Սեղմիր
ՖԵԼԻԵՏՈՆ

26.10.2020   02:52

Վաղուց են մտածողները կանխատեսել գեղարվեստական ձեւերի սպառվածությունը, մարդկության հոգեւոր սնանկությունը, կասկածի տակ առել նրա կուլտուրական հեռանկարը, հաստատել, որ գալիս են «միաչափ» մարդու, «ոգու սովի», ամբոխի եւ միջակության թագավորության ժամանակները: Բնականաբար, համաշխարհային այդ հոսանքից չէինք խուսափելու նաեւ մենք: Եվ այն, ինչ տեսնում ենք արդի հայ գեղարվեստական կյանքում, դրա արտահայտությունն ու ապացույցն են: Մեծ է այսօր ստեղծագործական համարձակությունը լկտիության ու սանձարձակության հետ շփոթողների թիվը. փողոցում միզող օտարերկրյա դերասանի խաղը հիացնում է մարդկանց, գրեթե ոչ մի գրական գործ զերծ չի մնում հայհոյանքից ու պոռնոգրաֆիայից, իսկ ստեղծագործողի օժտվածության որոշիչն է դարձել համասեռական լինելը: Եվ ուրեմն, «ստեղծագործող»` կուզես միզիր ու մերկացիր բեմում, կուզես թքիր ու հայհոյիր, ձեռքդ բռնող չկա: Ազատ ես, միջավայրը թույլ է տալիս ու ծափահարում: Իզուր չէ ասված, որ հայ թատրոնը, ինչպես եւ հայ գրականությունը, փողոցում ընկած հասարակական կշեռք է, որի վրա բարձրանում է ամեն մի անցորդՙ իր ծանրությունը կշռելու համար: Բարձրանում է իր կեղտոտ տրեխներով, տրորում մեր ճաշակն ու ըմբռնումները եւ նորից գլորվում ցեխի մեջ: Սա դառնում է չափանիշ` արատավոր շրջապտույտի մեջ առնելով երիտասարդներին` իմ սերնդակիցներին ու գործընկերներին: Ցավոք, այս մոլորություններն ունեն իրենց «հովանավորները»ՙ տարիքով հասուն, խելքով տհաս, օժտվածությամբ փոքր, վաստակով չնչին, եւ, այդուհանդերձ, հասարակության հարգանքն ու ճանաչումը վայելող:

Իր նմանին գրավելու եւ հիացնելու նպատակով աքաղաղը լարում է կոկորդն ու երգում, սիրամարգը ցուցադրում է պոչը, էշը` զռռում, այծը` մկկում, ոչխարը` բառաչում: Բնության զավակներից եւ ոչ մեկի մտքով չի անցնում գրավել իր ցեղակցիզ` հետույքը, կամ, առավել եւս, սեռական օրգանը ցուցադրելով: Այդ բանն անցնում է նրանց ավագ եղբոր` հայ դերասանի մտքով, որ թատրոն է կանչում հասարակությանը եւ հանգիստ ու անկաշկանդ իջեցնում ներքնազգեստը: Բեմում, անմիջապես հանդիսականի քթի տակ մերկանում է դերասանի միակ «գեղարվեստական» (եւ ոչ միայն «գեղարվեստական») արժեքը: Նայիր, հանդիսատե՛ս, ու ներշնչվիր: Բայց ահա վերջերս բեմադրված «Լոռեցի Սաքոն» ներկայացման գլխավոր դերակատարը մեզ անհայտ պատճառներով կորցնում է իր այդ արժեքը: Խե՜ղճ դերասան, ամեն ինչդ տեղն էր` ծաղիկ էլ հանեցիր: Եվ հանուն ճշմարտացիության, որ չլինի այնպես, թե հանդիսականը բավականություն չստանա, նա իր երկու հակառակ սեռի երիտասարդ խաղակիցների ու ողջ դահլիճի առջեւ ցույց տվեց իրողությունը: Դերասանուհիները ճչացին, բայց ի՞նչ փույթ. դահլիճն էր ցնծության մեջ: Էսթետիկական հաճույքի՞ց էր, թե մեկ ուրիշ բանից, դահլիճում նստածները ոգեւորվեցին ու ծափահարեցին, հիացան ու զարմացան. ի՜նչ մտահղացում, ինչպիսի՜ վճիռ: Բռավո՜, բի՜ս: Տեսածից շփոթված մի կին էլ հայտարարեց, թե հարկավոր է երկրորդ անգամ նայել` խորությունը հասկանալու համար: Ի՞նչ խորություն, տիկի՛ն, կամ ինչի՞ խորությունը: Պարոն խեղկա... օ՜, ներեցեք: Պարոն դերասան, թեպետ տգիտությանս ու հետամնացությանս պատճառով այդպես էլ չհասկացա, թե ի՞նչ կապ ուներ բեմում կատարվողը Մեծ լոռեցու ստեղծագործության հետ, բայց եւ այնպես մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր «ֆալլական» որոնումներում: Ինչքան շուտ գտնեք կորցրածը, այնքան լավ: Դուք մեզնից կազատվեք, մենք էլ ձեզնից ու ձեր օյինբազություններից: Մի՞թե պարզ չէ, ընթերցող, որ ներկայացման բեմադրիչն ու գլխավոր դերակատարը ողորմելի պատկերացում ունեն արվեստի ու նրա նպատակների մասին: Եվ կարիք կա՞ ասելու, որ բեմը սեփական սեռական օրգանները հրապարակավ զննելու վայր չէ, եւ արվեստն էլ` անառողջ սեռական կյանքն իրականացնելու, բարդույթները հաղթահարելու միջոց: Եթե սա եզակի դեպք լիներ, բացառություն, խոսքս թերեւս դիտվեր որպես սովորական մի չարախոսություն թատրոնի շուրջ:

Բեմում, սակայն, սեռական այս բրավադոն սովորական մի բան է դարձել ահել ու ջահել դերասանների համար: Եվ այս ախտով են վարակված ոչ միայն թատրոնի մարդիկ, այլեւ` գրչի: Ահա բացում եմ ինձ ծանոթ երիտասարդ մի գրողի մեկ տարի առաջ լույս տեսած գիրքը: Եվ ի՞նչ: Սեռական հակում խորթ մոր հանդեպ, մազոտ կանացի ոտքեր, ուռած ու պրկված որովայն, ցցուն պտուկներ, խանդ, հիվանդ ցանկություններ, պաթոլոգիկ զգացումներ, զուգարան, լոգարանում ջրի հետ տարալուծված արյան մեջ` դի, որ կարողանում է խոսել, սիրային ֆիլմեր, մահ ու տառապանք եւ այլն: Զգո՞ւմ եք գրքի գարշահոտությունը: Ու այս ամենն այնպիսի՜ անհավանական անհեթեթության հասնող կապի ու հարաբերության մեջ, որ վեր ես թռչում տեղիցդ` ծերուկ Լիրի խոսքերը բերանիդ. «Հիմա կխելագարվե՜մ»...

Ահա, թե ինչպես է լինում, որ առօրյա կյանքում միանգամայն նորմալ մարդը գրիչ վերցնելով հասնում է խենթության դուռն ու հետ գալիս, երբեմն էլ հետ չի գալիս, մնում է այնտեղ: Իսկ այս խեղդվածի ջատագովը, ոչ ավել, ոչ պակաս, Գրողների միության արձակի սեկցիայի վարիչն է: «Ուշադիր եղիր, ընթերցո՛ղ, հրամայում է նա, այս գիրքը մեծ ապագա է գուշակում»:

Այո՛, կասենք մենք, այնքան մեծ ապագա, որքան Ձեր ներկան է: Այս գրականությունը ոչ էքզիստենցիալիզմի, ոչ էլ աբսուրդի հետ կապ ունի. սա մի սովորական «բախչագող» է եւՙ անհաջող «բախչագող»: Մեկը չկա՞ր, որ ասեր` ա՛յ տղա, ի՞նչ ես մտնում ուրիշի բոստաններն ու այնտեղից դուրս բերում բաներ, որոնք վաղուց սպառվել ու ավարտվել են իրենց իսկ հողում: Ի՞նչ կապ ունի քո գրածը մեր ազգային խառնվածքի, էթնոհոգեբանության ու աշխարհայացքի, մեր հոգեւոր ձգտումների ու պահանջների հետ: Վերջապես, ի՞նչ կապ ունի գրածդ գրականության հետ:

Չէ, հասկանում եմ` խենթ ձեւանալն այսօր մոդա է, անհամուհոտ մարդկանց ինքնատիպ երեւալու միակ հնարը: Բայց դա էլ փրկություն չէ նրանց համար. հոգեկան շեղումները հատուկ են ոչ միայն բացառիկներին, ինչպես կարծում են մեր գրողները, այլեւ` սովորական մահկանացուներին, ասենք` քաղաքական գործիչներին, կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների պարագլուխներին, ինչպես եւ` բանվորին ու վարորդին, մսավաճառին ու կոշկակարին, որոնք հետո դառնում են քաղաքական գործիչ, կուսակցության ու հասարակական կազմակերպության պարագլուխ: Ասացեք, խնդրեմ, ո՞վ կարող է պսեւդոնորարարներին հասկացնել, որ արվեստը հիվանդություն ու զառանցանք չէ, վեր է իրեն ծնունդ տվողի անձից:

Ինչպե՞ս նրանց բացատրել, որ արվեստի շնորհիվ ստեղծագործողը հաղթահարում է իր անհատական, սուբյեկտիվ կեցության սահմանափակությունը, ճեղքում, դուրս գալիս իր հոգեկան աշխարհի նեղ ու մութ լաբիրինթոսից, անցնում վերանձնականի ու վերհոգեկանի, այլ կերպ ասած` տրանսսուբյեկտիվի ոլորտՙ կյանքի կոչելով այն ուժերը, որոնք փրկում են միջավայրը, ազգը, մարդկությունը հոգեկան ու ոգեկան տկարությունից, անխորհուրդ գոյությունից: Մտածե՞լ են նրանք երբեւէ, թե ի՞նչ են արվեստում մարդկայինն ու ապամարդկայինը, իրոնիան, բարոյականը, էսթետիկական հենակետը եւ հոգեբանական հեռավորությունըՙ որպես գեղագիտական սկզբունք: Քանի՞սն են մեզանում գիտակցում, որ կենսական հում նյութը (ապրումները, անձնական դիտումները, փորձը եւ այլն) չի տեղափոխվում արվեստ, այլ ենթարկվում է ստեղծագործական փոխակերպման, որ արվեստում պատկերվում են ոչ թե զգացմունքները, այլ դրանց մորֆոլոգիան, ոչ թե ապրումը, այլ դրա ակնարկն ու նշանը, ոչ թե առարկան, այլ դրա գաղափարն ու սիմվոլը: Հակառակ դեպքում արվեստը վերածվում է նեւրոզի, մի բան, որ տեղի է ունենում մեր նորմալ աննորմալների հետ: Ինչպես ասում են` արվեստը ծամոն չէ, որ ամեն մեկն իր բերանն առնի ու ծամի: Բայց այստեղ նայեք ու տեսեք, թե ի՜նչ դյուրությամբ է ծամում ու թքում մեր կրոնն արձակի սեկցիայի վերոհիշյալ պարոնն իր «Գիր-ղուշ» պատմվածքում. «Բա հո չե՞մ թողնի գլուխս մուֆթա ուռցնի էս ուսուցիչը (այսինքնՙ Քրիստոսը- Ա. Խ.), էսի ախր լրիվ ֆազերը գցած ա, մենակ ես չեմ ասում, իրա ծնողն էլ ա ասում, տո հենց սաղ աշխարհն ա ասում, ախպեր: Էն ագարկին ավելի ա հարգում ու սիրում, մենակ տենաս ոնց ա քնքշանում, շոյումՙ «Մարիամիկ ջան, քուր ջա, կյա՛նք, էնքան մորս նման ես... Ո՞նց ես, հեչ ի՞նչ արիք աղջկերքով, ո՞ր գյուղը մտաք, ո՞ւմ համոզեցիք, հո խաթրիդ չկպա՞ն, գիդաս չէ՞, ամեն օր քու փրկության համար աղոթում եմ հորս, կծեմ էն սիրուն թշերդ»: Ղզիկ, անլուրջ մարդ»:

Այս սրբապղծությանը գիր-ղուշային բառապաշարով չպատասխանելու համար գերադասում եմ լռել: Մտածիր ու խոսիր դու` քրիստոնեության ընդունման 1700-ամյակ տոնող հայ հասարակություն:

Կարելի է շարունակել ու համրել արատավոր այս շղթայի օղակները, բայց մի խոսեցրեք, Աստված կսիրեք, «թե չէ մի ղաչաղ կը դառնամ ես էլ...»:

Կանցնեն անառագաստ մեր ժամանակները, կգա՛ մաքրաբեր քամին ու կսրբի աշխարհի երեսից այս կեղտն ու փոշին, եւ ապագայի մարդը կշրջվի ձեր հիվանդ մտքի վիժվածքներից, կարհամարհի ձեր ապարդյուն ու անհետք գոյությունը:

Նյութի աղբյուրը`  «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 2005-01-21

ԱՐԱ Խզմալյան

687 հոգի