Սեղմիր
ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԱՆԿՅՈւՆ

18.11.2020    02:52

Երեւանի դրամատիկականի «Համլետ» դիտելուց հետո մի քանի օր մեղքի զգացում ունեի. ասես աչքիս առջեւ ազնվագույն մարդուն կործանեցին եւ ես ոչինչ չարի... Ահա թե ի՛նչը եւ ո՛րն է իսկական Շեքսպիրը: 1984 թ. շեքսպիրյան փառատոնից հետո մեր շեքսպիրյան բոլոր բեմադրությունները փորձարարություններ էին` ըստ Շեքսպիրի, որոնք մոռացվում էին թատերասրահը լքելուց հետո:

Պատահական չէ, որ այս «Համլետը» կյանք է առել Երդրամատիկում, ուր հետեւողական նախասիրություն է նկատվում անգլիական հանճարի հանդեպ: «Համլետի» հեղինակը Արթուր Սահակյանն է. մեր իրականության մեջ բեմադրական արտասովոր գրավումներով ճանաչված մի ռեժիսոր, որ հաճելի զարմանքի առիթներ է տվել «դժվար» հեղինակների` Իոնեսկոյի եւ Բեքեթի ինքնատիպ, համարձակ ու արդիաշունչ ընթերցումներով: Իսկ հիմա` համաշխարհային թատերգության ամենաազնիվ հերոսը, որ վաղուց է իդեալի կարգն անցել: Երկու կարծիք լինել չի կարող, որ այսօր անհնար է Շեքսպիր բեմադրել առանց կրճատումների: Ցավոք պիտի խոստովանենք, որ այսօրվա հանդիսականին դժվար է պարտադրել նույնիսկ դասական բարձր պոեզիան, շեքսպիրյան ինտելեկտուալ դատողությունները, որ հորդում են ոչ միայն գլխավոր հերոսների, այլեւ ամենադրվագային կերպարների (գիշերային պարեկներ, գերեզմանափոր) բերանից: Վճռողը բեմադրիչի ճաշակն է, հեղինակային ասելիքին ու կառույցին` նրա հավատարմությունը, շա՛տ բան: Իսկ եթե ավելացնենք, որ Արթուր Սահակյանը վճռել է ողբերգությունը մատուցել նվազագույն կրճատումով, ապա ակներեւ կդառնա, թե որպիսի՛ բարդ խնդիր է նա հաղթահարել: մեծ խնամքով կրճատված են երկխոսություններից եւ մենախոսություններից առանձին տողեր, «մտքի խաղեր», որոնցից շահում է բեմավիճակը` դառնալով առավել կենդանի ու անմիջական:

Հինգ գործողությամբ (26 տեսարան) ողբերգությունն ամփոփվել է երկու մասում, որից բազմավայր ու բազմադրվագ պատումն ընթանում է սրընթաց, հույզի ու մտքի այնպիսի հագեցումով, որ մենք շունչը պահած հետեւում ենք զարգացումներին: Կասկած չկա, որ բեմադրության հաջողությանը նպաստել է այն, որ ռեժիսորը կարողացել է միավորել բոլոր բաղադրիչները` բեմանկարիչ Կարեն Գրիգորյանի, երաժշտական ձեւավորող Աշոտ Փափազյանի, լուսային ու հնչյունա-ձայնային հնարների (Վահագն Միքայելյան) հեղինակների ջանքերն ու երեւակայությունը` ստեղծել միասնական տարածքով ու գործողությամբ մի կառույց, ուր օգտագործված է ոչ միայն ոչ մեծ բեմահարթակի, այլեւ օդի յուրաքանչյուր թիզը: Օրհասական կռիվ է ուժեղ չարի դեմ` հանուն մարդկային-բարոյական բարձրագույն առաքինությունների, եւ ողբերգականը Բախի երաժշտության եւ հատկապես «Չարչարանքներ` ըստ Մատթեւոսի» ծորուն ու խոհուն մեղեդու տակ` շարունակ սրվում ու ահագնագնում է միանյակ հերոսի` ամբողջ պալատի դեմ մեն-մենակ պայքարի իրողությամբ: Մշակված է հագուկապի, առարկաների մի համակարգ, որ համաժամանակյա լուծում ունի եւ չհեռանալով ժամանակից, մերձենում է մեզ: Իհարկե, կարեւորը բեմադրիչի գաղափարա-բարոյական եւ գեղարվեստական հաստատումների մեջ այն նոր ու թարմ դիտակետն է, որով ներկայանում են կերպարներն ու փոխհարաբերությունները: Կրճատված են որոշ կերպարներ (Վոլտիմանդ, Կոռնելիուս, Ռեյնալդո, 2-րդ գերեզմանափոր), փոխարենը ավելացել է մի քահանա, որի մասնակցությունը տարողունակ դառնալով, խորացնում է պալատական միջավայրի եւ գործելակերպի բովանդակ փարիսեցիությունը: Հոգեւոր պաշտոնյայի չեղած հեղինակությանը հարադրվում է ընդհանրապես հավատքի փլուզումը: Պալատական արնագույն պատ-վարագույրը, որ շարունակ «խաղում է», ճեղքվելով երկու կես է անում վրան դաջված հսկայական ճերմակ խաչը (ճաք` ամե՜ն ինչում): Մեծ ու փոքր կրճատումներն ու միջարկությունները չհակասելով հեղինակին, ցայտունացնում ու ամբողջացնում են բեմադրիչին առանձնապես հուզող գծերը: Առաջինը Համլետի ու մոր փոխհարաբերություններն են, ուր խաթարված բնականն է վերականգնվում մոր եւ որդու հանդիպումով: Մյուսը Համլետի ու Օֆելյայի սիրո գիծն է, որ առանձնահատուկ բանաստեղծականություն ու ողբերգականություն է հաղորդում բեմական պատումին: Երրորդը կարելի է համարել Օֆելյայի ու Լաերտի փոխհարաբերությունների նոր ընթերցումը, որ հնարավորություն է տվել Սահակյանին մի քանի գեղեցիկ ու դրամատիկ պահեր ստեղծել` դիմելով նաեւ զուգորդության: Չորրորդը, որ կարելի է կոչել բեմադրիչի յուրօրինակ ասքը, ձոնը` թատրոնին: Պալատի դավադիր ու պատիր մթնոլորտը խուժող դերասանախմբի հարթակն այնպիսի տոն, արբշիռ ուրախություն ու կյանքի գույներ շեքսպիրյան կենսախնդության ու կենսասիրության թարմաշունչ հայեցումն է բերում, որ թոքերդ բացվում են: Զուր չէ, որ այս բեմադրությունը Արթուր Սահակյանը ձոնել է մեր բեմի ամենաինքնատիպ ու պայծառ արտիստ-ռեժիսորին` Թադեւոս Սարյանին (իր պապին):

...Բայց բեմը մթնում է ու հյուսիսային ցուրտ գիշերը լուսավորվում է պարեկների` ծուխումուխ արձակող ինքնաշեն ջահերով... Վերջին գիշերները ուրվական է հայտնվել, մեկն էլ չարաճճի խաղով վախեցնում է պահակ ընկերոջը, կատակ, քրքիջ... եվ ականջ ծակող դղիրդ-ծղրտոցը` լույսի կուրացուցիչ խուրձի հետ ահուսարսափ է տարածում թատերասրահի վրա... Ուրվականին չենք տեսնում, նրա տեսքից սահմռկած պահակներն են դես ու դեն նետվում... Այս անգամ էլ նա չպատասխանեց նույնիսկ Հորացիոյի պարտադրող խոսքին: Ի՞նչ անել. չէ՞ որ նա մեռած արքայի ուրվականն է. գուցե Համլետի՞ն հայտնել. գուցե որդուն պատասխանի՞... Հաջորդ պատկերում պալատական արարողություն է. ասես օրինականացվում է նոր թագավորի եւ հին թագուհու ամուսնությունը: Բնականաբար հանդիսականն անհամբերությամբ Համլետին է սպասում-փնտրում, իսկ նա չկա: Նրան բեմադրիչը սեւ թիկնոցով ու գլխանոցով կանգնեցրել է աջում` սքեմավորների մեջ: Հետո, երբ ի պատասխան Կլավդիոսի հարցին հնչում է արքայազնի խոսքը` «Մի քիչ ավելի` քան եղբոր որդի, պակաս` քան որդի», որսում ես նրա գունատ, տխուր դեմքը... Բոլորը հեռացան, եւ միայնակ մնացած Համլետը նյարդային ցնցումով է ընդունում Հորացիոյի ձեռքի հպումը ուսին... Պրկված են նյարդերը... Լսելով ուրվականի մասին` խնդրում է գաղտնի պահել եւ միայնակ մնալով, խորհում է եւ կարծես կյանքի փոքրիկ մի կայծ է հայտնվում: «Զազիր գործերը կգան հրապարակ, թեկուզ երկիրն իսկ թաքցնե իր տակ»: «Երկիրը» փոխարինված է «դժոխքով». ինչո՞ւ: Եթե առաջին («Երանի այս պինդ, խիստ պինդ մարմինը») եւ քիչ վերը նշված մենախոսության մեջ Համլետի անհույս տրամադրությունը հասկանալի է, ապա միանգամայն անհասկանալի է մասամբ վերը հիշած եւ հետագա մենախոսություններում շարունակվող պասիվությունը: Հիշենք, որ դրանք արդեն անորոշությունը պարզած արքայազնի բավականին բազմաշերտ խոհերն ու ընդվզումներն են: Օրինակ ուրվականին տված խոստումը` թե իր հիշողության գրատախտակից կջնջի ամեն ինչ եւ լոկ նրա պատկերը կպահի... Այստեղ է, որ Համլետն իր հայտնի արտահայտությունն է անում` թե «մարդ կարող է եւ ժպտալ, եւ սրիկա լինել»: Սրան հաջորդում է մյուս մենախոսությունը` վերստին վճռական մի արտահայտությամբ. «Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, օ՜, բախտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցա, որ հենց ես ուղղեմ»: Որքան պետք է մարդ կամք եւ բարոյական ուժ ունենա` նման մեծ պատասխանատվություն ստանձնելու համար: Մյուսը` «Օհ, ինչ սինքլոր եւ ինչ գյուղացի մի ստրուկ եմ ես», ավարտվում է զայրույթի մեծ շեշտով. «պագշոտ, սրիկա, անխիղճ, անօրեն, անանուն սրիկա, օ՜հ, վրեժ»: Հիշյալ մենախոսություններում պակասում են խոսքի ու տրամադրության շերտերը, գլխավորն ու երկրորդականը զատելու երանգները: Շտապենք ասել սակայն, գործող անձանց հետ ունեցած փոխհարաբերություններում այլ է Հարությունյան-Համլետը: Ռոզենկրացի ու Գիլդենստերնի հետ նա իսկական խոսքամարտ է վարում` հումորով, սարկազմով, դերասանների հետ` ինչպես գիտակ արվեստաբան: Փոխհարաբերություններում Համլետը բավականին առնական է ու վստահ: Վայելչագեղ է Հարությունյան-Համլետը, քանդակային, շփումներում` իրատես ու անմիջական: Գերտրուդ-Էվելինա Շահիրյանը եւ Հարությունյան Համլետը բեմական խաղընկերության գեղեցիկ ու ներգործուն արվեստի իսկական դաս են տալիս: Մոր եւ որդու խաթարված ու վերականգնվող փոխհարաբերություններն անպատմելի գրավիչ են եւ լեցուն, խոսքի ենթաշերտերի հաղորդումով: Շահիրյան-թագուհին որդու թիկունքին կպած աղիողորմ լալիս է, ինչը Բախի հնչյունների հետ հնչում է իբրեւ զղջում ու հավատարմության երդում: Այս հանդիպումն է վճռում մոր հետագա արարքի ողբերգականությունը: «Համլետ»-ի նախորդ բազում բեմական ընթերցումներում եղած դիմազուրկ Գերտրուդի փոխարեն տեսնում ենք մի կնոջ, որը ինքնակամ զոհաբերության է գնում:

Դառնանք Համլետին: Սիրո խոսք չկա, սակայն այս Համլետը սիրում է Օֆելյային: Մեն մի հանդիպումով ու գրկախառնությամբ այնպես են նրանք մարում միմյանց գրկում ու մոռանում աշխարհը, որ գիտենալով պատումը` հառաչում ես: Բեմադրիչը հրաշալի է կառուցել դրվագը, եւ երկու դերակատարներն էլ (մյուսը Լիլիթ Մեսրոպյանն է), լիուլի հագեցնում են զգացումով: Համլետին փարած Օֆելյայի ձեռքերից մեկ-մեկ թափվում են Համլետի ընծաները եւ նա ինքնամոռացման մեջ լսելով ու տեսնելով դրանք, ասես օձից խայթված, ընկրկում ու ամենաժամանակակից տղեկի պես ժխտում է իր սերը եւ նախատինքներ թափում աղջկա գլխին... Երկրորդ հարվածն ու հիասթափությունը: Շարունակենք. ասես երկու տարբեր Համլետ է մեր աչքի առջեւ, մեկը անհաղորդ, որ նույնիսկ «լինել, թե չլինելն» է արտաբերում առանց գույների, անշարժ, ձեռքերը վերարկուի գրպանում, մյուսն աշխույժ, սրախոս, լուսեղեն Համլետը, որ նույնիսկ Լաերտի հետ գտնում է հաշտության եզրեր:

Բեմական պատումի առինքնող կերպարներից է Էվելինա Շահիրյանի Գերտրուդը: Արդեն ասացինք, որ մեկնաբանության շնորհիվ կերպարը դուրս է եկել գլխավոր հերոսին «զոհաբերվածի» վիճակից եւ ձեռք բերել հենց շեքսպիրյան կանանց արժանի մեկնաբանություն: Շահիրյան-Գերտրուդը ընդունել է Կլավդիոսի առաջարկը, քանզի դա հնից եկած սովորույթ էր, որ թագուհին կարող էր դառնալ նոր գահակալի կինը: Եվ որովհետեւ արքան արտակարգ քողարկված է ու սիրալիր, նրա մասին թագուհին լավ կարծիքի է ու ոչ մի կերպ չի ընկալում որդու անբարեհաճությունը: Ննջարանի տեսարանում Գերտրուդ-Շահիրյանը նույնիսկ կշտամբում է որդուն եւ հետո է նրա հոգու խորքը նայում եւ նրա աչքերով գնահատում իրերը, դիմադարձություն է ապրում: Այս թագուհին կեղծել չի կարող: Որդուց հետո հանդիպելով դեպ իրեն գրկաբաց եկող Կլավդիոսին` չի արձագանքում եւ վերջինս անմիջապես հասկանում է կատարվածը: Իհարկե, առայժմ դրանով զբաղվելու ժամանակը չէ, բայց հետո նենգամիտ արքան մեկը մեկից քստմնելի միջոցներ է որոճում Համլետին պատուհասելու համար: Ասենք, որ ինչ որ իմաստով Գերտրուդն ու Կլավդիոսը միմյանց համար «լակմուսի թղթի» նշանակություն ունեն: Ի տարբերություն շատ թագուհիների, Շահիրյանի Գերտրուդն առինքնող ու խելացի կին է, խոսքը մատուցում է գեղեցիկ ու հուզական հագեցումով եւ իր ներքին հուզախռով վիճակով պահում պատումի դրամատիկ հաշվեկշիռը, կարելի է ասել իրենով շիկացնում սուսերամարտի ամբողջ տեսարանը: Ռուբեն Կարապետյանն ամեն ինչ անում է իր հերոսի խենեշ ներաշխարհը մատուցելու համար: Նա պալատական աղտեղության, սադրանքի ու այլասերության խտացում է, նաեւ` եղբայրասպան: Առիթը բաց չի թողնում Համլետին սադրելու ու նույնիսկ վշտահար Լաերտին չի խնայում: Տեսեք թե ինչպես է տղայի ականջը մտած ասում. «Նա, որ հորդ սպանեց, հիմա էլ իմ կյանքն է ուզում»: Կարապետյանը կերպարին հաղորդում է նաեւ մշտական վախի, զգուշավորության գիծ` ասես հաստատելով, թե` չարերը հանգիստ չունեն: Վերջին տեսարանում թունավորելով գինին` լարված հետեւում է գինու գավաթի «ուղեւորությանը», քանի որ Համլետը հրաժարվեց ըմպելուց ու գավաթը մնաց սեղանին: Բայց ահա, թագուհին առավ ու մինչ ինքը կզգուշացներ` «Գերտրուդ, մի՛ խմիր», թագուհին արդեն խմեց...

Ասացինք Օֆելյայի ու Լաերտի փոխհարաբերությունների թարմության մասին: Երկու նրբին արարածներ են քույրը` Լիլիթ Մեսրոպյանը եւ եղբայրը` Գրիգոր Խաչատրյանը: Օրն ի բուն գզվում են` բարձերն իրար գլխով տալիս` բմբլահան անում: Մի ռեպլիկից պարզվում է, որ Օֆելյան եղբորն ամեն ինչ ասում է, ինչպես եւ` Համլետի հետ ունեցած մտերմությունը: Շատ կապված են քույր ու եղբայրը եւ պետք է տեսնել, թե ինչպես է Լաերտը հնազանդ նստում ու թույլ տալիս քրոջը մազերի հետ խաղալ: Մեսրոպյան-Օֆելյան եղբոր երկար մազերը հյուսում է, ոլորում ու հրճվում` ծիծաղելի պոզիկներ դնելով գլխին: Խելացնոր Օֆելյան թիկունքից մոտենում է վշտահար նստած եղբորը եւ...սովոր շարժումով առնում նրա մազերը... Մի պահ ոչ միայն Լաերտը, այլեւ դահլիճը քարանում է... Հանկարծ ու աղջկա բանականությունն արթնանա... Լաերտը ինքնամոռացման մեջ գոցել է աչքերը... Բայց Օֆելյան թողնում է եղբորն ու հեռանում... Այս Օֆելյան խելահեղ սիրում է Համլետին, ստվերի պես ծիկրակում, հետեւում է նրան եւ սյուքի պես չքանում` երբ հայտնվում են թագավորն ու թագուհին: Համլետի նախատինքից հետո Մեսրոպյան-Օֆելյան ընկնում է աթոռին ու մարում այնպես, որ հայրը կարծում է աղջիկը մեռել է: Պալատի խարդավանքին զոհ գնացին երկու երիտասարդ հոգիներ. նաեւ սա է ուզում մեզ ավանդել բեմադրիչը:

Համլետի միակ անդավաճան բարեկամ Հորացիոն «մոռացված» է Շեքսպիրի կողմից, դրա համար էլ բեմադրիչներն այդ դերը տալիս են թատրոնի սիրված ու առինքնող դերասանի (1942 թ. բեմադրության մեջ Գարուշ Խաժակյանն էր): Այս Հորացիոն տարեց, լերկ գլխով, կարծես այնքան էլ չէր համապատասխանում դրական կերպարի չափորոշիչներին, սակայն Արտաշես Ալեքսանյանի լապտերավառ աչքերից այնպիսի նվիրվածություն ու հավատարմություն է հորդում, որ զինաթափ ես լինում: Կա մի դրվագ, ուր Համլետը Օսրիկին տալիս է իր համաձայնությունը` Լաերտի հետ սուսերամարտելու: Ալեքսանյան-Հորացիոն շվար, սուր հայացքը մեխում է Համլետի աչքերին: Համլետը տրտում լռում է եւ դերակատարներն էլ առավելագույնս հագեցնում են այն` ինչ-որ տեղ հաղորդելով նաեւ ողբերգական հերոսի դատապարտվածության թեման... Այս Պոլոնիուսը եւս անսպասելի է. ավանդական ցնդած, ստորաքարշ ծերուկի փոխարեն իր արքային հավատարիմ եւ արժանապատիվ ծառայող է, Գուրգեն Անտոնյանի Պոլոնիուսը նաեւ հոգատար եւ որդեսեր ծնող է:

«Բեմ` բեմի վրա» տեսարանի նշանակությունն ավելին է, քան սոսկ թատերախմբի մասնակցություն: Ի հակակշիռ ահալի ու աղետալի պալատական միջավայրի` դերասանների հարթակը խուժում է` այնպիսի աչք զվարթացնող ծիծղուն գույներով ու երաժշտությամբ, որ բեմադրիչի հայեցումն ընկալում ես էքսպրեսիալ մտքի փարոս, իսկ գլխավոր դերասանի` Գրիգոր Գաբրիելյանի վտիտ կազմվածքը, տառապած-ապրած աչքերը, որ արտասովոր փայլ են ստանում մենախոսության պահին` բեմի նահատակի ու նվիրյալի հարգանք ներշնչող տիպար է: Շատ բեմական ու առինքնող է Նաիրա Շահիրյանի դերասանուհին. կանացի, վճիտ խոսք ու առոգանությամբ: Լուցիանոս-Վահագն Գալստյանի պաթետիկ խաղաոճը բերում է հին թատրոնի շունչը, իսկ Լուսինե Հարությունյանի ու Հրաչյա Ստեփանյանի երգերը մեղեդային առանձին փայլ են տալիս ու ամբողջացնում տեսարանը:

Չմոռանանք այս բեմադրության մյուս մասնակիցներին` Մարցելոս-Արտաշես Մխիթարյանին, Պալատական տիկին- Մարինե Գաբրիելյանին, հիշվող կերպարներ ստեղծած Արմեն Բարսեղյանին (Ռոզենկրաց) եւ Էրիկ Սարգսյանին (Գիլդենստերն): Եվ եթե պահակների դերակատարներ Արտյոմ Եղիազարյանն ու Վահան Մալխասյանն ավելի լուրջ վերաբերեն իրենց ոչ մեծ դերերին` ավելի շահեկան կլինի ներկայացման սկիզբը: Ես միտումնավոր բեմադրության վերջում թողի ամենահյութեղ կերպարը Կարպիս Շամլյանի գերեզմանափորին: Այդքան հողեղեն ու գունեղ, հավաստի ու վարպետ, համուհոտով ու կենսախինդ տիպար միայն այն հեռավո՜ր, դասական թատրոնում էինք տեսել: Շամլյանը շարունակում է մեր թատրոնի փառահեղ կատակերգակների շարքը եւ հենց այս դերով արժանավորապես բազմում Արամ Վրույրի, Արմեն Արմենյանի, Երվանդ Թոլայանի եւ Գրիգոր Ավետյանի կողքին:

... Բախի հնչյունների տակ բեմն աստիճանաբար մթնում է, եւ մահամերձ Համլետը մոտենում է ձախակողմյան բեմառաջքին ու մարում խավարում... «Մնացյալը լռություն է» չենք լսում... Փոխարենը լուսարձակն ուղղվում է թատերասրահ ու մի քանի անգամ «տնտղում» դեմքերը... Դո՛ւք եք ապրողներդ. դուք ճիշտ ապրեք. մոտավորապես այս է ուզում ասել բեմադրիչը:

Մեծ, շատ ծանրակշիռ գործ է արվել: Եվ նոր դիտակետերով ու գույներով հարստացրել է ոչ միայն դարավոր պատմություն ունեցող շեքսպիրյան երկը, այլև մեր հայկական Շեքսպիրը: Երևի այս գործի ու դեպի Շեքսպիրն արված դարձի խորհուրդն էլ սա է:

Նյութի աղբյուրը` ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 2007-06-16

ՎԱՐՍԻԿ Գրիգորյան

601 հոգի