չենք հավակնում ստեղծագործողին ուղղություն տալ և ստորև փորձելու ենք դատել բեմադրության մասին այն տրամաբանության մեջ, որում այն պատկերացվել է:

 Երեք ժամ տևող ներկայացումը դիտվում է հետաքրքրությամբ, բեմական պատկերները չեն ծանրանում, ավելորդ «ռեժիսորական» տեսարաններ գրեթե չկան, անգամ հնդկացու հուշերի պատկերները չեն շեղվում ներկայացման ընթացքից: Բեմադրող ռեժիսորն ու նկարիչը (Գարեգին Եվանգուլյան) ազատ են թողել բեմի կենտրոնական մասը, կողքերից և հետևից հավաքել են պատերով և կողպված պատուհանով, խաղարկել են աթոռները, որ առաջ են բերվում հիվանդների ժողովների ժամանակ և հետ տարվում (հիշեցնելով արդի թրեյնինգները): Դերասաններն անկաշկանդ շարժվում են այս տարածության մեջ, չեն հապաղում իրենց տեղը գտնելուց, չեն կուտակվում իրար վրա և չեն կորցնում իրենց, մնալով առանց առարկայական հենարանների: Այլ կերպ ասած ռեժիսորը մանրամասնորեն աշխատել է դերասանների հետ, կառուցել երեք ժամ տևող բեմական դիրքերի պարտիտուրան և թաքնվել է դրանց հետևում: Միակ բացառությունը թերևս ՄըքՄերֆիին և Առաջնորդ Բրոմդենին հոսանքահարելու պատկերն էր, որտեղ բեմ էր իջեցվել երկտեղանոց էլեկտրական աթոռ. թե՛ առարկայական միջավայրը, թե՛ դերասանների արձագանքը կտտանքներին տանում են ֆիզիկականի կողմը, կարծես իսկապես ֆիզիոլոգիական հիվանդությունների մասին է պատմությունը: Ներկայացման սկզբին ևս մի դետալ կար, որ կասկած էր առաջացնում՝ երկու կողմերում կախված հեռուստացույցերը, որոնցով երբեմն ավագ բուժքույրը դիմում էր հիվանդներին: Կասկածելի էր, որովհետև պարզ չէր, թե ինչո՞վ են տարբերվում այդ հրահանգներն մյուսներից, որ միսս Ռեթչետը տալիս էր բեմում ներկա գտնվելով: Սակայն ֆինալում այդ սարքավորումների տեղադրումն արդարացվեց. բուժքույրը բոլորին հորդորում էր ենթարկվել կարգին, բայց ձայնի երանգը, ինտոնացիան մետաղական էին, կարծես անմարդկային մի բան կար այդ հայտարարության մեջ: Այն մի պահ հիշեցրեց Օրուելի «1984»-ի էկրաններից տարածվող զանգվածային հիպնոսի դրվագները, Ավագ Եղբոր ուղերձները, որոնց անհնար է չենթարկվել:

 Այս պատմությունը կառուցված է երեք կենտրոնական դեմքերի վրա՝ տիպիկ իրլանդացի ՄըքՄերֆին (դեր. Արմեն Մարգարյան), որ հայտնվել է հոգեբուժարանում գրեթե ինքնակամ, բանտարկության վայրում պարտադրված ֆիզիկական աշխատանքներից խուսափելու համար, նրա հակառակորդը, ավագ բուժքույր միսս Ռեթչետը (դեր. Անի Պետրոսյան) և հնդկացի Առաջնորդ Բրոմդենը (դեր. Դավիթ Գասպարյան), որի անունից է վեպում տրված պատմությունը: Ցավոք այս երեք սյուներից միայն մեկն է պահում ներկայացումն իր ուսերին՝ ՄըքՄերֆին: Կարելի է այլ կերպ պատկերացնել խռովարար իրլանդացուն, ով գիտակցելով գլխին կախված վտանգը հրաժարվում է հեռանալ, մինչև ընկերների հետ մի լավ քեֆ չանի, որոշ տեղերում կարելի է չհավատալ դերասանի անկեղծությանը, սակայն դժվար է չնկատել, որ հենց նրա հայտնվելով է բեմը (ոչ թե հոգեբուժարանը) աշխուժանում, լցվում կյանքով, իրադարձություններով: Եվ սա սյուժեի անցքերը չեն, ոչ էլ կերպարի հմայքը՝ դերասանն իր ներգրավվածությամբ բեմում հնչող յուրաքանչյուր խոսքին, իրադրություններ է ստեղծում իր արձագանքներով, ոչ թե պարզապես տրված տեքստ է արտաբերում, այլ հարաբերությունից հարաբերություն, վերաբերմունքից վերաբերմունք է անցնում: Անշուշտ կան չափի որոշակի­­­­ խախտումներ, սակայն արտիստն ընդհանուր առմամբ հասցնում է հանդիսասրահ և՛ կերպարը, և՛ պատումը:

 Պրոտագոնիս-անտագոնիստ հակադրությունն անհրաժեշտ է ոչ միայն կոնֆլիկտ ձևավորելու, այլև շատ դեպքերում իրադրությունը հասկանալի դարձնելու համար: Դերասանուհի Անի Պետրոսյանը փորձել է ստանալ անսիրտ, պաղ արյունով կնոջ կերպար, որին ձայնը բարձրացնելուն հասցնելու համար ՄըքՄերֆիից մեկ շաբաթ կպահանջվեր: Միսս Ռեթչետի մտադրությունները բարի են, նա համոզված է, որ լավագույնս գիտի, որն է լավը և որը՝ վատը, մնում է միայն անշեղորեն հետևել դրան և բոլոր մնացածին էլ բերել իր պատկերացրած կարգ ու կանոնին: Նա է այն հասարակության մարմնացումը, որը որոշելու է, թե ինչն է նորման և ում կարելի է համարել հոգեպես խախտված: Անի Պետրոսյանի ջանքերը տեսանելի են, նա ձգտում է հնարավորինս զուսպ և հստակ շարժուձև տալ իր կերպարին, ազատել խոսքը զգացմունքայինությունից, բայց արդյունքը շատ չի տարբերվում դերասանուհու այլ կերպավորումներից: Ռեթչետն ամբողջ պատումի ընթացքում երկու անգամ է ձայնը բարձրացնում, այդ երկու դրվագները ճիշտ արժևորելու համար անհրաժեշտ է մնացած տեսարաններում ապահովել պահանջված սառնությունը, մինչդեռ մենք անգամ առանձնապես ոչ կոնֆլիկտային հատվածներում էլ լսում ենք ամեն բառի էմոցիոնալ լիցքը, տեսնում ենք շարժման զսպվածության արհեստականությունը, դերասանությունը: Այս կերպարի ամբողջականությունը պարտադիր է բեմադրության հավասարակշռությունն ապահովելու համար: Այսպես, օրինակ, ՄըքՄերֆիի մասնակցությամբ առաջին խմբակային թերապիայից հետո (որն այս երկուսի հակամարտության սկիզբն էր) անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ Արմեն Մարգարյանի հերոսը որոշեց կռվի մեջ մտնել ի պաշտպանություն իր բախտակիցների: Տեքստային մակարդակում, անշուշտ, ամեն ինչ բացատրվում է, բայց դրաման վեպից տարբերվում է նրանով, որ այստեղ բավական չէ պարզապես իմանալ, հասկանալու համար անհրաժեշտ է տեսնել, լսել, զգալ: Իսկ ամենալարված տեսարանում, երբ Բիլլի Բիբիթն ինքնասպանություն է գործում, մենք չենք տեսնում Ռեթչետի երկաթյա ճնշումը երիտասարդի վրա, նրա անմարդկայնության աստիճանը և թվում է, որ իսկապես մեղավորը ՄըքՄերֆին էր, ով անպատեհ քեֆ էր սարքել, ազատ ու երջանիկ կյանքի հնարավորության պատրանք ստեղծել տղայի մոտ:

 Քեն Քիզիի վեպը գրված է առաջին դեմքով և հնդկացի Բրոմդենը պարզապես պատմիչ չէ: Համաձայն որոշ մեկնաբանությունների հենց նա է գլխավոր հերոսը, այլ ոչ թե ՄըքՄերֆին, վեպը նրա հոգեպես ամրանալու, մեծանալու մասին է, ՄըքՄերֆին միայն այն հանգամանքն էր, որ նպաստեց դրան: Ամեն ինչ տեղի է ունենում իր ներսում և փոխանցվում է ընթերցողին հենց իր ընկալման լույսի ներքո: Անշուշտ, դժվար է նման հերոսին տեղափոխել բեմ, առավել ևս երբ ըստ սյուժեի նա նաև խուլ ու համր է ձևանում և գրեթե չի խոսում: Արմեն Էլբակյանը որոշ առումով թեթևացրել է դերասանի խնդիրը. ավելացրել է տեքստեր հուշերից, նաև որոշ հատվածից բացահայտել է մյուս գործող անձանց մոտ նրա գաղտնիքը, որից հետո Բրոմդենի տեքստի քանակը համադրելի է այլ հերոսների տեքստի հետ: Սակայն որքան էլ ավելանա տեքստը, բնույթով այս հերոսը տարբեր է մնացածից և Դավիթ Գասպարյանի առաջին խնդիրը պետք է լիներ իր կերպարի գործառույթն այս պատկերի մեջ պարզելն ու մեզ հասցնելը:

 Եթե ՄըքՄերֆին և Ռեթչետը հակամարտության երկու կողմերն են, ապա Բրոմդենն այն հողն է, որի վրա և որի համար գնում է պատերազմը, նա պիտի ենթարկվի և լուծարվի հոգեբուժարանում կամ աճի, դառնա լիարժեք մարդ, հաղթահարի իր վախերն ու վերադառնա կյանք: Սրանք այն փոփոխություններն են, որ բառերով չեն երևալու, շատ ավելի նուրբ հարթության՝ հերոսի վարքագծի չնչին փոփոխությունների մեջ պիտի լինեն, ձայնի և շնչի փոփոխության մեջ: Այստեղ կարևոր է դերասանի ունակությունը բացահայտելու հերոսի խորքը գնացող շերտերը, աշխատանքը ոչ թե ընդարձակելու, այլ սուզվելու: Եթե անգամ չխոսենք կերպարի ամբողջ ընթացքի մասին, ապա ինձ անհասկանալի մնաց, թե ի՞նչ է փոխվում, երբ հանգուցալուծմանը ՄըքՄերֆիի «խրտվիլակը» խեղդելուց հետո Բրոմդենը նախ հրաժարվում է փախչելու գաղափարից, հետո հանկարծ անում է դա: Կրկնեմ՝ տեքստում ամեն ինչ բացատրվում է:

 Բրոմդենը փախավ, հետը տանելով մնացածին, գնաց դեպի իր մանկության ջրվեժները կամ, գուցե, դեպի ազատ տափաստաններ, ուր ժամանակին վայրի ձիեր են վազվզել: Սակայն Սունդուկյանի անվան թատրոնի բեմադրությունը հեղափոխության մասին էր, որի առաջնորդը տապալեց իր կռիվը և մնաց հավերժ անվասայլակում: Հերոսները շատ չէին տարբերվում դրսում գտնվողներից, նրանք խելագար չէին, գուցե հեղափոխությո՞ւնն էր խելագար:

ՎԱՍԻԼԻ Գևորգյան

1009 հոգի