Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

25.11.2020    23:57

Բարձր երաժշտություն, գունավոր լույսեր, վառվռուն հագուստներ, օդամարզիկներ, աճպարարներ, որոնք հրաշքներ են գործում. աչքիդ առաջ չքանում ու հայտնվում են առարկաներ, մարդիկ… դու պատրաստ ես հավատալ, որ այստեղ թռչում են գորգերը, կենդանիները հասկանում ու կատարում են մարդկանց հրամանները… Աշխարհում հազարավոր կրկեսներ կան, կարելի է երկար վիճել թե կրկեսի դպրոցներից որն է ավելի լավը: Բայց անվիճելի է, որ բոլորը ձգտում են վարպետության և զվարթության: Երեխաներին հրապուրում է զվարթությունն ու կախարդանքը, մեծերին՝ կատարողների սխրանքը, մտահղացումը և դրա կատարման վարպետությունը:

Կրկեսի համար նախատեսված առաջին փայտաշեն շինությունը մայրաքաղաքում կառուցվել է 1930 թվականին: Նույն այն տարածքում, որտեղ Երևանի կրկեսի ներկայիս շենքն է, և նախատեսված է եղել 800 մարդու համար: Կրկես ունենալու հասարակական պահանջն ինքնին փաստում է, որ երևանցիները կրկեսային ներկայացումների ականատես էին եղել շատ ավելի վաղ, դեռևս 1850 թվականից, երբ հյուրախաղերով Երևան էր եկել «Արամյան թատրոնը»: Այս թատերախումբը, որը բացառապես գործել է պրոֆեսիոնալ հիմունքերով, կազմավորվել էր 1846թ. Պոլսում` Հովհաննես Գասպարյանի (ծնված Կ. Պոլսում 1826թ.), գլխավորությամբ: Գասպարյանը վերակենդանացրել է վաղուց մոռացված մեր ծաղրածու–գուսանների հրապարակային զվարճալի ներկայացումները, միմոսական ու մարմնամարզական ճարպիկ խաղերը: Նա ներկայացումները հարստացրել է նոր համարներով` մնջախաղ, իրական արգելքների հաղթահարում, ուժի և հնարամտության զուգադրությամբ նույնիսկ ակրոբատիկա և լարախաղացություն: Ինքը տիրապետել է ֆիզիկական ահռելի ուժի, եղել է լարախաղաց: Հովհաննես Գասպարյանը նախկինում աշխատել է ֆրանսիացի Սյուլիեի և իտալացի Գաետանոյի կրկեսներում որպես ուժային ատլետ: Նրա առաջին ելույթը, ընկերների հետ, տեղի է ունեցել 1846 թվականին մի թուրքական խաղահրապարակում: Նույն տարում, արտիստը կազմել է իր մշտական խումբը՝ Արամյան ընկերություն անունով և հիմնել փայտաշեն թատրոն-կրկես: Գասպարյանն աչքի է ընկել թատերական համարներում առաջին դերերը կատարելու դերասանական ընդունակությամբ և շատ շուտ Օսմանյան կայսրության մայրաքաղաքում մեծ համբավ է ձեռք բերել: Պոլսում այդ ժամանակ արդեն կար երկու կրկես՝ իտալական և ֆրանսիական: Արամյան ընկերության խմբի առաջադիմող գործունեությամբ լուրջ մրցակցություն է սկսվել: Թուրք կառավարությունը, ինչպես և հայ նշանավոր ամիրաներ, ակնհայտ հովանավորել են Գասպարյանի խումբը, չխնայելով իրենց նյութական և բարոյական աջակցությունը, ինչի արդյունքում եվրոպական կրկեսները մեկը մյուսի հետևից փակվել են: Ասպարեզը մնացել է «Արամյան թատրոնին»: Հարց է առաջանում. ինչու՞ է կրկեսը կոչվել թատրոն:

«Չպետք է զարմանալ, կամ, բառից ելնելով, դիտել որպես հիմնականում դրամատիկական արվեստի երևույթ,- գրում է Հենրիկ Հովհաննիսյանը, -մինչև 1806թ. Եվրոպայում theatr են կոչվել բոլոր կարգի խաղավայրերը: 1806-ին Նապոլեոն Բոնապարտի մի հրամանագրով, այդ անունը վերապահվեց միայն դրամատիկական խմբերին, իսկ շրջանակենտրոն փակ գմբեթավոր վայրերը կոչվեցին կրկես՝ circus, այն է՝ շրջան: «Արամյան թատրոնի» հիմնադրման ժամանակ Եվրոպայում վաղուց արդեն՝ քառասուն տարի, մոռացված էր կրկեսը թատրոն կոչելու միջնադարյան սովորույթը, իսկ Պոլսում դա պահպանված էր»1: Թատրոնն ունեցել է նվագախումբ, ինչպես Պոլիս այցելող եվրոպական կրկեսները, դիրիժոր և ձևավորող նկարիչ(Հարություն Պաղտալյան): Հայտնի են դերասանների անունները. Միքայել Բամպուկճյան՝ լարախաղաց, ծաղրածու և բեմական սիրահար, Մելքոն Գասպարյան(Հովհանեսի եղբայրը)՝ լարախաղաց և ծաղրածու, Ալիքսան Սվաճյան՝ թաթարուքա և ծաղրածու, Գևորգ Չիլինկիրյան՝ պարող, միմոս, ծաղրածու և կանանց դերեր կատարող, Աղասի Մինասյան՝ ծաղրածու և «ազնվական հայերի» դերակատար: Բացառիկ ուժային ատլետ Հովհաննես Գասպարյանը նաև ծաղրածու, հերոսական դերերի կատարող՝ «դյուցազներգակ» էր: Ներկայացումները բաժանվել են չորս մասի.

1. Պարանի խաղեր (ակրոբատիկա)

2. Մարմնամարզական և ուժի խաղեր

3. Ներկայացում բեմի վրա (Ալեքսանդր Մակեդոնացու, Նապոլեոն Բոնապարտի, հայոց և այլ թագավորների կյանքից, զավեշտներ օրվա հետ կապված…)

4. Խմբական պարեր և մնջկատակ (մնջախաղ):

  Մինչև 19-րդ դարի 50-ական թվականների վերջը սա միակ թատրոնն է եղել Մերձավոր Արևելքում: 1849 թ. Պոլսի այն թաղամասում, որտեղ գտնվել է «Արամյան թատրոնը» հրդեհ է բռնկվել: Մեծ վնաս է կրել նաև թատրոնի շենքը և ներկայացումները անորոշ ժամանակով դադարեցվել են: Օգտվելով այդ հանգամանքից, Պոլսում գտնվող երևանցի մի վաճառական՝ Հակոբ աղա անունով, խմբին առաջարկել է տեղափոխվել Թիֆլիս: Թիֆլիսում թատրոնի շենք է կառուցվել, խումբը տեղափոխվել է: Նրանք արժանացել են բուռն ընդունելության: Մեկ ամսում խաղացել են ութ ներկայացում:

  1850 թվականին թիֆլիսյան ներկայացումների հաջողություններից ոգևորված, շրջագայություն է կազմակերպվել դեպի  Էջմիածին և Երևան:

  Երևանն այդ շրջանում, կարելի է ասել, նոր էր ազատվել պարսկական լծից (1828թ.): Այն եղել է արհեստագործության, այգեգործության ու մանրածախ առևտրի քաղաք: Բնակչությունը կազմված էր հիմնականում հայերից, բայց տեղացիների հետ բնակվում էին նաև պարսիկներ, թուրքեր, ռուս աստիճանավորներ: Մինչ 50-ական թվականները Երևանը նման է եղել ասիական մի քաղաքի՝ կավակերտ տներով, նեղ, ծուռումուռ փողոցներով: Գլխավոր շինություններից էին բերդը, եկեղեցիները, մզկիթները, իջևաններն ու կամուրջները: Նահանգի կենտրոն դառնալուց հետո քաղաքը պլանավորելու փորձեր են արվել: Կառուցվել են մի քանի ուղիղ փողոցներ, նոր շենքեր, նոր թաղեր, ջրավազաններ, իջևաններ: Փոփոխություններ են արվել նաև լուսավորության և արվեստի բնագավառներում: Բացվել են աշխարհիկ և հոգևոր դպրոցներ, հանրային գրադարան է ստեղծվել: Մշակութային կյանքի ակտիվացման փորձ է եղել նաև «Արամյան թատրոնի» ժամանումը Երևան: Քաղաքում, թատրոնի շենքի համար նրանց տեղ են հատկացրել «Ցախի մեյդան» կոչված թաղամասում, որը գտնվել է Երևանի բերդի փողոցի ընդարձակ հատվածում`  հրապարակ  որտեղ հավաքվել են փայտահատները՝ ցախ վաճառել կամ վարձով ձմեռվա փայտ կոտրել, որի պատճառով էլ ստացել է «Ցախի մեյդան» անվանումը:

1850 թվականի ամռանը, առաջին անգամ երևանցին պետք է ներկայացում տեսներ պրոֆեսիոնալ արտիստների կատարմամբ: «Օյինբազների» քաղաք գալու լուրը տարածվել է ամենուրեք: Քաղաքի շենքերի պատերին փակցված են եղել ազդագիր-հայտարարություններ. «Արամյան ընկերություն, Հովհաննես Գասպարյան: Հայ թատրոն-կրկես: Կ. Պոլիս»: Կրկես դիտելու ցանկությունը ժողովրդի մեջ այնքան մեծ է եղել, որ մարդիկ առանց վարձատրության մասնակցել են շենքի կառուցման աշխատանքներին, որը տևել է տասն օր: Այն ունեցել է մի շրջափակ պարիսպ, անառաստաղ, երկու դուռ, բեմահարթակ, ամֆիթատրոն՝ պարզ փայտյա այծոտն նստարաններով: Թատրոնի պատերից շատ ավելի բարձր երևացել են լարախաղի պարանները: Խումբը շաբաթական տվել է երկու ներկայացում՝ ուրբաթ և կիրակի օրերին, ցերեկով: Ներկայացման օրերը վերածվել են տոնախմբության: Կրկեսի հրապարակը ծածկված է եղել գորգերով: Ներկայացումից առաջ հնչել է զուռնա-դհոլի ձայնը, իր մոտ հրավիրելով հասարակությանը: Մոտ հազար տարբեր դասակարգի և ազգի մարդիկ զբաղեցրել են իրենց տեղերը, իսկ շատերն էլ բարձրացել են շրջակա մոտիկ և հեռավոր կտուրները լարախաղացների հնարքները անվճար վայելելու: Նրանց սահմռկեցուցիչ համարներից է եղել հրդեհի տեսարանը՝ քսան մետր բարձրություն ունեցող պարանի վրա: Մի քանի դերասան բարձրացել են պարանների վրա, վիթխարի հրդեհ սարքել և իսկույն հանգցրել:

Այս տեսարանի նկարագրությանը մենք հանդիպում ենք Գրիգոր Օրդոյանի «Հայ կրկեսային արվեստի անցած ուղին»2 գրքում (հեղինակը մեջբերումը կատարել է 1899 թ. «Արևելքում» տպված հոդվածից). «Հանդեսը վերջանալուն մոտ էր, երբ Գասպարյանի խումբն սկսավ արտասովոր պատրաստություններ տեսնել: Փայտե պզտիկ տաղավար մը շինել տված էին, զոր զետեղել էին մենզինի զույգ պարաններու մեկ ծայրը... Խումբի մեկ անդամը նյոբատճիի հագուստով, դուրս ելավ կրկեսեն և «կրակ կա» պոռալով՝ սկսավ պարաններուն մեկեն վեր ելնել: Անոր հետևեցավ ուրիշ մը, որ ջրհանի պոռու մը բռնած և չորս հոգի ալ, որոնք ջրհան առած էին ուսերին, անոնցմե ետքը կուգային ռեիզ մը և խռպալով ջուր կրող քանի մը հոգի. Բոլորն ալ խումբի դերակատարները: Այս կարգով ամենքը մեկ չվանները վեր բարձրացրած ու բավական առաջացած էին, երբ մյուս ծայրեն տղա մը բռնկցուց փայտե տաղավարը, որ իսկույն սկսավ բոցեր արձակել: Կատարյալ հրդեհի տեսարան մը, որուն ոչ մեկ բան մը կպակասեր: Խումբը այրող հյուղակեն քանի մը քայլ անդին՝ չվաններուն վրա, զետեղեց ջրհանը և ջրկիրները, զայն լցված ըլլալով, անմիջապես սկսան մարելու գործողություն ձեռնարկել, այն  աստիճան անկախ ու արագ շարժումներով, որ կարծես թե գետնին վրա կգտնվեին»: Սրանով տեսարանը չի ավարտվել: «Նա կրկին իր ընկերների հետպարանի վրա ելնելով մատաղ կատարեց ոչ մեկ մանրամասնություն մոռանալով, նույնիսկ զոհելիք ոչխարն ալ չվաններու վրա մորթելով»:  Խմբի բոլոր անդամներն էլ լավ լարախաղացներ են եղել: Միքայել  Բամպուկճյանը մի փոքրիկ տղայի ուսերին առած հետ ու առաջ է վազել պարանի վրա՝ առանց ձեռքում ձող ունենալու: Ալիքսան Սվաճյանը պարանների վրա քայլելիս երեք խնձորներ է ձեռքերի մեջ խաղացրել: Գասպարյանը տասը հոգի ուսերին է բարձրացրել, շրջել այս ու այն կողմ, ծունկի իջել ու նորից բարձրացել: Մյուս համարում նա կանգնել է բեմում, իր մոտ վազող ընկերների գոտիներից բռնել, նետել դեպի վերև, նրանք էլ պտտվելով օդում կանգնել են հատակին երկու ոտքով:

 Հրապարակում հնչել են բազմալեզու հիացական խոսքեր՝ «ապրիս», «կեցցես», «սաղոլ», «մաշշալա»…

 Երևանից խումբը մեկնել է Նախիջևան, ապա Թավրիզ:

Օգտագործված աղբյուրներ

1. Հ.Հովհաննիսյան, Հայ թատրոնի պատմություն XIX դար, երևան, «Նաիրի», 2010, էջ 46:

2. Գր. Օրդոյան, Հայ կրկեսային արվեստի անցած ուղին, Երևան, 2012, էջ 134:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

1480 հոգի